f

Անկախ

«Թուրքի մաման կլացացնեմ, մորս չեմ թողնի լացի». հերոս Ժիրայր Մարգարյան


Երազում էր բանակում ծառայել

Ծանր պատմություն եմ պատմելու, թե ինչպես հանրապետության դիահերձարաններում որդու մարմինը փնտրող մայրն ինն ամիս հետո է իմացել, որ այն գտնվում է Աբովյանի դիահերձարանի նկուղում` պարկի մեջ: Կարդալու ուժ պետք է ունենալ, չխենթանալ, դիմանալ:

Ծննդով գյումրեցի Ժիրայր Մարգարյանի մասին ենք պատմելու: 2002 թվականին ընտանիքով տեղափոխվել են Արցախի Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղ, որտեղ և անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը:

2020 թվականի հուլիսի 13-ին Ժիրայրը զորակոչվել է բանակ և ծառայության անցել Ջրականի զորամասում: Մոր` տիկին Նաիրայի խոսքով` Ժիրայրը միշտ երազել է ծառայության մասին: Ծանր ապրումների մեջ էր ընկնում Ապրիլյան անմահ հերոս Քյարամ Սլոյանի դեպքը հիշելիս: Նա առաջինն էր այցելում հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան և խոնարհվում:

«Միշտ ուրախությամբ և հպարտությամբ էր խոսում բանակի մասին»,- ասում է մայրը:

Ընդամենը երկու ամսվա զինծառայող էր Ժիրայրը, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Այդ օրերին մոր հետ զրուցելիս ասում էր, որ ինքն առաջնագծում չէ, ապահով վայրում է: Հոկտեմբերի 3-9-ը տասնինը զինծառայողներ շրջափակման մեջ են եղել: Նրանց մեջ էր Ժիրայրը: Տղաները հետո դուրս են եկել շրջափակումից:

Հենց այդ օրը զանգել է մորն ու ասել. «Կարծում էի` քո ձայնն այդպես էլ չեմ լսի»:

Անգամ ծանր պայմաններում Ժիրայրն առաջին հերթին մտածում էր մոր, ոչ թե`իր մասին: Նա մորը պատմել է, որ իր եղբայրներն են զոհվել, որոնց հետ ընկերություն  է արել, և իր վրեժը հիմա կրկնապատկվել է: Զանգելիս երկար չէին զրուցում, ասում էր` լավ է, ամեն ինչ լավ կլինի:

Տիկին Նաիրան որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 15-ին` ժամը 11:30-ին: Մոր խոսքով` որդու ձայնի մեջ տխրություն  կար:

«Հարցրի`կարո՞ղ է վիրավոր է: Ինքն էլ ասել է, որ այլևս չի ուզում տեսնել ընկերների մահը: Ես էլ խնդրեցի, որ միայն տուն վերադառնալու մասին մտածեր, քանի որ առանց նրա չեմ կարող ապրել»,-ասում է նա:

Ժիրայրը զոհվել է Հադրութում` Ղարղաբալա տեղանքում, ընկերոջն օգնության հասնելիս:

Ժիրայրին գտել են ինն ամիս հետո

Որդու զոհվելուց հետո տիկին Նաիրայի կյանքն ավելի մութ գույներ էր ստացել. որդու մարմինը նա փնտրել է ինն ամիս: Մինչև պատերազմը տիկին Նաիրան իր ֆեյսբուքյանէջում որդու լուսանկարն էր հրապարակել` զինվորական համազգեստով: Թշնամին լուսանկարի մեկնաբանության բաժնում գրել էր` Աստված հոգին լուսավորի: Հետո ադրբեջանցիները մորը հաղորդագրություններ են ուղարկել որդու զոհվելու մասին:

«Սիրտս զգում էր, որ որդուս հետ վատ բան էր պատահել»,-ասում է տիկին Նաիրան:

Պատերազմի օրերին` հոկտեմբերի 23-ին, տիկին Նաիրան իր մյուս զավակների հետ տեղափոխվել է Հայաստան: Դժվար էր նրա համար որդուց հեռու գտնվելը, զգում էր` կորցրել է նրան: Հենց այդ օրերին դադարել են որդու զանգերը: Մայրը որդու մասին հետաքրքրվել է զինկոմիսարիատից, բայց  նրան հավատացրել են, որ ամեն ինչ կարգին է: Նոյեմբեր ամսից նա սկսել է պայքարել որդուն գտնելու համար` փնտրելով նրան դիահերձարաններում, Պաշտպանության նախարարությունում, Քննչական կոմիտեում: Բոլորը լռում էին, և ոչ ոք չէր ասում ճշմարտությունը:

Հոկտեմբերի 10-ին Ժիրայրի անունը հրապարակել էին անհայտ կորածների ցուցակում: Դեկտեմբերին տիկին Նաիրան Խոջալու էր գնացել, որտեղ Ջրականի զորքն էր տեղակայված:

«Ես հոկտեմբերի 15-ին իմ որդու հետ խոսել եմ: Ժիրայրն ասել է, որ իրենց ապահով տեղ են տանում»,-հուզված պատմում է մայրը:

Ապահով վայրը, ինչպես տղաներին էին հավատացրել, հոկտեմբերի 10-ին հանձնված Հադրութն էր: Տիկին Նաիրան գտել է Ժիրայրի զինակից ընկերներին` Միքայելին և Սաքոյին: Միքայելն ասել է` Ժիրայրը վիրավորվել էր, Սարգիսն էլ`զոհվել է: Մայրը ոչ մեկին չի հավատացել: Այդ օրերին մայրը երազում որդուն է տեսել. նրա պատկերացմամբ`հայկական տարածք էր, գետնին` սպիտակ պարկեր, ինքն էլ արագ հավաքում է դրանք, որ չտեսնեն: Այդ ժամանակ պատի մոտ նա նկատում է որդուն, որն էլ ասում է` հոգնած ու սոված է, տեղ տա իրեն` քնի, հանգստանա:

Հենց այդ ժամանակ նրան զանգել են և ասել, որ ԴՆԹ-ն հաստատվել է, բայց նա չի հավատացել: Երկրորդ անգամ է դիմել:

«Ես ուղղակի խնդրել էի դատաբժշկին` սառնարանը բացեր, ես զգամ որդուս, ու եթե նա լիներ, մարմինն ինձ հետ տանեի»,-լացելով շարունակում է պատմել մայրը:

Մայրն ուզում էր օր առաջ հուղարկավորել որդուն, որ նրա հոգին էլ հանգստանար: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Շիրակ էր եկել: Տիկին Նաիրան նրան է մոտեցել` որդուց լուր իմանալու: Վարչապետն էլ ասել է, որ Ժիրայրի մարմինը գտել են, և ԴՆԹ համընկում կա: Մայրը ցույց է տվել որդու լուսանկարն ու ասել, որ վարչապետը համեմատեր`արդյո՞ք իր որդու մասունքներն են: Չէ որ ոչինչ պարզ չէր, բայց իրեն համոզում էր, որ գտել են մարմինը: Վերջինս խոստացել էր հարցին լուծում տալ, բայց դիահերձարաններում որդուն փնտրող մայրն ինն ամիս հետո է իմացել, որ որդու մարմինը գտնվում էր Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում` պարկի մեջ: Այդ աղմկահարույց դեպքից հետո տեղափոխել են Մարտունու դիահերձարան:

2021 թվականի հուլիսի 15-ին` ինն ամիս լրանալուց հետո, համընկնում է ԴՆԹ երկրորդ փորձանմուշը: Ժիրայր Մարգարյանին հուղարկավորել են Վահրամաբերդի ընտանեկան գերեզմանատանը: Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:

Տիկին Նաիրան հիմա բնակվում է Գյումրիում` բարի մարդկանց տրամադրած բնակարանում: Նոր բնակարան գնելուն խոչընդոտում են վարկային պարտավորությունները: Որդու զոհվելու հետ չի հաշտվում: Ասում է` մատաղի գառան պես  զոհվեց: Արդարության հետքերով փորձում է գտնել մեղավորներին, հույս չունենալով, որ մի օր նրանք իրենց արժանի պատիժը կկրեն:

Հասմիկ Հակոբյան

 

Ժիրայր Մարգարյան 44-օրյա պատերազմ զոհեր և վիրավորներ Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին