f

Անկախ

Շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց հայի ոգին խոնարհվող չէ․ Աննա Հայրապետյան


«Ես 1988-ի ավերիչ երկրաշարժն եմ տեսել, հարազատներ եմ կորցրել, բայց չեմ կոտրվել։ Հայրենազրկումից հետո էլ կոտրված չեմ, պայքարում եմ և հավատում, որ մի օր Առաքել եմ վերադառնալու»,- ասում է Արցախի Հադրութի շրջանի Առաքել համայնքի Քարագլուխ գյուղի բնակիչ Աննա Հայրապետյանը։

«Անկախի» հետ զրույցում նա պատմում է, որ հայրենազրկումից 2 տարի անց իր Աստվածաշունչն իրեն է հասել, հավատում է, որ նույն կերպ մի օր էլ Հադրութը կրկին հայկական կլինի։ «2022-ի դեկտեմբերին զանգ ստացանք, որ  իմ գիրքը՝ Նոր կտակարանը, կամավորականներից մեկի մոտ  է, և հիմա ուզում է վերադարձնել։ Գրքում մեր տան էլեկտրականության վճարման կտրոնն էր մնացել, այդ տվյալներով  Արցախի շտաբի միջոցով  գտնել էին  մեզ։ Դեկտեմբերի 29-ին այդ գիրքը հասավ ինձ։ Կամավորականն ասում էր, որ իմ գիրքը իրեն շատ փորձանքներից է փրկել,- ասում է նա։- Հավատը միշտ ուղեկցել է ինձ ու իմ ընտանիքին։ Ու ես հավատում եմ, որ մի օր Առաքել ենք վերադառնալու»։

 Աննան ծնունդով Գյումրիից է։ Ամուսնու և այն ժամանակ նորածին որդու հետ Արցախ է տեղափոխվել 1995-ին․ «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեգործական կազմակերպությունը ստանձնել էր Առաքելի վերականգնումը, թշնամու կողմից հիմնովին ավերված ու զրոյից կառուցվող գյուղում մասնագետների կարիք կար։ «Ամուսինս որպես հաշվապահ էր աշխատում, ես էլ 21 տարի դպրոցում եմ աշխատել՝ 10 տարի որպես դասվար և հայ  եկեղեցու պատմության ուսուցչուհի, 11 տարի էլ որպես գրադարանավարուհի»,- պատմում է նա։ Արցախում են ծնվել Աննայի երեք որդիներից երկուսը։ Ասում է՝ այնտեղ ապրելու 25 տարիների ընթացքում «արմատներ էին ձգել» Արցախում և իրենց կյանքն Արցախից ու Հադրութից  հեռու այլևս չէին պատկերացնում։ 

«1997-ին մեզ բնակարան հատկացվեց Առաքելի Սարալանջ գյուղում։ Այնտեղ հիմնականում Հայաստանից տեղափոխված ընտանիքներ էին ապրում։ Արցախում  մարդկանցից միայն հոգատարություն ու ջերմություն եմ տեսել,- ասում է Աննան ու հավելում, որ շատ արագ է յուրային դարձել։- Երբ տարբերություն չես զգում, մասնակցում ես համայնքային կյանքին, միջոցառումներ ես կազմակերպում, ինքդ ես ստեղծում՝ տուն կառուցում, այգի հիմնում, մեկ էլ զգում ես, որ վաղուց արդեն յուրային ես»։ Ասում է՝ Գյումրիի պես խոշոր քաղաքից հեռավոր գյուղ տեղափոխվելով հարմարվելու դժվարություններ չի ունեցել։ «Այնտեղ բնակիչների, հետևաբար և աշակերտների թիվը փոքր էր։ Բայց մարդկանց մտածելակերպը, զարգացվածության աստիճանն այնքան բարձր էր, որ միաձուլվեցի իրենց հետ։ Միակ տարբերությունը բարբառն է եղել»,- ասում է նա։ 

Պատմում է՝ 2019-ին երկհարկանի նորակառույց ու ամեն հարմարությամբ ապահովված առանձնատուն են ստացել Քարագլուխ գյուղում ու տեղափոխվել այնտեղ։ ՌԴ վաստակավոր ճարտարապետ Մաքսիմ Աթայանցը, որի նախնիները Քարագլխից էին եղել, նախաձեռնել էր գյուղի վերականգնումը․ այնտեղ կառուցել էր նոր եկեղեցի, վերանորոգել 18-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, 5 առանձնատուն կառուցել, իսկ միրգ-բանջարեղենի մթերման գործարանի կառուցումը կիսատ մնաց պատերազմի պատճառով։

Տներից մեկն էլ հատկացվել էր Հայրապետյանի ընտանիքին որպես հայրենիքին երեք որդի պարգևած ընտանիք։ «Դիզակ աշխարհում նման գեղեցիկ տուն չկար։ Այն իր մեջ համատեղում էր հինն ու նորը»,- ասում է նա։ 

Ասում է՝ ընտանիքի անդամներով աշխատում էին, զբաղվում հողագործությամբ ու անասնապահությամբ և ըստ պահանջի ապրում էին, ոչնչի պակաս չունեին։ «Աշխատող մարդը կարող էր ապրել ։ Պայմանները նպաստավոր էին, որպեսզի գյուղացին կարողանար հեշտությամբ վաստակել իր ապրուստը։ Եվ հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ էր  զբաղվում ժողովուրդը»,- ասում է նա։

Խոսելով այնտեղի կյանքի առանձնահատկությունների մասին՝ Աննան պատմում է, որ յուրահատուկ էր շփումը հարևանների միջև․ առավոտյան մեկը կարող է ժենգյալով հաց թխել  ու գյուղի կանանց իրար գլխի հավաքել։ Իսկ եթե գյուղում մեկը օղի կամ գինի էր թորում, որակը պարտադիր որոշում էին հարևաններով միասին։ 

«Դպրոցում էլ կազմակերպում էինք Տյարնընդառաջին, Զատիկին նվիրված միջոցառումներ, ու ողջ գյուղը մասնակցում էր։ Մի անգամ նույնիսկ «Դիզակ» թերթից են եկել ու լուսաբանել մեր միջոցառումը»,- հիշում է նա։ 

Իսկ հիմա այդ ամենը դարձել է հուշ ու կարոտ։ «Ամեն ինչն էլ կարոտում եմ, անգամ այն մաքուր օդը, հոտերը։ Այստեղ փորձել եմ ժենգյալով հաց թխել, բայց չունի այն նույն համը։ Այնտեղ բնությունը շատ շռայլ էր, հողը շատ հարուստ էր, ուրիշ համ ու հոտ ուներ այնտեղի բերքն ու բարիքը։ Բա՜ օդը, չեք պատկերացնի թե ինչ մաքուր օդ էինք շնչում մենք։ Այնտեղ ամեն ինչն էլ լավ էր, այլ էր»,- ասում է նա։

Խոսելով պատերազմի մասին՝ Աննան պատմում է, որ Արցախում իր ավագ որդին զինվորական էր, ուստի գիտեին, որ իրավիճակն անհանգիստ է։ Բայց լայնամասշտաբ պատերազմը և առավել ևս պարտությունն անսպասելի էին։ 

«Եթե չլիներ հայի դավաճանությունը, երբեք էլ պարտություն չէինք ունենա մենք, քանի որ մեր տղաները կռվել են անձնվիրաբար և ընկել են հերոսի պես, դրա համար ես այդ պարտությունը չեմ ընդունում։ Մեր զինվորը չի պարտվել։ Եվ մեր զինվորի ոգին կանգուն է։  Չեմ ցանկանա, որ նորից լինի պատերազմ, բայց եթե  լինի, մեր տղաները նորից կմարտնչեն այնպես, ինչպես  այդ օրերին են մարտնչել»,- ասում է նա։ 

Պատմում է՝ երբ պատերազմը սկսվեց, ավագ որդին առաջնագծում էր, միջնեկ որդին փրկարար էր, ամուսինն  էլ միացել էր փրկարարներին և օգնում էր, որ վիրավորներին դուրս բերեն։ «Այդ պայմաններում ես գյուղից հեռանալու մտադրություն չունեի»,- ասում է նա՝ հավելելով, որ մի ներքին զգացում իրեն հետ էր պահում գյուղից դուրս գալուց։ Անգամ, երբ տեղեկացել էր, որ որդին վիրավորվել է ու Ստեփանակերտում է, հապաղում էր նրան տեսակցության գնալ։ 

«Ստեփանակերտից կամավորականներ էին գալիս ավտոբուսներով, Ջրական էին գնում, այդ ավտոբուսներից մեկով ամուսինս ինձ ու դպրոցական որդուս  ճանապարհեց Ստեփանակերտ, տղայիս տեսա, հետո  Երևան տեղափոխվեցինք, քանի որ գյուղ վերադառնալը վտանգավոր էր։ Բերձորի կամուրջը պայթեցնելու օրն ենք անցել, մեզանից մի քանի մետր առաջ արկը պայթեց, հրաշքով փրկվել ենք»,- պատմում է նա։

Խոսելով նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին՝ ասում է, որ մի կողմից հայրենիքը կորցնելու ցավն էր, մյուս կողմից ուրախությունը, որ գոնե որդիները ողջ իրեն կհասնեն։ 

Ամփեփելով համաձայնագրին հաջորդած այս 2,5 տարիները և շարունակվող կորուստները՝ Աննան ասում է, որ կորուստների շղթան կանգնեցնելու համար հայը պետք է սկսի սիրել հային։ «Ներքին թշնամիներ ունենք, որոնք խանգարում են ճիշտ ապրելուն, ճիշտ որոշում կայացնելուն, երկրի կառավարմանը։ Պետք է հայերս մեկս մյուսին հանդուրժենք, սիրենք, հարգենք, ինչը հիմա չկա»,- ասում է նա։

Աննան փաստում է՝ մարդիկ դարձել են անտարբեր․ «Հիմա ժողովուրդը դարձել է անտարբեր, չգիտեմ՝ հոգսերն են շատ, թե անտարբերություն է մարդկանց մեջ մտել, թե զոհերն են շատ։ Այո, նախկինում  ամեն մի փոքր բանից բողոք ու պահանջ էր, իսկ հիմա համակերպվել են մարդիկ, թե պատճառն ինչ է, չգիտեմ։ Եթե առաջներում մենք լսեինք, որ թուրքի հետ պետք է լինենք հարևան, թուրքի հետ պետք է ապրենք, չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ, իսկ հիմա մարդկանց կարծես չի հետաքրքրում այդ հարցը։ Մարդիկ  անտարբեր են, որ տարածք ենք կորցնում, որ զոհեր ենք ունենում, ոչ մի բան չի հետաքրքրում, մտածում են միայն այսօրվա մասին։ Ամեն մեկն ապրում է իր համար»։

Այդուհանդերձ, Աննան իր լավատեսությունն ու հավատը չի կորցնում, համոզված է, որ կկարողանանք փրկել Հայաստանն էլ, Արցախն էլ։ «Դարեր շարունակ մենք նման իրավիճակների միջով անցել ենք, ու միշտ էլ հայը կարողացել է գտնել ելք ու ոտքի կանգնել, հավատում եմ, որ ինչ-որ պահի ելքը կգտնենք։ Շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց հայի ոգին խոնարհվող չէ»,- ասում է նա։

Աննան համոզված է, որքան էլ խաղաղության օրակարգ քարոզվի, հայն ու ադրբեջանցին կողք-կողքի որպես հարևաններ ապրել չեն կարող, հատկապես այսքան զոհերից հետո։ 

«Արցախի  ողջ հողը արյունով է ներծծված, ինչպե՞ս կարող է արցախցին ապրել թուրքի կողքին, թուրքի հետ, ինչպես հայը կարող է  կտրված ձեռքով, ոտքով երիտասարդներին  տեսնել ու մոռանալ թուրքի արածը, կամ թուրքն ինչպե՞ս կարող է իր վայրագությունը թողնել  ու դառնալ բարիդրացիական հարևան»,- հարցնում է  նա։

Աննան որպես մանկավարժ նաև իր մտահոգությունն է բարձրաձայնում՝ տեղի ունեցողն արժեզրկում է մեր զինվորի արածը ու վատ օրինակ ծառայում մատաղ սերնդին։ 

«Ապագա սերունդներն ի՞նչ են սովորելու, ինչպե՞ս են հանուն հայրենիքի պայքարելու՝ աչքի առաջ ունենալով այս օրերի զարգացումները։ Բայց նաև մտածում եմ՝  մենք ի՞նչ կարող ենք անել։ Մինչև չհամախմբվենք ու համակարծիք չդառնանք, ոչինչ չենք ունենա, միայն կորցնելու ենք, հայի ուժը միասնականության մեջ է,- ասում է նա։- Հիմա ամեն ինչի մեջ վախ կա, մարդիկ խոսելուց, կարծիք հայտնելուց էլ են վախենում։ Գուցե մի պահ գա, որ կունենանք այնպիսի ղելավար, որ կկարողանա համախմբել ժողովրդին, ու հայն այլևս չվախենա իր կարծիքից ու ձայնը բարձրացնելուց։ Ժամանակի հարց է, մեր ժողովուրդը վիրավոր է, մեր վերքերը պետք է լավանան, որ կարողանանք գիտակցել տեղի ունեցողը, կորուստների ցավի թմբիրի մեջ է ժողովուրդը»։

 

կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Արցախ Հադրութ ԱՌԱՔԵԼ գյուղ 44-օրյա պատերազմ Հայաստան Աննա Հայրապետյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին