Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ՀԸ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Արամ Նիկոլյանն ինչ-որ ժամանակ առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, մնացած հարցերը պետք է ուղղել պարոն Նիկոլյանին»,- ասաց նա։
Հարցին՝ ազատվել է աշխատանքից մինչ այն հայտարարությո՞ւնը, որ իրեն չեն թողնում մտնել իր աշխատավայր, Մովսիսյանը պատասխանեց՝ «Ժամանակագրորեն հիմա չեմ կարող հիշել»։
Հիշեցնենք, որ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 15-23-ն անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։ Առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյան հենց բեմում այրում է Ադրբեջանի դրոշն ու հեռացնում այն։ Դրանից հետո նրան բերման էին ենթարկել, այնուհետև ազատ արձակել։