f

Անկախ

«Այս օրակարգը, որ այսօր տանում են, կեղծ լուծումն է, իրական լուծումը չէ, որը ժողովուրդն է ուզում»


«Մարդը, որ մի հողակտոր է ունենում, առաջին հերթին այն ցանկապատում է, որ հարևանի անասունը կամ ավտոմեքենան իր հողատարածք չմտնի։ Իսկ այսօր մենք ասում ենք՝ եկեք մեր սահմանները բաց պահենք, ոչինչ չանենք ամրացնելու համար,  հարևանին կասենք, զգույշ կլինի, չի մտնի մեր հողատարածքը։ Մինչդեռ  մեր հարևանը վայրենի է, չի հասկանում ասվածը։ Դրա համար էլ այսպիսի վիճակում ենք»,- մեկնաբանելով ներկայում Հայաստանի սահմաններին ստեղծված վիճակը՝ ասում է Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառի բնակիչ, շրջանի Կրթության և սպորտի բաժնի պետ  Խորեն Վարդանյանը։

  ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը Վարդանյանը բացատրում է մաթեմատիկայի միջոցով։ «Մաթեմատիկայում կան հավասարումներ, որոնց համար վերջում երկու լուծում է ստացվում։ Ստացված լուծումները համեմատում ես տրված պայմանների հետ, պարզվում  է, որ մի լուծումը չի բավարարում պայմանները, կեղծ լուծում է։ Այս օրակարգը, որ այսօր տանում են,  կեղծ լուծումն է, իրական լուծումը չէ, որը ժողովուրդն է ուզում»,- ասում է նա։

Նա համոզված է՝ պետք  է ոչ թե ամեն գնով հասնել խաղաղության, այլ մտածել անվտանգություն ստեղծելու մասի․ «Դա  չեն անում մեր իշխանությունները։ Իրենք գերադասել են կեղծ լուծումն առաջ տանել, քան թե հնարավորություն ստեղծել իրական լուծումը գտնելու համար»։ 

Վարդանյանը վստահ է՝ եթե բոլորը՝ շարքային քաղաքացուց մինչև իշխանավոր, իրենց գործը լավ ու նվիրումով անեն, ի վերջո կգտնվի մի ճիշտ քաղաքական լուծում, որը հնարավորություն կտա որոշակի խաղաղ ժամանակահատվածում գործունեություն ծավալել, ոտքի կանգնել, պետությունը հզորացնել, որ հետագայում կարողանանք մտածել Քաշաթաղ, Քարվաճառ, Շուշի ու հայրենիքի մնացյալ կորսված հատվածներ վերադառնալու մասին։ 

«Մենք 100 տարի երազում ենք Արևմտյան Հայաստանի մասին, բայց դա այդպես էլ մնում է երազանք։ Մեր  վերջին հարյուրամյակների պատմության ընթացքում ընդամենը մի Արցախ էինք ազատագրել, ցավոք, դա էլ չկարողացանք պահպանել, քանի որ ընչաքաղցությունը հաղթեց, մենք նյութականը գերադասեցինք ամեն ինչից,- ասում է նա։- Կցանկանամ, որ մեր ժողովուրդը վերջապես գիտակցի, որ ամեն ինչ  փողով չի  որոշվում»։

Վարդանյանը կարևորում է, որ հայությունը միասնական լինի, հասկանա, որ չկա ուրիշի ցավ կամ ուրախություն, հարևանիդ, հայրենակցիդ ցավն էլ, ուրախությունն էլ քոնն են։

«Դա պետք է վերևից քարոզչությամբ լինի, հեռուսաեթերով շարունակ այդ գաղափարը հնչի,- ասում է նա։- 1996-ին, երբ առաջին անգամ ոտք դրեցի Ակնաբերդ, այդ ժողովրդի միասնականությունն ինձ մի այլ կարգի ոգևորեց, նաև դրա համար որոշեցի մնալ։ Ինչ առիթ լիներ, բոլորը մի մարդու նման մասնակցում էին՝ ուրախություն լիներ, թե տխրություն»։

«Մենք  մեր ապագան Քարվաճառի հետ էինք կապում»

50-ամյա Խորեն Վարդանյանը ծնունդով Գավառի Գանձակ գյուղից է։ 1996-ին որպես բարձրագույն կրթությամբ երիտասարդ՝ գործուղվել է դասավանդելու Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում։ Գործուղման ժամկետի ավարտից հետո Վարդանյանը որոշել է մնալ ազատագրված Արցախում ու իր գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել հայրենիքի այդ հատվածի զարգացմանը։ 

«Ակնաբերդ մեկնելիս առաջին անգամ էի Արցախ ոտք դնում,- հիշում է նա։-  Բայց հետո որոշեցի՝  ինչ տարբերություն, թե մեր հայրենիքի որ մասում եմ բնակվում, ավելի լավ է բնակվեմ այնտեղ, որտեղ իմ  կարիքն ավելի է զգացվում։ Այդպես մնացի։  2 տարի հետո նշանակվեցի դպրոցի փոխտնօրեն։ Իսկ  2000թ․ հունվարից շրջանի վարչակազմում բացվեց կրթության բաժինը,  և ինձ առաջարկեցին աշխատել այնտեղ  որպես գլխավոր մասնագետ։ Այն ժամանակ արդեն ամուսնացել էի։ Կնոջս հետ  տեղափոխվեցինք շրջկենտրոն Քարվաճառ»,- պատմում է Վարդանյանը՝ հավելելով, որ վարչակազմում տարբեր պաշտոններում է աշխատել, իսկ 2010-2020թթ․ եղել է Շահումանի շրջանի Կրթության և սպորտի բաժնի պետը։ 

Հիշելով, թե ինչպես են Քարվաճառում հաստատվել ու տնտեսություն ստեղծել՝ պատմում է, որ ամեն ինչ զրոյից են սկսել․  «Փառք Աստծո,  և մենք, և տեղի բնակիչները միասնական ուժերով հաղթահարեցինք այդ դժվարությունները, և մինչև պատերազմը  շրջանն արդեն կայացած էր, ուներ գրեթե բոլոր հարմարությունները։ Իհարկե, էլի կային խնդիրներ, բայց դրանք համեմատելի չէին այն խնդիրների հետ, որոնք սկզբնական փուլում կային»։

Հարցին, թե ինչն էր իրենց և մյուսներին պահում Քարվաճառում, չնայած դժվարություններին, Վարդանյանը պատասխանում է, որ բնակչության մեծ մասն այնտեղ էր ապրում ու արարում հայրենասիրությունից դրդված։ «Այդ տարածքների հանդեպ տիրոջ զգացողություն ունեինք։ Մինչև հիմա էլ մեզանից ոչ մեկը չի կարողանում պատկերացնել, որ այդ հողը կարող է այլևս հայկական չլինի։ Մենք համարում էինք՝ եթե մեր եղբայրները, ընկերներն  իրենց կյանքի գնով վերջապես ազատագրել են մեր հայրենիքի մի կտորը, մենք էլ պարտավոր ենք շարունակել իրենց գործը՝ այնտեղ բնակվելով ու տարածքը շենացնելով»,- ասում է նա։

Խոսելով շրջանի կայացման մասին՝ Վարդանյանը պատմում է, թե ինչպես ու ինչ դժվարություններով են կայացրել կրթության բաժինը, կազմակերպել շրջանի բնակիչ երեխաների կրթությունը։ 

«2000-ին, երբ կրթության բաժինը բացվեց, մենք ունեինք ընդամենը մի քանի դպրոց շրջանում։ Իսկ  2020-ին Քարվաճառ քաղաքն ու շրջանի 15 գյուղերն ունեին  իրենց դպրոցները, որոնցից 5-ը հիմնական, իսկ 11-ը միջնակարգ էին։ Բացառությամբ Խարխափուտի դպրոցի, որը հարմարեցված շինություն էր իրենից ներկայացնում, մնացած դպրոցներն ունեին հարմարավետ դպրոցական շենք իրենց գույքով, սարքավորումներով։ Եթե սկզբնական տարիներին մանկավարժական կադրերի պակաս կար, ապա վերջին տարիներին  բոլոր դպրոցները համալրվել էին մասնագետ կադրերով։ Ունեինք նաև սպորտդպրոց 8 խմբերով։ Մեր սաները  մնացած շրջանների դպրոցականների նման մասնակցում էին և օլիմպիադաների, և տարբեր մրցույթների  և հաջողություններ ունեին»։

Վարդանյանը հիշում է՝ սկզբնական տարիներին մի ծառայողական «Նիվա» մեքենա ունեին, օրերով ու շաբաթներով գյուղից գյուղ էին շրջում դպրոցներ հիմնելու, կրթական գործընթացը կազմակերպելու համար։ «Տեղեր կար, որ բնակիչներին  էինք խնդրում մի քանի սեղան-աթոռ հատկացնել, որ մի հարմարեցված շինության ներսում դասասենյակ բացենք, այնտեղ սկսվի ուսումնական գործընթացը, մինչև դրա հիման վրա դպրոց կզարգանա։ Բնակչության ու վարչակազմի ղեկավարության աջակցությամբ և մեր ջանքերի շնորհիվ կարողացանք 2000-2003 թվականներին դպրոցների քանակը հասցնել 13-ի։ Այնուհետև ընթացել է դպրոցական շենքերի վերանորոգման, նոր շենքերի կառուցման,  դպրոցը մասնագետ կադրերով համալրելու, նյութատեխնիկական բազա  ստեղծելու գործընթացը»,- պատմում է նա։

Խոսելով դասավանդման որակի մասին՝ Վարդանյանն ասում է, որ իրենց շրջանավարտները բարձրագույն կրթություն ստանալուց հետո համալրում էին մանկավարժների, ոստիկանների, փրկարարների, բուժաշխատողների և այլ մասնագետների շարքերը Շահումյանի և Արցախի այլ շրջաններում, ինչը նշանակում է, որ մրցունակ կրթություն են ստացել։

«Մենք  մեր ապագան Քարվաճառի հետ էինք կապում։ Ես ու իմ նման բազմաթիվ մարդիկ երբևէ չենք պատրեկարցրել, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Քարվաճառը թողնենք ու այլ տեղ տեղափոխվենք։ 3 երեխա ունեմ ու երեխաներիս ապագան էլ Արցախում էի տեսնում։ Ավագ որդիս  հիմա ծառայում է Արցախի պաշտպանության բանակում»,- ասում է նա։

«Մեր հայրենիքի մի կտորը, մեր սրտի մի մասնիկը թողնելով այնտեղ՝  ստիպված դուրս եկանք»

Հարցին՝ սպասելի էր արդյոք պատերազմը, Վարդանյանն ասում է՝ բոլորն էլ գիտեին, որ վաղ, թե ուշ պատերազմ է լինելու։ Բայց անսպասելի էր պատերազմի մասշտաբը և պարտությունը։ 

Հիշելով պատերազմի մեկնարկը՝ Վադանյանը պատմում է, որ սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտից երգի-պարի խումբ էին հյուրընկալել, որը դպրոցականների համար ելույթ պետք է ունենար։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումը բացօթյա էին կազմակերպել։ «Թույլ անձրև էր մաղում։ Բայց մենք այնքան ոգևորված էինք, որ անձրևը չխանգարեց։ Իսկ կիրակի պետք է հանգստանայինք։ Բայց վաղ առավոտյան  արթնացանք պայթյունների ձայներից։ Երբ  իմացանք, որ պատերազմ է, գնացի վարչակազմի շենքի մոտ՝ հասկանալու, թե ինչ պետք է անենք, ով ինչ հանձնարարություն ունի»,- հիշում է նա։ 

Պատմում է, որ Եղեգնուտի զոմարասից երկու վիրավոր էին Քարվաճառի հիվանդանոց տեղափոխել, բայց այնտեղ անհրաժեշտ բուժօգնության համար բավարար պայմաններ չկային։ Ինքն իր մեքենայով երկու վիրավորներին Վարդենիսի հոսպիտալ է հասցրել։ Իսկ վերադարձի ճանապարհին իմացել, որ Քարվաճառի հրետակոծման վտանգ կա և երեխաներին ու կանանց տարհանում են։ Ծնողներին ու երեխաներին անվտանգ տեղ է տեղափոխել ու Քարվաճառ վերադարձել։ 

«Պարտությունն անսպասելի էր մինչև նոյեմբերի սկիզբը։ Նոյեմբերի 2-3-ին  Ստեփանակերտում էի։ Երբ տեսա, թե ինչ վիճակ է, նոր զգացի, որ պարտությունն անխուսափելի է։ Բայց էլի չէինք հավատում դրան, մտածում էինք, որ դա վերջը չէ, որ բեկում կլինի։ Սպասելի չէր նաև, որ Քարվաճառը կհանձնվի, քանի որ այն անառիկ էր։ Երբ նոյեմբերի 10-ին զանգեցին ու ասացին պայմանագրի մասին, չէի կարողանում հավատալ, մտածում էի՝  սխալ եմ լսել,- ասում է նա։ 

«Այդ չարաբաստիկ լուրը ստանալուց հետո, ծանրը թողած, թեթևը վերցրած, չգիտեմ ինչպես դուրս ենք եկել։ Այդ պահին  ոչ մի բան աչքներիս չէր գալիս, որովհետև էականն այդ նյութականը չէր, էականը մեր տարիների ստեղծածն էր,  մեր կյանքի գնով, մեր երիտասարդ տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված ու կայացած  շրջանն էր։ Մեր հայրենիքի մի կտորը, մեր սրտի մի մասնիկը թողնելով այնտեղ՝  ստիպված դուրս եկանք, քանի որ այդ ժամանակ  ուրիշ ոչ մի բան անել հնարավոր չէր»,- ասում է նա։ 

Հարցին՝ հրաժեշտ տվել է արդյոք Քարվաճառին, բացասական պատասխան է տալիս․ «Քարվաճառին հրաժեշտ չեմ տվել, չկարողացա։ Հույս ունեմ, որ գոնե խոր ծերության մի անգամ էլ կկարողանամ տեսնել, նոր․․․ Ռեալիստ եմ, դժվար է լինելու Քարվաճառն ու մնացած տարածքները հետ բերելը, բայց հավատը կա, ուզում եմ հավատալ։ Չի կարող էդքան դաժան լինել ամեն ինչ, որ այդ ամեն զրկանքներից հետո  մեր հերոսների թափած արյունը չորանա այդ հողի վրա ու այդ տարածքներն այլևս մերը չլինեն։ Ուզում եմ հավատալ, որ նորից մերն են լինելու։ Իհարկե, միայն ռազմական ճանապարհով է դա լինելու, մեզ ոչ ոք նվեր չի տալու այդ հողերը»։

Խոսելով պատերազմում պարտության պատճառների մասին՝ Վարդանյանը երկու պատճառ է մատնանշում՝ համախմբվածության պակասը և լուրերը, որ «հողերը ծախված են, պայքարելն իմաստ չունի»։

«Չեմ կարող հիմա գնահատական տալ՝ ճիշտ թե, թե սխալ էին այդ լուրերը։ Բայց որ դա կոտրեց զինվորի ոգին, փաստ է»։ Համեմատելով 4-օրյա և 44-օրյա պատերազմներն՝  ասում է՝  2016-ին այդ մտավախությունը չկար։ «Ապրիլյանին մասնակցել եմ ու չեմ հիշում, որ ինչ-որ մեկն ասեր՝ մի պայքարեք, հողերը հանձնված են։ Իսկ մասշտաբներով այդ երկուսն անհամեմատելի են։ Ադրբեջանի ունեցած սպառազինության դեմն անհնար էր առնել ավտոմատով,  թնդանոթով կամ տանկով։ ԱԹՍ-ների դեմ պետք է կռվեր ԱԹՍ-ն, մենք ոչ դա ունեինք, ոչ դրանից պաշտպանվելու միջոցն ունեինք։ Մեր տղաներից շատ եմ լսել, որ եթե ԱԹՍ-ների դեմն առնեին, մենք պաերազմը կհաղթեինք»։ 

Վարդանյանը ևս մեկ անգամ շեշտում է՝  որպեսզի կարողանանք կանգնեցնել կորուստների շղթան, ապագայում էլ հզորանալ ու ազատագրել կորսված հայրենիքը, պետք է մի քանի պայման ապահովվի։ Նախ՝  ամեն մարդ իր գործը լավ պետք է  անի։ Երկրորդը՝ պետք է սովորենք հարգել միմյանց ու միասնական լինել, մի կողմ դնել «ես»-ն ու առաջնային դարձնել «մենք»-ը։ 

«Ինչպես Շամշյանն է ասում՝ ամեն վարորդ մեքենան վարում է մտածելով, որ փորձանքն իրեն չի հանդիպի։ Այդ նույն սկզբունքով էլ ապրում ենք։ Ոչ մեր պատմությունից, ոչ 2020-ի պատերազմից դասեր չենք քաղել»,- ասում է նա։

 

կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Արցախ Քարվաճառ Արցախի Շահումյանի շրջան կրթություն 44-օրյա պատերազմ հայրենիք

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին