ԱՄՆ-ն ու Եվրամիությունը՝ մասնավորապես Ֆրանսիան, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, այսպես կոչված, ազնիվ միջնորդի դեր ստանձնելու հայտեր են ունեցել։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինձ թվում է, որ նրանք ձախողել են այդ հայտերը պարզապես ստեղծված իրավիճակի պատճառով: Ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների փորձերը՝ համոզելու բոլորին, որ իրենք առաջնորդվում են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, մերժվում են իրենց պարբերական հակառուսական հարձակումներով:
Նման հայտարարությունները ամրապնդում են մեր զգացումը, որ Վաշինգտոնի և Փարիզի իրական նկրտումները պատեհապաշտ են և քաղաքականացված և ուղղված են խարխլելու ՌԴ դիրքերը: Տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի մասին հոգալն ակնհայտորեն ներառված չէ նրանց ծրագրերում»,- ասել է Զախարովան։