f

Անկախ

Ունենալ հայրենիքը ճանաչող և սիրող հասարակություն․ հայրենազրկված Անուշը  տուրիստական գործակալություն է հիմնել այս նպատակին հասնելու համար


Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից․ այս կարգախոսով է առաջնորդվում Քաշաթաղից տեղահանված Անուշ Հարությունյանի հիմնած «Անուշ թրավել» տուրիստական գործակալությունը։ Նպատակն է այնպես անել, որ իրենց հաճախորդները իրենց  աջակցությամբ բացահայտեն Հայաստանի յուրաքանչյուր անկյունը, ճանաչեն մեր պատմությունն ու հուշարձանները, վայելեն գեղատեսիլ բնությունը և այդ ամենի արդյունքում գնահատեն ու սիրեն այն հողը, որի վրա ապրում ենք։

35-ամյա Անուշ Հարությունյանն ընտանիքի հետ Արցախի Քաշաթաղի շրջանի Սարատակ համայնքում է հաստատվել 1999-ին։ Պատմում է՝ վերաբնակեցման սկզբնական տարիներին մարդիկ ոչ էլեկտրականություն ունեին, ոչ կապի միջոց, ոչ էլ անգամ արտաքին աշխարհին կապող բարեկարգ ճանապարհներ։ Բայց վերաբնակները, չնայած դժվարություններին, մնացին, զրոյից տնտեսություն ստեղծեցին, հաջողությունների հասան ու ծաղկեցրեցին իրենց բնակավայրերը։ Վստահեցնում է՝ բոլորը, այդ թվում և ինքն իր ապագան Արցախի ու Քաշաթաղի հետ էր կապում և հեռանալու մտադրություն անգամ չուներ։

Անուշը մասնագիտությամբ պատմաբան է, ամուսնացել էր համակուրսեցու հետ ու հաստատվել Քաշաթաղի հյուսիսային թևում գտնվող Միրիկ գյուղում։ Ամուսիններով ունեին իրենց տնտեսությունը, տունը, աշխատում էին դպրոցում ու միասին մեծացնում էին իրենց 3 երեխաներին, երբ վրա հասավ պատերազմը։ 

Միրիկում 2017-ին հնագետները Վանի թագավորության ժամանակաշրջանին թվագրվող հնագույն ամրոց էին բացահայտել։ Հույս կար, որ բնակավայրը կդառնա զբոսաշրջային վայր։ Այս հեռանկարը մարդկանց մոտ գյուղի ծաղկուն ապագայի վերաբերյալ հույսեր էր արթնացրել։ «Գյուղը  ծաղկում էր, բոլորն էլ գյուղի հետ ապագա էին կապում, տներ էին կառուցել, բիզնեսներ հիմնել՝  յուրաքանչյուրն իր նախասիրությանը հարմար, ոչ ոք էլ մտադիր չէր գյուղից դուրս գալու։ 

Մարդիկ ամեն բան զրոյից ստեղծել էին ու իրենց ստեղծածի վրա իրենց սիրտը ցավում էր»,- ասում է նա։ 

Անուշը վստահեցնում է՝ լայնամասշտաբ պատերազմն իր համար անսպասելի էր, միշտ վստահ է եղել, որ մեր բանակն այնքան ուժեղ է ու այնքան լավ զինված, որ հարձակվել հանդգնած թշնամուն շատ արագ իր տեղը ցույց կտա։ 

«Համոզված էի, որ թույլ չենք տա, որ ներկայիս իրավիճակի նման վիճակ ստեղծվի։ Բայց ․․․»,- ասում է նա։ Հիշում է՝ սեպտեմբերի 27-ին արթնանալուց կարճ ժամանակ անց տեղեկացել են, որ պատերազմ է սկսվել։ «Հյուսիսային թևում ձայները չէին լսվում։ Քույրս, որ հարավային թևում էր ապրում, զանգեց ու տեղեկացրեց, որ պատերազմ է։ Մի քանի րոպեից զինկոմիսարիատից զանգեցին ամուսնուս ու կանչեցին,- հիշում է նա- Օրվա ընթացքում լուրեր հասան, որ վիճակը ծանր է, զոհերը շատ են, խորհուրդ տվեցին անվտանգության նկատառումներից ելնելով գյուղից դուրս գալ, մինչև պատերազմը կդադարի։ Դուրս  եկանք, բայց չդադարեց, ավելի սարսափելի հետևանքներ եղան»։

Հայրենի դարձած Միրիկից Անուշին մնացել են հուշերն ու լուսանկարները։ «Հիմա, երբ անգամ բնության լուսանկարներն են նայում, ցավ եմ ապրում, որ ինչ ենք կորցրել, ումն է մնացել այդ դրախտային երկիրը։ Հուզվում եմ, քանի որ ապրել ու վայելել ենք այդ բնությունը, բայց այսօր հնարավորություն  չունենք այդ վայրերն անգամ տեսնելու, շատ մեծ բան ենք կորցրել»,- ասում է նա։

Խոսելով պարտության պատճառների մասին՝ Անուշն ասում է, որ պարտվեցինք, քանի որ համարժեք  պատասխան չտվեցինք թշնամուն։ «Թշնամին երկար ժամանակ էր պատրաստվել այդ պատերազմին։ Նա  ամեն ինչ հաշվարկել էր, զինվել էր, իսկ մենք ոնց որ քնած լինեինք ու չէինք սպասում, որ  թշնամին կհարձակվի»,- ասում է նա։

Անուշը պատերազմում կորցրել է եղբորը, հայրենիքը և այն ամենը, ինչ ստեղծել էր իր ողջ կյանքի ընթացքում։ «Կորուստների գնով դուրս եկանք Արցախից՝ նյութական ու մարդկային»,- ասում է նա։ 

Խոսելով Քաշաթաղը կրկին ազատագրելու հնարավորության մասին՝ ասում է, որ լավատես է, բայց․․․ « Մեծ ներդրումներ է անում թշնամին այդ տարածքներում ու դժվար թե վերադարձնի հենց այնպես։ Ես մտածում եմ՝ եթե զինվենք, համախմբվենք, գուցե ոչ մեր սերունդը, այլ հետագա սերունդները պայքարի, արյան գնով կարողանան վերադարձնել։ Միայն տարածքների արժեքն իմացողը կարող է այդ քայլին գնալ»,- ասում է նա՝ հավելելով, որ  Միրիկում գտնվող  17-րդ  դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին և  շատ այլ  մշակութային հուշարձաններ վկայում էին, որ դրանք հայկական հողեր էին։ 

Հարցին՝ արդյոք մեր հասարակությունը գիտակցում է կորստի մեծությունը, Անուշն ասում է՝ գուցե դպրոցական կրթության մակարդակում խնդիր ունենք։ «Մեր  պատմությունը պետք է լավ իմանանք ու ճանաչենք մեր տարածքները, որպեսզի մեր ունեցածը գնահատենք։ Ինչո՞ւ եմ  տուրիստական գործակալություն հիմնել, քանի որ հայրենասիրությունը հենց հայրենաճանաչությունից է սկսվում։ Պետք է քո  հայրենինքի ամեն անկյունն այցելես, ճանաչես, այդ դեպքում հաստատ կսիրես ու կգնահատես։ Մինչդեռ շատերը մինչև հնագետների պեղումները Միրիկի տեղը չգիտեին, գուցե անունն էլ չէին լսել։ Արցախի թեմային անդրադառնում են  9-րդ դասարանում, այն էլ  մի քանի էջով։ Անդրադարձ է կատարվում պատերազմին և պետական համակարգն է ներկայացվում։ Այս դեպքում  երեխան որտեղից պետք է ճանաչի իր հայրենիքը»,- ասում է Անուշը՝  սխալ քաղաքականություն համարելով ընթացիկ ամսից պատմական վայրեր այցելության մուտքատոմսերի թանկացումը։ Նա համոզված է՝ բոլոր տարիքի դպրոցականների համար մուտքն անվճար պետք է լինի։ 

Խոսելով այն մասին, թե ինչպես է տուրիստական գործակալություն հիմնել՝ Անուշը պատմում է, որ մի բարեգործական ընկերության շնորհիվ շրջայցեր է կատարել Հայաստանի գեղատեսլի վայրերով։ «Ուզում էին այդպիսով օգնել, որ Արցախից տեղահանվածները դուրս գան ծանր հոգեբանական վիճակից։ Ստացվեց։ Ու աստիճանաբար ինձ համար երազանք դարձավ, որ ես էլ այդ գործով զբաղվեմ ու մարդկանց օգտակար լինեմ»,- պատմում է նա։ Եվ հաստատակամ որոշելով, որ պետք է գնա իր երազանքի հետևից, սկսել է գրքեր կարդալ, ոլորտի օրենսդրությունն ուսումնասիրել։ Եվ մարտից սկսած «Անուշ թրավելն» արդեն իր դռներն է բացել ճամփորդել սիրող մարդկանց առջև։ Ասում է՝ ներհայաստանյան փաթեթները բոլորն ինքն է մշակել և ինքն էլ իրականացնում է՝ այդ հարցում օգնել է պատմաբանի մասնագիտությունը։ Արտագնա տուրիզմի հարցում դեռևս այլ տուրիստական ընկերությունների հետ համագործակցություններով են աշխատում, այս ոլորտում դեռ նոր պետք է կայանան։ 

«Մեր առաջին տուրը եղել է դեպի Բջնի, հաջորդը Գառնի/Գեղարդ ուղղությունն է եղել, ապա Ազատի ջրամբարը»,- ասում է նա՝ հավելելով, որ ունեն տուրեր թե դպրոցականների, թե մեծահասակների համար, կազմակերպում են թե քայլարշավներ, թե ջիփ-տուրեր, ունեն առաջարկ ամեն նախասիրության տեր մարդու համար։ 

«Քանի որ գերշահույթ ստանալու նպատակ չեմ հետապնդում, աշխատում եմ հնարավորինս մատչելի գին առաջարկել տուրերի համար։ Կարևորում եմ նաև ազնվությունը հաճախորդների հետ աշխատանքում»,- ասում է Անուշը։ 

Նա շեշտում է՝ նախատեսում են իրենց ընկերության ստացած եկամտի 5 տոկոսն ուղղել «Հայ» ասոցիացիային, որն էլ իր հերթին ֆինանսավորում է անպտուղ զույգերի հիվանդանոցային ծախսերը։ «Եղբայրս երազում էր շատ երեխաներ ունենալ։ Չհասցրեց, մեկն ունի միայն։ Այսպես փորձում եմ նրա երազանքը կատարել։ Բացի այդ, որքան շատ հայ մանուկներ ծնվեն, որքան շատանանք, այնքան հզոր կլինենք»,- ասում է Անուշը։

Նա համոզված է՝ անպայման հաջողելու է և իր լուման է ունենալու թե հայերի, թե օտարերկրացիների շրջանում Հայաստանի ճանաչումը մեծացնելու հարցում։ 


 

կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Արցախ Քաշաթաղ 44-օրյա պատերազմ տուրիստական գործակալություն Հայաստան կյանքը զրոյից

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին