f

Անկախ

Կկարողանա՞ն արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս խաղաղության համաձայնություն ստորագրել. Профиль


Անկախ այն հանգամանքից, թե ինչով կավարտվի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը, դրա պատմության ապագա ուսումնասիրություններում հավանաբար որոշակի տեղ կզբաղեցնեն 2023 թվականի իրադարձությունները,- կարծում է Ռուսաստանի ԱԳՆ МГИМО-ի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար  գիտաշխատող, «Международная аналитика» հանդեսի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը:

 Նախ՝ արձանագրվել է բանակցությունների, ըստ էության, աննախադեպ, վերին աստիճանի ինտենսիվություն թե՛ իրենց իսկ հակամարտող կողմերի միջև, թե՛ միջնորդների մասնակցության առումով: Ցանկացած  ճաշակի ու գույների ձևաչափեր: Հանդիպումներ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում, գագաթնաժողովներ, Հայաստանի և Ադրբեջանի նախարարների,  բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումներ, թեժ բանավեճեր ոչ միայն փակ դռներից ներս, այլև հրապարակայնորեն:

Երկրորդ՝ հնչեցին մի քանի նշանային հայտարարություններ, որոնք հնարավորություն են տալիս խոսելու դիրքորոշումերի՝ նախկինում չտեսնված մերձեցման մասին: Այն, որ Հայաստանը կորցնում է Լեռնային Ղարաբաղը, պարզ էր նաև մինչև այս տարվա մայիսը: Քաղաքական  «ապաղարաբաղացման» գործընթացը սկսվել է 2020-ի «աշնանային պատերազմի» հետևանքներով, որոնցից գլխավորը առնվազն 26 տարի ձգված ռազմա-քաղաքական ստատուս քվոյի արմատական բեկումն էր: Երկրի ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեկ անգամ չէ, որ վիճելի տարածաշրջանի անվտանգության պատասխանատվությունը գցել է Ռուսաստանի և նրա խաղաղապահ զորակազմի վրա, ինչպես նաև հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա: Այսինքն՝ մեջտեղ է բերել նախկին միութենական հանրապետությունների սահմանները՝ որպես միջպետական սահմանազատման հիմք:

Սակայն 2023 թվականի մայիսին Հայաստանի վարչապետն ուղղակիորեն հայտարարեց, որ պաշտոնական Երևանը ճանաչում է հարևան երկրի 86,6 հազար քկմ մակերեսը ոչ միայն նախկին Լեռնային Ղրաբաղի ինքնավար մարզի, այլև նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի յոթ անկլավների հետ, որոնք խորհրդային ժամանակներում հայտնվել են Հայկական ԽՍՀ-ի տարածքում: Քանի դեռ միասնական «ժողովրդա-տնտեսական համալիր» գոյություն ուներ, «եղբայրական հանրապետությունների» միջև սահմանները ձևական էին, սակայն Միության փլուզումից հետո դրանք դարձան երկու թշնամական պետությունների վիճելի սահմաններ: Եվ մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանների Լեռնային Ղարաբաղից դուրս  սահմանազատման ու սահմանագծման բարդագույն խնդրով ոչ ոք լրջորեն չի զբաղվել:

Թվում էր, թե հայկական ղեկավարությունը, համաձայնելով  ընդունել Գլխավոր շտաբի 1975 թվականի  քարտեզները որպես «ընդհանուր սահմանազատման» հիմք, գնում է աննախադեպ զիջումների: Եթե Բաքուն ընդունի այդ գնդակի փոխանցումը, ապա խաղաղության համաձայնության (առնվազն կոնֆլիկտի հաղթահարման մասին շրջանակային փաստաթղթի) ստորագրումը ձեռք կբերի միանգամայն իրական գծեր: Այդ հիպոթեզը հաստատում է նաև Մոսկվայի բանակցությունների ընթացքում նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 25-ին արտահայտած պնդումը Հայաստանի նկատմամբ իր պետության տարածքային հավակնությունների բացակայության մասին:

Սակայն հայտարարություններն արվում են, բանակցային ռաունդները հաջորդում են իրար, դիրքորոշումները «անշեղորեն մոտենում» են, իսկ ձգձգված դրամայի հանգուցալուծումն ամեն անգամ հետաձգվում է: Մոսկվայում չստորագրվեց ոչ միայն խաղաղության պայմանագիր, այլև նույնիսկ համաձայնություն տրանսպորտային ապաշրջափակման մասին: Բայց և այնպես Ռուսաստանի մայրաքաղաքում գոնե այդ թեմային առարկայորեն անդրադարձան, իսկ Վաշինգտոնում ու Բրյուսելում դա էլ  չերևաց: Համենայն դեպս, որոշ մանրամասների վերամշակում կարվի փոխվարչապետների մակարդակով: Հիմա արդեն կասկածներ են արտահայտվում նաև ուրիշ բանակցային հարթակներում եզրափակիչ համաձայնություն ստորագրելու հեռանկարների առնչությամբ:

Բայց դիցուք խաղաղության պայմանագրի ստորագրումը սարերի ետևում չէ: Կդառնա՞ այն ամուր խաղաղության  հոմանիշ Անդրկովկասում: Եվ այն չի՞ դառնա Ադրբեջանի ու Հայաստանի առճակատման նոր փուլ՝ արտաքին խաղացողների հնարավոր ներգրավմամբ հնացած էթնոքաղաքական հակամարտությունում: Յուրաքանչյուր խաղաղարարական գործընթաց ուղիղ գծով չի տեղի ունենում: Եվ հակամարտությունների պատմության մեջ քիչ չեն այն օրինակները, երբ ձեռք բերված համաձայնությունները  դիմակայությունից ձերբազատվելու երաշիք չեն դարձել և հակամարտող կողմերի  հրադադար չեն ապահովել: Հետևաբար ինչո՞ւ Կովկասում ամեն ինչ այլ ընթացք պետք է ունենա:

Համընդհանուր հոգնածության պարադոքսները

Այսօր հայ-ադրբեջանական կարգավորման շուրջը պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել: Դրանից բոլորն են հոգնել: Ադրբեջանը, ռազմական հաղթանակ տանելով,  ձգտում է վերացնել բոլոր երկիմաստությունները նոր ստատուս քվոյում: Եվ պատահական չէ, որ փոխզիջումների մասին հայտարարություններին հաջորդում են Ալիևի ցասումնալից ահեղ ճառերը Երևանի ու Ստեփանակերտի հասցեին (Բաքվում նախընտրում են ղարաբաղյան մայրաքաղաքն անվանել Խանքենդի): Այսպես, մայիսի 28-ին (այդ օրը և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեծարում էին իրենց առաջին  ազգային պետությունները, որոնք հռչակվել են 105 տարի առաջ) Ալիևը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններից պահանջեց «աղբամանը նետել իրենց բոլոր կեղծ պետական ատրիբուտները»: Բաքվում չեն ցանկանում հակամարտության նոր սառեցում մշտական բանակցություններով:

Թուրքիան՝ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը, նույնպես ցանկանում է արագ ավարտել հակամարտությունը: Նոր ժամկետով վերընտրման դժվարին պայքարում Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար Եվրասիայում թուրքական ազդեցության ուժեղացումը ոչ միայն ազգային, այլև անձնական հեղինակության հարց է:

Երբ  ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների հայտարարություններից հետո նա հայտարարեց  նոր «Թուրքիայի դար» սկսվելու մասին, պարզ դարձավ, որ այդ «հրաշալի դարում» նա տեսնում է Հայաստանի հետ «հարաբերությունների կարգավորում» իր պայմաններով, որոնց թվում Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» առաջնահերթություն է:

Պարադոքսալ փաստ է, որ Ալիևից ու Էրդողանից ոչ պակաս ղարաբաղյան բեռից ցանկանում է ձերբազատվել նաև Նիկոլ Փաշինյանը: Եվ խնդիրը բնավ այն չէ, որ նա «կաշառված է թուրքական շրջանակներից», ինչպես պնդում են ընդդիմադիրներն ու վարչապետի քննադատները: Փաշինյանը չի կարող չտեսնել, որ հայ հասարակությունն էլ է հոգնել այդ հակամարտությունից: Օր օրի  մեծանում է նրա պատրաստակամությունը ընկրկելու Բաքվի հարձակումներից, բայց դա զանգվածային բողոքի ցույցեր չի հարուցում թե՛ Երևանում, թե՛ մարզերում: Ընդ որում, Փաշինյանը հասկանում է, որ քանի դեռ ինքը հասարակական աջակցության ռեսուրս ունի (թեկուզև «նախկինների» հանդեպ հակակրանքի հիման վրա), կարող է գնալ զիջումների: Այլ իրավիճակում տնտեսության ու սոցիալական խնդիրների հետ նրան կհիշեցնեն նաև «Արցախի հանձնումը»:

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն այժմ սևեռված է Ուկրաինայի վրա: Եվ Կովկասում «երկրորդ ճակատի» բացումը  հստակ Կրեմլի շահերից չի բխում: Հակառակը՝ այստեղ Մոսկվան պատրաստ է որոշակի զիջումների, թեկուզ  չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը Վրաստանի հետ և վերականգնել նրա հետ անմիջական ավիահաղորդակցությունը: Եվ ղարաբաղյան ծիրում էլ Ռուսաստանը կնախընտրեր խաղաղ լուծումը, որում իրեն պատկաներ առանցքային մոդերատորի դերը: Մեր շատ դիվանագետներ կուլիսներում խոստովանում են, որ պատրաստ չեն լինել  ավելի հայ կամ ադրբեջանցի, քան այդ երկրների քաղաքացիները:

Արևմուտքը դեմ է Ռուսաստանին: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն և ԵՄ-ն կուզենային հնարավորինս արագ փակել հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունը: Իհարկե, նրանց  վերջնական նպատակը  տարածաշրջանում ռուսական ներկայության վարկաբեկումն է, իսկ որպես առավելագույն ծրագիր՝ Անդրկովկասից Ռուսաստանի հեռացումը:

Իր խաղն է խաղում Կովկասում նաև Թեհրանը, բայց այդ տարածաշրջանը նրա համար այնքան կարևոր չէ, որքան Մերձավոր կամ Միջին Արևելքը, ուստի հայկական և ադրբեջանական ուղղությամբ վտանգների դեմն առնելը Իրանի համար երաշխիք է, որ իրեն չշեղեն Սիրիայից, Եմենից կամ Աֆղանստանից:

Այսպիսով, տարբեր շարժառիթների ու պատճառների բերումով, բոլորը,  որոնք այս կամ այն կերպ ներգրավված են Բաքվի ու Երևանի հակամարտության մեջ, շուտափույթ խաղաղություն են ցանկանում: Բայց թե ինչն է «հեռավոր հիանալին» Անդրկովկասի համար, տարբեր մեկնաբնությունների ու բացատրությունների պատճառով հակամարտության ավարտի մասին համաձայնության պատրաստումը ձգձգվում է: Իսկ եթե վաղ թե ուշ նման բան ի հայտ գա, ապա խաղը, միևնույն է, կշարունակվի:

Ուժը որպես բանակցությունների շարժիչ

Քաղաքական գործիչների ու դիվանագետների շրջանում ընդունված չէ հրապարակավ քննարկել խաղաղ կարգավորման ստորջրյա խութերը: Նրանց համար ավելի հեշտ է ասել, թե կողմերը մոտեցել են, բայց դեռ մնացել են «մինչև վերջ չլուծված հարցեր»: Մինչդեռ փորձագիտական մակարդակում արժի հաշվի առնել ղարաբաղյան հավասարման որոշ փոփոխականներ: Իրոք խաղաղության գործընթացը բավական լուրջ խթաններ է ստացել: Սակայն չի կարելի մոռանալ, որ դրանք տրվել են երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո: Տեղի չունենար դա և դրան հետևած տարածաշրջանային կարգուկանոնի արմատական փոխակերպումը, հազիվ թե ծագեր դիվանագիտական արագացումը:

Այսօր Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները մեղադրում են նրան «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգի հայտարարությունների կամ յուրաքանչյուր խաղաղության պլան ժողովրդի դատին հանձնելու պատրաստակամության հետ այժմ Բաքվին աննախադեպ մակարդակի զիջումների գնալու  լիակատար անհամապատասխանության համար: Բայց հայկական վարչապետի նման  զիջողականության ակունքը 2020 թավականի ռազմական աղետն է: Երևանի նահանջը պայմանավորված է ոչ թե նրա մտքի պայծառացմամբ վիճելի հողերի պատկանելության կապակցությամբ կամ խաղաղար առաջնորդ հռչակվելու ցանկությամբ, այլ ռազմական թուլությամբ և ռեսուրսների (նյութական, դիվանագիտական, արտաքին աջակցության) սղությամբ:

Հռետորական հարց. մե՞ծ է հայկական կողմի՝ խաղաղության համաձայնություն ստորագրելու շարժառիթը, որը կդառնա 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրի նմանօրինակի պես մի բան: Այն ժամանակ Հայաստանը՝ որպես «առաջին հանրապետություն», պարտվեց Թուրքիային պատերազմում և հիմնականում փոխակերպվեց երկրորդի «խորհրդայնացման» միջոցով, ինչը փաստացի փրկեց հայերի պետականությունը:

Այն պայմաններում, երբ կռվելու հնարավորություն չկա, իսկ հաշտվել ուրիշի պայմաններով այնքան էլ շահեկան չէ հեղինակության տեսանկյունից, ծագում են դիվանագիտական «կպչաններ», դիցուք՝ Ղարաբաղի հայերի և Բաքվի (արդեն պաշտոնական Երևանի հետ կապից դուրս)  անմիջական երկխոսության առաջարկ կամ տրանսպորտային ապաշրջափակման առնչությամբ տերմինաբանական վեճ «միջանցքային» կամ «ճանապարհային» տրամաբանության շուրջ: Օգտագործելով այդ «կպչանները»՝ կարելի է խաղաղության գործընթացը ներկայացնել ոչ թե որպես Ադրբեջանի ռազմական հաղթանակի պաշտոնական հաստատում, այլ որպես բովանդակալից քննարկման արդյունք: Այդպիսի շահագրգռություն ունի ոչ միայն Երևանը, իրենց նկատառումներն ունեն այդ առնչությամբ նաև ուրիշ կողմերը, որոնք ներգրավված են կարգավորման գործընթացում:

Հետխորհրդային հակամարտությունները մինչև հիմա լուծվել են կա՛մ ուժային ճանապարհով, կա՛մ վիճելի կարգավիճակի «սառեցման» միջոցով մինչև լավագույն ժամանակները: Իհարկե, ուժային գործոնի կիրառումը կարող էր լրացվել և՛ բանակցություններով, և՛ որոշ ոչ ֆորմալ գործելակերպերի ձևավորումով, բայց մեծ հաշվով առանց ուժի  չի ստացվել պատերազմի վիճակից անցնել թեկուզ փխրուն խաղաղության: Թեպետ նման ալիգորիթմներով «հանդարտեցվել» է նաև հետհարավսլավական տարածությունը, մի տարբերությամբ միայն, որ խաղաղ կարգավորման մոդերատորների մրցակցություն այնտեղ փաստացի չի եղել: Իսկ Եվրասիայում այսօր ԽՍՀՄ-ի փլուզումը յուրովի ավարտել ցանկացողները հերթ չեն տալիս իրար:

Սերգեյ Մարկեդոնով

Источник: Профиль 

 

Տարածաշրջան հայ-ադրբեջանական հակամարտություն խաղաղության պայմանագիր Հայաստան Արցախ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին