Հիսուն տարին ակնթարթ էր կարծես,
Սեղանին սուրբ հաց է` մի բաժակ թթի օղի,
Դառը, ինչպես կորստի ցավը,
Ինչպիսին քո կյանքն էր` քրտնաթոր ու անմեկնելի:
Քո փոխարեն այսօր նկարդ է հյուրս,
Ու հացն է անգամ կծող` օղու պես,
Հացը անհամ է, կուլ չի գնում պարզապես,
Թաթախված է այն, կարծես, հունիսի 17-ի մեղքի մեջ:
Խոսքն ու զրույցն էլ անիմաստ ու անկատար՝
Ի՞նչ ասեմ հիմա, մա՛յր, հիշատակդ բարի:
Արցյունքներ են բառի փոխարեն,
Սեղանին սուրբ հաց է, մի բաժակ օղի:
-Թասդ բեր,- ասում եմ որդուս.
Բաժակների զնգոցը կարոտ ու սեր է,
Քո թողած դասի դասամիջոցն է,
Մեր սեղանին չփակվող դասագիրք:
Հիսուն տարի չէ, որքան էլ անցնի,
Քո հանդեպ սիրուց մազ չի պակասի,
Այն այսօր սիրով որդուս եմ թողնում,
Հետո էլ կգան թոռները – ծոռները…
ՎԱՂԱՐՇԱԿ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ