Վաղը չէ մյուս օրը Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Թուրքիա՝ Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամ,ավոր Գեղամ Մանուկյանին՝ նշելով. «Պատվիրակության անդամ եք նաև դուք։ Դուք հարցնում եք՝ Ռուբեն Ռուբինյանը ինչու է գնում, մասնակցում հայ-ադրբեջանական բանակցություններին, ես էլ ձեզ հարցնում եմ՝ բա դուք ինչո՞ւ չեք գալիս մեզ հետ Թուրքիա: Գայիք, շատ լավ ամբիոն է, ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք, լիքը խնդիրներ կան,մ օգնեիք, որ մենք մեր տեսակետը տանեինք առաջ: Սա ուղիղ վերաբերում է ձեր պարտականություններին: Խնդրում եմ, եթե առիթ կլինի ասեք, թե ինչու մեզ հետ Թուրքիա չեք գալիս, որտեղ գիտեք, որ շատ բարդ կազմակերպություն է, շատ բարդ օրակարգով ու լիքը հարց ունենք լուծելու»:
Նշենք, որ մինչ այդ Գեղամ Մանուկյանը հարցրել էր, թե ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է, մասնակցում Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ հայ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականությունը և ազգային անվտանգությունը։