f

Անկախ

Հին ու Նոր  Էրքեջների կարոտով․ կրկնակի հայրենազրկման մի պատմություն


«Հեռանալուց առաջ տունս չեմ այրել, չկարողացա։ Մի ամբողջ օր գյուղում շրջել եմ, վիդեոներ ու լուսանկարներ եմ արել, բանկայով հող եմ հետս բերել։ Իհարկե, չեմ կարող ասել, որ դա բավարար է կարոտն առնելու համար, բայց․․․Հիմա էլ ապրում ենք հույսով, որ մի օր մեր գյուղ կվերադառնանք»,- ասում է Արցախի Շահումյանի (Քարվաճառ)  շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 50-ամյա Արմինե Հովհաննիսյանը։ 

Նա արմատներով Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղից է։ 1992-ին Շահումյանի անկումից հետո Արմինե Հովհաննիսյանն ընտանիքի հետ հաստատվել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում։ Երբ ազատագրված Քարվաճառն անվանակոչվել է Նոր Շահումյան ու սկսվել է շրջանի վերաբնակեցումը, Հովհաննիսյանը եղբոր հետ հաստատվել է ազատագրված հայրենիքում։ «2000-ին Նոր Շահումյանի շրջանի վարչակազմից առաջարկ եղավ այնտեղ հաստատվելու և նոր գյուղ հիմնելու։  Եղբորս հետ որոշեցինք Նոր Շահումյանի շրջանում Նոր Էրքեջ հիմնադրել, որ մեր գյուղի անունը մնա»,- հիշում է նա։ Պատմում է՝ եղբայրը քարոզչական աշխատանք է ծավալել, հավաքագրել և հին էրքեջցիներին, և պարզապես նորաստեղծ գյուղում հաստատվել ցանկացող ընտանիքների ու միասին տեղափոխվել են Նոր Շահումյան։ «10 ընտանիքով հաստատվեցինք գյուղում, հետո վերաբնակեցումը շարունակվեց։ Երիտասարդ ու բազամազավակ  ընտանիքներ էին, դպրոցահասակ երեխաներ շատ ունեինք։ Ուստի 2003-ից գյուղն արդեն դպրոց ուներ մոտ 40 աշակերտով։ Ինձ էլ նշանակեցին դպրոցի տնօրեն»,- պատմում է Հովհաննիսյանը։

Խոսելով գյուղի մասին՝ Հովհաննիսյանն ասում է, որ ապրելու համար շատ հարմար վայր էր՝ ուներ հարուստ ու գեղատեսիլ բնություն, գտնվում էր Թարթառի (Տրտու) ափին։ Մարդիկ զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ։ Անտառներն էլ լեցուն էի պոպոքի, պնդուկի, զկեռի ծառերով ու թփերով, մարդիկ բերքը հավաքում էին, վաճառում ու ապրուստ վաստակում։ 

«Սկզբում գյուղում շատ դժվար էր կյանքը, լույս չկար, կոմունալ որևէ հարմարություն չկար։  Բայց քիչ-քիչ զարգացավ գյուղը, հոսանք ունեցանք, հետո հեռախոսակապ, ինտերնետ կապ։ Մշակութային ակտիվ կյանք ուներ գյուղը, Երևանի հետ սերտ կապ ունեինք, մայրաքաղաքից պարբերաբար գործիչների էինք հյուրընկալում, օրինակ՝ Գուսան Հայկազունին, ապրիլյան պատերազմի հերոսների ծնողներին»,- ասում է Հովհաննիսյանը։

Իսկ ռուսաստանաբնակ էրքեջցիները գյուղում հուշարձան էին կառուցել, որտեղ ամեն տարի հունիսի 13-ին՝ Շահումյանի անկման օրը, հավաքվում էին հին ու նոր էրջեջցիներով ու հիշում կորսված հայրենիքը։ 

«Երբ Սոթք-Քարվաճառ ճանապարհը  կառուցեցին, հիմնական ճանապարհն արդեն մեր գյուղով էր անցնում, ճանապարի վրա խանութներ, սննդի կետեր բացվեցին, կյանքն ակտիվացավ, գյուղը զարգացում էր ապրում»,- պատմում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գյուղը զբոսաշրջիկների կանգառներից մեկն էր դարձել։ 

Գետի վրա կախովի մետաղական կամուրջ էր կառուցվել, որ բնակիչները կարողանային գետն անցնել ու անտառից բերք հավաքել։ Բայց կամուրջն այնքան գեղեցիկ էր, որ անցնող մեքենաները պարտադիր այդ հատվածում կանգնում էին, մարդիկ հիանում էին տեսարանով, ապա բնության գրկում սնվում ու նոր շարունակում իրենց ճանապարհը։ 

Խոսելով դպրոցի և գյուղի երեխաների կրթվելու հնարավորությունների մասին՝ Հովհաննիսյանն ասում է, որ բնագիտական առարկաների դասավանդումն էր բարդ, քանի որ համապատասխան լաբորատորիաներ ու պայմաններ չունեին։ «Բայց մեր գյուղացիները կապված էին հող ու ջրի հետ, կապված էին համայնքի հետ, ու դրա շնորհիվ  ամեն խնդիր հեշտ էինք հաղթահարում»,- ասում է նա՝ հավելելով, որ ամեն տարի միջինում 3-4 շրջանավարտ էին ունենում, նրանցից առնվազն երկուսը շարունակում էին կրթությունը բուհերում։ 

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Հովհաննիսյանն ասում է, որ այն սպասելի չէր իրենց համար։ «Սեպտեմբերի 27-ը կիրակի էր։ Այդ օրը գյուղում համայնքի ղեկավարի ընտրություններ էին։ Ընտրատեղամասը դպրոցում էր, ես էլ ընտրական հանձնաժողովի անդամ էի։ Առավոտյան 7-ին նիստ գումարեցինք, վիճակահանություն արեցինք։ Հետո սուրճ դրեցինք։ Դեռ մի կում չէինք արել, դըմփոցները լսվեցին»,- հիշում է նա։ Երբ պարզվել է, որ պատերազմ է սկսկվել, ընտրությունները դադարեցվել են։ 

«Եղեգնուտ գյուղի մոտի  զորամասը պայթեցվել էր, Քարվաճառը շրջափակված էր։ Այլընտրանքային դժվարանցանելի ճանապարհով ժողովուրդը գյուղից դուրս եկավ, իսկ հաջորդ օրը մերոնք դիրքերը հետ բերեցին։ Ու մինչև վերջ Քարվաճառն անառիկ պահեցին»,- ասում է նա։ 

Վստահեցնում է՝ չնայած գյուղից դուրս է եկել համոզմունքով, որ մի քանի օրից վերադառնալու է, բայց պատերազմի մեկնարկից մեկ շաբաթ անց արդեն կռահում էր, թե ինչ է տեղի ունենում։ 

«Արծրունի դեմքը տեսնելիս  հասկանում էի, որ «հաղթելու ենք»-ը սուտ է, հողերն էլ ծախված են»,- ասում է նա։ Հարցին՝ հույս ուներ արդյոք, որ արյամբ անառիկ պահված Քարվաճառը գոնե հայկական կմնա, Հովհաննիսյանը պատասխանում է․ «Չգիտեմ, թե ինչ հույս ունեի։ Բայց պատերազմի կեսից հասկացել էի՝ մենք այնպիսի իշխանություններ ունենք, որ պատերազմի պարտությունը ծրագրաված էր։  Մենք պարտվեցինք, քանի որ այդպես էր ծրագրված, պետք է պարտվեինք, որ հողերը հանձնեինք»։

Երկու անգամ հայրենազրկվելուց հետո Հովհաննիսյանը լավատեսությունը չի կորցրել։ Ասում  է՝ «եթե  այսպիսի իշխանություն չունենանք, միգուցե լավ կլինի վերջը»։ 

Նա համոզված է՝ կորուստների շղթան դադարեցնելու և մեզ մնացած հայրենիքը հայկական պահելու համար երկու պայման է պետք։ «Ունեցածը պահելու համար պետք է, որ ազգը միավորվի։ Բացի այդ, իմ կարծիքով՝ առաջին հերթին մեզ պետք է իշխանափոխություն, ազգային ուժեր պետք է ղեկավարեն երկիրը»,- ասում է Հովհաննիսյանը՝ միևնույն ժամանակ որպես անհանգստացնող երևույթ մատնանշելով,  որ մարդկանց մոտ  չի տեսնում հայրենիքի կորստի գիտակցումը, մարդիկ չեն տեսնում ու չեն զգում, թե ինչ է կատարվում։ 

«Բայց ամեն դեպքում ես լավատես եմ ու հույս ունեմ, որ լավ կլինի»,- ասում է նա։ 

 

կորսված հայրենիք Քարվաճառ Արցախի Շահումյանի շրջան խմբագրի ընտրանի Արցախ 44-օրյա պատերազմ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին