Ամերիկյան SpaceX ընկերությունը կրկին մասնավոր առաքելություն է ուղարկել տիեզերք։ Axiom կոմերցիոն ծրագրի շրջանակում Falcon 9 հրթիռը Crew Dragon մարդատար տիեզերանավով արձակվել է Միջազգային տիեզերակայան մայիսի 21-ի երեկոյան։
DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SpaceX-ը։ Տիեզերանավը ղեկավարում է NASA-ի նախկին տիեզերագնաց և Միջազգային տիեզերակայանի առաջին կին հրամանատար Փեգի Ուիթսոնը, օդաչուն ձեռնարկատեր Ջոն Շոֆներն է, իսկ անձնակազմի անդամներն են՝ Սաուդյան Արաբիայից տիեզերագնացներ Ռայանա Բարնաուին և Ալի ալ-Կարնին։
Տիեզերանավով հրթիռի արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի Քենեդու անվան տիեզերական կենտրոնի արձակման համալիրից։ Միջազգային տիեզերակայանի հետ միացումը նախատեսվում է այսօր։ Սա արդեն երկրորդ կոմերցիոն թռիչքն է ամերիկյան Axiom ընկերության ծրագրով։ Կոմերցիոն տիեզերագնացների առաջին առաքելությունը՝ Axiom-1-ը, տեղի էր ունեցել անցյալ տարվա ապրիլին։ 2023 թվականի վերջին նախատեսվում է իրականացնել երրորդ Axiom առաքելությունը։
Առաքելության յուրաքանչյուր անդամի թռիչքի արժեքը գնահատվում է 50 միլիոն դոլար։ SpaceX-ի հետ համաձայնագրի համաձայն՝ Axiom Space ծրագրի շրջանակում տիեզերական զբոսաշրջիկների հետ թռիչքներ այժմ նախատեսվում է իրականացնել տարին երկու-երեք անգամ: Axiom ընկերությունը ստեղծվել է 2016 թվականին՝ NASA-ի նախկին մենեջեր Մայքլ Սաֆրեդինիի և իրանա-ամերիկյան ձեռնարկատեր Քամ Ղաֆարյանի կողմից: