Երկուշաբթի՝ մայիսի 15-ին, կաշառք ստանալու պահին կալանավորվել է Ուկրաինայի Գերագույն դատարանի ղեկավար Վսեւոլոդ Կնյազեւը։ Այս մասին տեղեկացրել են միանգամից մի քանի ուկրաինական ԶԼՄ-ներ՝ հղում կատարելով Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ԱՀԿԲ) աղբյուրներին։ Պարբերականների տվյալներով՝ իրավապահներն արձանագրել են մոտ 3 մլն դոլարի չափով կաշառքի ստացման պահը։
ZN.ua-ի տվյալներով՝ Կնյազեւը փողն ստացել է այն մարդկանցից, որոնք կողմ էին հօգուտ օլիգարխ Կոնստանտին Ժեւագոյի վերաբերյալ դատարանի կայացրած որոշմանը։ Ինչպես նշել է պարբերականը, Գերագույն դատարանի ղեկավարի կալանավորման ֆոնին եւս 18 դատավորների խուզարկություններ են կատարվում։ Գերագույն դատարանում հայտարարել են, որ «Վսեւոլոդ Կնյազեւի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված»՝ մայիսի 16-ին տեղի է ունենալու պլենումի արտահերթ նիստ։
ԱՀԿԲ-ի հայտարարությունում, իր հերթին, նշվել է, որ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության հետ համատեղ մերկացվել է «մասշտաբային կոռուպցիա Գերագույն դատարանում», մանրամասներ, սակայն, չեն նշվել։