f

Անկախ

Մի օր կրկին հայրենի Դադիվանք վերադառնալ․ հայրենազրկված մանկավարժի երազանքը


«Իմ Շիրակ աշխարհը շատ եմ սիրում, բայց ինձ համարում եմ դադիվանքցի, որդիներս ու ամուսինս նույնպես»,- ասում է Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղի բնակիչ, 46-ամյա Շողիկ Հովոյանը։ 

Թե Հովոյանը, թե ամուսինը մասնագիտությամբ մանկավարժներ են։ 2000-ականների սկզբին մտածում էին Արցախ տեղափոխվելու մասին։ Ընտանիքով Արցախ էքսկուրսիայի գնացին ու հաստատապես որոշեցին, որ պետք է ապրեն Արցախում։ «2004-ի փետրվարն են։ Մեզ գործուղեցին Նոր Մանաշիդ գյուղ։ Այնպես ստացվեց, որ ճանապարհին Դադիվանքում կանգ առանք ու այլևս ճանապարհը չշարունակեցինք՝ մեզ այլ տեղում այլևս չէինք պատկերացնում»,- պատմում է Հովոյանը՝ հավելելով, որ եկեղեցու ստեղծած հոգևոր մթնոլորտը, գյուղն իր բնությամբ ու հյուրընկալ մարդկանցով անմիջապես հարազատ դարձան։ 

Հիշում է, որ գյուղում մեծ դժվարությամբ են հաստատվել՝ ազատ տուն չկար, ապրում էին գյուղից երկար ժամանակով բացակայող բնակիչների տանը, այդպես 4 տուն են փոխել, մինչև ի վերջո իրենց տունն են ունեցել։ «Ես ու ամուսինս դպրոցում էինք աշխատում, տունը բարեկարգել էինք, մտածում էինք հյուրատուն բացելու մասին, բայց․․․»,- պատմում է նա։ 

Հովոյանն ասում է, որ իրենց ապագան Դադիվանքում էին տեսնում, որդիներից մեկը, որ ապագա բժիշկ է, նախատեսում էր Քարվաճառում իր մասնագիտությամբ ծառայել, իսկ մյուս որդին, որ ապագա ծրագրավորող է, երազում էր հայրենի գյուղում տեխնոլոգիական դպրոց հիմնել ու ծրագրավորում սովորեցնել մատաղ սերնդին։ 

«Այնտեղ արածդ գնահատվում էր։ Ու դա խրախուսում էր, որ ուզենաս շարունակ մի լավ բան անել գյուղի ու համայնքի համար»,- ասում է նա։

 Ու հիմա, հայրենազրկումից 2,5 տարի անց Հովոյանը չի համակերպվում իրողության հետ։ Ասում է՝ կարոտում է գյուղի հետ կապված ամեն բան։ «Դպրոցի բակում աշակերտների հետ յասամաններ էինք տնկել։ Ասում էի՝ 2025-ին այստեղ յասամանների պուրակ արդեն կունենանք։ Բայց․․․ Կարոտում եմ դպրոցի ճանապարհը, եկեղեցին, մեր պատարագները,- ասում է Հովոյանը։- Այնտեղի բանջարեղենն էլ շատ համեղ էր։ Ամեն անգամ այստեղ շուկա գնալուց մեր բանջարեղենին կարոտում եմ, ոչ մի տեղ այդ համը չկա։ Այնտեղի ընկույզի համն էլ ուրիշ էր»։

Հովոյանը պատմում է, որ Դադիվանքում հագեցած ու երջանիկ օրեր էին ապրում․ ապրուստ էին վաստակում աշխատանքով և գյուղատնտեսությամբ, աշակերտների հետ պարբերաբար էքսկուրսիաների էին գնում, ծանոթանում պատմական հուշարձաններին, երեխաների հետ գետ էին գնում ու  ձուկ որսում, ապա   ընտանիքով  վայելում կարմրախայտը, որի համն անկրկնելի էր։  «Մեր լավագույն տարիներն էին,  որ երբեք չի կրկնվի»,- ասում է Հովոյանը՝ միևնույն ժամանակ հույս ունենալով, որ մի օր կրկին Դադիվանք կվերադառնա։

«Եթե յուրաքանչյուր հայ իր ուժերի ներածին չափով իր գործը լավ անի, միասնական ձգտում ունենանք, միասին դժվար ճանապարհներ անցնենք ու զոհաբերենք մեր հաճույքները, մեր ուժը ներդնենք ընդհանուր գործում, կգա այդ պայծառ ու լուսավոր օրը, երբ կհասնենք նրան, ինչին ձգտում ենք»,- ասում է նա։ 

Հովոյանի ամուսինն արցախյան 3 պատերազմների մասնակից է, ավագ որդին քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից է, իսկ կրտսերը 44-օրյա պատերազմի մասնակից՝ ժամկետային զինծառայող էր Մարտակերտում, երբ պատերազմը սկսվեց։

«Ամբողջ պատերազմի ընթացքում դուրս չեմ եկել իմ տնից ու գյուղից, ու այդպես գյուղի բոլոր կանայք։  Մենք զինվորների, դիրքերի համար ամեն օր ճաշ ենք պատրաստել և ուղարկել։  Գյուղի բոլոր կանայք տանն ինչ ունեցել են՝ պահածո, տաք հագուստ, ծածկոց, ամեն ինչ սահման ենք ուղարկել,- պատմում է նա։- Չեմ հեռացել, քանի որ մտածում էի՝   եկեղեցին մեր թիկունքում է, մեզ կպաշտպանի։ Բացի այդ, եթե իմ ամուսինը և երկու երեխաները սահմանում էին, ուրեմն ես ևս այնտեղ պետք է լինեի»։

Վերհիշելով պատերազմի մեկնարկը՝ Հովոյանը պատմում է, որ այդ կիրակի ամուսինն առավոտ շուտ դպրոց էր գնացել, աշակերտն 9-ից հետո Երևան պետք է գնար, ուստի վաղ առավոտյան էր մաթեմատիկայի պարապմունքը նշանակել․  «Ձայներ լսեցի, ոնց որ ժայռաբեկոր պոկվեր։ Մտածեցի, որ Դրմբոնի հանքից է ձայնը։ Մեր համայնքի ղեկավարի կինը մեր հարևանն էր։ Երբ տեսա, հարցրեցի, թե ինչ ձայն էր։ Ասաց՝ պատերազմ է սկսվել։ Հետո նկատեցի, որ երկնքում ինքնաթիռներ են։ Ու չգիտեմ, թե ուր էի վազում։ Հարևաններից մեկը, որի քույրը Մարտակերտում էր ապրում,  ասաց՝ Մարտակերտը չկա, ռմբակոծել են։ Այդ պահին ուզում էի խոսել, ասել, որ երեխեքից մեկը վազի դպրոց, ամուսնուս  կանչի, որ Մարտակերտ գնա, չկարողացա, լեզուս կապ էր ընկել»։

Ասում է՝ չնայած որդին քառօրյա պատերազմից հետո ասում էր, որ հնարավոր է՝ նոր պատերազմ սկսվի, ինքը չէր հավատում դրան, մտածում էր՝ Ադրբեջանում սերունդ է փոխվել, Արցախի հողում երբևէ չապրած երիտասարդ սերնդի համար Արցախն այն կարևորությունը չունի, որ դրա համար պատերազմեն։ 

«Մինչև վերջ հավատում էի, որ հաղթելու էինք։ Ու մենք չենք պարտվել։ Քարվաճառում գոնե ոչ մի թիզ չէինք զիջել։ Ինձ համար  ամենածանր լուրն այն էր, երբ ասացին, որ Շուշին ընկել է։ Մինչև հիմա էլ համոզված եմ, որ Շուշին պետք է չտայինք, քանի որ եթե Շուշին տվեցինք, Արցախը կորած է։ Իսկ Քարվաճառի հանձնումն ինձ համար աբսուրդ էր, գոնե Քարվաճառը պետք է չտայինք, քանի որ թշնամին ոչ մի թիզ այդտեղ առաջ չէր եկել»,- ասում է նա։ 

Խոսելով նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին՝ Հովոյանն ասում է․ «Գուցե ստիպված են ստորագրել․․․ պետք է բանակցային սեղանին այդ հարցը լուծվեր, ոչ թե այդպես՝ պայմանագրով։ Դրա համար եմ ասում՝ գաղափարով այնքան ուժեղ պետք է լինենք, որ կարողանանք բանակցային հարթությունում հարց լուծել։ Ու ինձ թվում է՝ 44-օրյայի ժամանակ  հնարավոր էր այդ հարցը լուծել, ոչ թե խաբել ու  անմեղ 5000 երիտասարդների զոհել»։

Հիշելով գյուղին հրաժեշտը՝ Հովոյանն ասում է, որ իր տունն իր ձեռքերով է կրակի տվել։ Ծանր էր, բայց ավելի ծանր կլիներ, եթե իր ստեղծածը թողներ թշնամուն։ 

«Նոյեմբերի 13-ին եմ դուրս եկել։ Մենք հրաժեշտ տվեցինք գյուղին, բայց ոչ եկեղեցուն, մենք հավատում էինք, որ եկեղեցին մերը պետք է մնա։ Բայց պատերազմից հետո Ստեփանակերտ գնացի, գրանցվեցի, որ եկեղեցի գնամ, թույլ չտվեցին, քանի որ տեղի բնակիչ էի եղել»,- ասում է նա։ 

Ու ներկայում Հովոյանն, ինչպես և շատերն, անորոշության մեջ է ապրում։ Հույս ունի, որ կկարողանանք դադարեցնել կորուստների շղթան ու Արցախի մեզ մնացած հատվածը գոնե հայկական պահել։ 

«Պիտի ինչ-որ փոփոխություն տեղի ունենա, որ  որևէ մեկը կարողանա բանակցային սեղանի շուրջ Արցախի հարցը լուծել, ու կորուստներ չունենանք»,- ասում է նա՝ հավելելով, որ կարևոր է նաև, որ երեխաներին մանուկ հասակից հայրենասիրություն սովորեցնենք, որ ունենանք գաղափարապես հզոր ու գիտելիքներով զինված սերունդ և այդ սերնդի կարողություններն օգտագործող պետություն, որ հանրային մակարդակով վերանա անտարբերությունը միմյանց հանդեպ, իրար նկատմամբ հարգանք ու սեր լինի։

Լուսանկարում Շողիկ Հովոյանը՝ ձախից

 

Դադիվանք Քարվաճառ Արցախի Շահումյանի շրջան կորսված հայրենիք 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Արցախ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին