ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը կքննարկվի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Դավիթ Տոնոյանի՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությանը։
«Մեր խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկու անգամ այցելել է Դավիթ Տոնոյանին։ Քննարկման փուլ անցնում ենք, գուցե, այդ փուլի արդյունքում է, որ պարոն Տոնոյանն արձագանքել է և պայմաններ է առաջարկել։ Այդ պայմանների մասին մենք անպայման զրույց կունենանք», - ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով Տոնոյանի առաջարկին՝ քննիչ հանձնաժողովում բաց հրապարակային հանդիպում կազմակերպել իր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի եւ եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ: Իմ խնդիրն առաջարկելն է և նայել՝ օրենսդրությունը թույլ տալի՞ս է նման ձևաչափով աշխատանքը կազմակերպել, թե՞ ոչ։ Մենք խոսել ենք բաց նիստ ունենալու հնարավորության մասին, բայց փակ մասեր անպայման կլինեն, բացն ու փակը հանձնաժողովը կքննարկի», ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ Դավիթ Տոնոյանը քննիչ հանձնաժողովի անկողմնակալությունը կասկածի տակ է դրել, Քոչարյանն ասաց. «Կարող եմ չհամաձայնել Տոնոյանի հետ, եթե ինքը ցանկանում է գալ հանձնաողով, այստեղ կողմնակալության խնդիրը չի: Կողմնակալության խնդիրը կլուծվի, երբ որ մասնակիցները կհնչեցնեն հարցեր եւ եթե անհրաժեշտ է, դրանք հասանելի կլինեն բոլորին:
Ինքը եղել է պաշտպանության նախարար, եւ մենք շատ հանգամանքների հետ կապված հարցեր ունենք հնչեցնելու: Ովքեր եկել են քննիչ հանձնաժողով, եկել են հարցերի պատասխանելու, ոչ թե հարցեր տալու»:
Այսօր ավելի վաղ Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել՝ բացառելով իր մասնակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Փոխարենը նա առաջարկել էր իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ անցկացնել։
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։