f

Անկախ

«Մեր հողը մեզ տան, մեկ րոպե էլ չեմ մնա այստեղ»․ հերոս Արթուր Ասրյանի մայր


Հադրութի շրջանի Մոխրենես գյուղից է տեղահանվել տիկին Անուշը։ Հիմա Ստեփանակերտում է ապրում։ Բայց հարազատ գյուղի կորուստը նրա միակ ցավը չէ Արցախյան 44-օրյա պատերազմում նա կորցրել է որդուն՝ Արթուրին, պատերազմում զոհվել է նաև դստեր ամուսինը։ Որդու հուղարկավորությանը մասնակցելու հնարավորություն չի ունեցել, թշնամու վերահսկողության տակ անցած գյուղի գերեզմանատանը հինգ ամիս շարունակ  որդու շիրիմը գրկելու կարոտով է ապրել մայրը։ Ցավը սրտում շարունակում է ապրել՝ մեծ դժվարությամբ, հարազատ գյուղ վերադառնալու երազանքով։

Ջրականի պաշտպանը

Տիկին Անուշի ամուսինը՝ Էռնեստ Ասրյանը, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է, երկու անգամ վիրավորվել է՝ ձեռքից և ոտքից։ Ինչպես ինքն է ասում՝ ուժեղ կռվող է եղել, Քարվաճառից սկսած մարտեր է մղել և հաղթանակով տուն վերադարձել։ Էռնեստ Ասրյանն Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրվանից կամավոր մեկնել է առաջնագիծ, կռվել է Վարանդայում և մինչև նոյեմբերի 9-ը մնացել դիրքերում։ Երկու անգամ նա շրջափակման մեջ է հայտնվել, նրան շրջափակումից դուրս է բերել Մհեր Շամիրյանը։ Հիմա էլ է դիրքեր բարձրանում՝ որպես աշխարհազոր։ Ասում է՝ տղուս վրեժը իմ ձեռքով պիտի լուծեմ։

Նրանց մյուս որդին՝ Արամը, պատերազմի օրերին «Ատլանչ» կազմակերպության կողմից սնունդ էր մատակարարում առաջնագծի տղաներին։ Կուբաթլուում շենքից դուրս գալուց  հետո այդ շենքը պայթեցրել է թշնամին, ինքն էլ հրաշքով է փրկվել։

Արթուրը ծառայում էր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում։ Պատերազմի առաջին օրը նրան Ջրական են տեղափոխել։ Տիկին Անուշի խոսքով՝ իրենց գյուղը չի ռմբակոծվել թշնամու կողմից, բայց երկնքում ամեն օր անօդաչու թռչող սարքեր էին պտտվում։ Հոկտեմբերի  6-ին նա Երևան է տեղափոխվել, իր խոսքով՝ ռետինե հողաթափերով, չպատկերացնելով, որ հետ չեն վերադառնալու հարազատ գյուղ։ Թշնամին այդ ժամանակ արդեն Հադրութում էր, բայց նա այդ մասին չի իմացել։ Աղավնոն անցել են  կամրջի պայթյունի հետևանքով առաջացած ծխի միջով և մի կերպ դուրս եկել Արցախից։

«Արթուրը հաճախ էր զանգում ինձ, բայց ամեն անգամ զանգում և ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասում է մայրը։

Հրամանատարը հետագայում մորը պատմել է, որ Արթուրը միշտ պատրաստակամ էր առաջինը գնալու։  22-ամյա Արթուրի վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 10-ին։ Մորը խնդրել է բանկային քարտը վերցնել և գումար հանել, ասել, որ շուտով պատերազմն ավարտվելու է, և ինքն էլ վերադառնալու է։

Հոկտեմբերի 13-ին՝ Արթուրի զոհվելու օրը, մայրը կաթված է ստացել, կոմայի մեջ ընկել՝ չիմանալով որդու զոհվելու մասին։ Նա այդ վիճակում միայն Արթուրի անունն է տվել և խնդրել զանգել նրան։

«Վիզս՝ ծռված, բերանս՝ թեքված՝ խնդրել եմ, որ հեռախոս տան՝ Արթուրին զանգեմ։ Հետո Արամը եկել և ասել է, որ Արթուրը վիրավոր է, հետո կխոսեմ նրա հետ»,- «Անկախի» հետ զրույցում պատմում է տիկին Անուշը։

Հետո իմացել է, որ Արթուրը չկա, բայց երկար ժամանակ քայլել չի կարողացել։ Թշնամին գրավել էր Հադրութի շրջանը, գյուղի գերեզմանատանը հանգչող որդու մոտ գնալ չի կարողացել։

«Ես իմ երեխայի երեսն էլ չեմ տեսել։ Թող ես դրսում ապրեի, բայց իմ որդին ողջ լիներ, ինքն էլ ամուսնանար, զավակ ունենար, ձեռքից բռներ ու քայլեր»,-խոր ցավով ասում է նա։

Նոյեմբերի 9-ին՝ Մարտունիում, մարտադաշտից զոհված տղաներին դուրս բերելիս զոհվել է տիկին Անուշի դստեր ամուսինը՝ հետախույզ Արմենը։ Որդու մարմինը գյուղից դուրս բերելու համար տիկին Անուշը բազմիցս դիմել է Արայիկ Հարությունյանին։ Խնդրել է՝ որդուն բերեն, գոնե գնա՝ գերեզմանին լացի։ Հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գյուղ են գնացել և Արթուրի մարմինը հանել, վերահուղարկավորել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում։ Իրենց գոմը թշնամին վառել էր, նոր գնած տան կահույքը դուրս էր հանել և ջարդել։ Մոխրացած տան կադրերը հետո են տեսել համացանցում։

Արթուր Ասրյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն», «Մարտական ծառայություն» և «Արաքսի պահապան» մեդալներով։

Նկարիչ Արթուրը

Արթուր Ասրյանը պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Մարտակերտում։ Հետո սերժանտական դասընթացների է մասնակցել Լուսակերտում։ Երազում էր զինվորական դառնալ, շատ էր սիրում իր գործը։ Դրախտիկում տուն պետք է կառուցեին նրանց համար, նպատակ ուներ ամուսնանար և այնտեղ տեղափոխվել։

«Իրենց հոր պես ուժեղ են իմ որդիները։ Իրենց հոր պես կռվել են։ Բայց նրանց տեղը ոչ ոք չգիտի։ Պատերազմի ժամանակ նկուղներում թաքնված դասալիքներն են միայն խոսում պատերազմից, իսկ իսկապես կռված տղաները լռում են իրենց հերոսության մասին»,-ասում է տիկին Անուշը։

Արթուրը նկարիչ էր և բացառիկ տաղանդավոր էր։ Ինչ տեսնում էր, կարողանում էր նկարել։ Մարդկանց ու կենդանիներին էր նկարում։ Առաջին տեղն էր գրավել Սերգեյ Փարաջանովի նկարներից գունավոր շշերի ապակիներով կոլաժի աշխատանքով։

«Դրամական պարգևը վերցրել և ուրախ տուն էր վերադարձել այդ ժամանակ»,-ասում է մայրը։

Հայրը նրա համար ավտոմեքենա էր գնել։ Մեկ ամիս է վարել միայն։ Այն գյուղի տան բակում են թողել՝ իրենց հիշողությունների հետ։

«Բնավորությամբ համեստ ու խելոք էր։ Դպրոցում գերազանց չէր սովորում, բայց գերազանց նկարում էր։ Ամբողջ օրը մտքերով Արթուրիս հետ եմ»,-արցունքներին ազատություն տալով՝ շարունակում է մայրը։

Հետո լռում է։ Երկուսով լռում ենք՝ ցավից։ Գյուղում բոլորը սիրում ու հարգում էին Արթուրին, Արթուրն էլ բոլորին օգնության էր հասնում։ Մայրն ասում է՝ երևի վատը պետք է լիներ, որ ապրեր։ Ոչինչ չի սփոփում որդեկորույս մորը։

Տիկին Անուշի փոքր որդին՝ Արսենը, տասնմեկ տարեկան է։ Բլոկադան դժվարությամբ են հաղթահարում։

«Լույսերը ժամերով անջատում են, ոչ աղ կք, ոչ՝ ձեթ։ Եղածն էլ շատ թանկ է։ Թե մինչև երբ ենք դիմակայելու՝ չգիտեմ»,- ասում է նա։

Տիկին Անուշը պետական ծրագրով խոհարարական գործ է սովորել, բայց վատառողջ լինելու պատճառով չի կարողանում այդ բնագավառում աշխատել։ Ամուսնու հետ մանկապարտեզում ջեռուցման համակարգում են աշխատում՝ հերթափոխով։ Չի տրտնջում, սիրով է աշխատում։ Երազում է վերադառնալ հարազատ Մոխրենես։

«Մեր հողը տան, մեկ րոպե էլ չեմ մնա այստեղ, կգնամ»,-ասում է նա։

Հասմիկ Հակոբյան

 

 

 

 

 

Հասմիկ Հակոբյան Արթուր Ասրյան Էռնեստ Ասրյան 44-օրյա պատերազմ Հադրութ խմբագրի ընտրանի Հայաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին