Իլոն Մասկը ներողություն է խնդրել Ջորջ Սորոսին «Իքս մարդիկ» ֆրանշիզայի չարագործ Մագնետոյի հետ համեմատելու համար։ Այս մասին գործարարը գրել է Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում։
«Ցանկանում եմ ներողություն խնդրել այս գրառման համար»,- Սորոսի մասին հրապարակման մեջ գրել է Մասկը։ «Դա անարդարացի էր Մագնետոյի նկատմամբ», - հեգնանքով նշել է գործարարը:
Այս շաբաթվա սկզբին Իլոն Մասկը հայտնել էր, որ միլիարդատեր Ջորջ Սորոսն իրեն հիշեցնում է Մագնետոյին, ով, ըստ կոմիքսների սյուժեի, կոչ էր անում մուտանտներին ոչնչացնել մարդկանց։ Նա հավելել է, որ ոմանց կարող է թվալ, թե Սորոսը բարի մտադրություններ ունի, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։
«Նա ցանկանում է ոչնչացնել քաղաքակրթության բուն էությունը: Սորոսն ատում է մարդկությունը»,- այն ժամանակ ասել էր Մասկը:
Մագնետոն Marvel Comics-ի հրատարակության կոմիքսների կերպար է, պրոֆեսոր Չարլզ Քսավյերի եւ նրա Իքս մարդկանց թիմի երդվյալ թշնամին։ 2009 թվականին Մագնետոն զբաղեցրել է առաջին տեղը IGN-ի «կոմիքսների 100 մեծագույն չարագործները» ցուցակում։