Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականի համար մեդալների հաշվարկը բացեց հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը զույգը:
Հայ մարզիկները փայլուն հանդես եկան 10 մետր օդամղիչ ատրճանակ 30+30 կրակոց միքս մրցաձևի եզրափակչում՝ արժանանալով արծաթե մեդալի:
Անկախի հետ զրույցում Բենիկ Խլղաթյանը կիսվում է տպավորություններով, խոսում այս ձեռքբերման կարևորության մասին։
-Շնորհավորում ենք Եվրոպական խաղերում արծաթե մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցումներին։
-Շնորհակալ եմ։ Լավ նախապատրաստական շրջան եմ անցել՝ մարզումներ անցկացնելով Հայաստանում՝ մարզիչներիս հսկողությամբ։ Միաժամանակ աշխատել ենք նաև թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական պատրաստվածության վրա։ Լիարժեք պատրաստ էի Եվրոպական խաղերին։ Մեկնեցինք Լեհաստան մարտական տրամադրված, վստահ ևբարձր տրամադրությամբ։
-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Լեհաստանում ամեն բան հրաշալի էր կազմակերպված, մթնոլորտը բավական լավն էր։ Նշեցի, որ մարտական էինք տրամադրված։ Ուրախ եմ, որ Էլմիրա Կարապետյանի հետ թիմային պայքարում հաջող հանդես եկանք, դիտարժան ու տպավորիչ ելույթներ ունեցանք՝ զիջելով միայն իտալացի մարզիկներին։
-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը։
-Իմ առաջին Եվրոպական խաղերն էին։ Յուրաքանչյուր մրցում պարտավորեցնում է, սա առավել կարևոր էր փորձի ձեռքբերման առումով։ Բացի այդ, ինձ համար միշտ պատիվ է ներկայացնել իմ երկիրն ու եռագույնը, հաղթանակ տոնել։
Շատ կարևոր էր ինձ համար թիմում տիրող ջերմ մթնոլորտը, թիմակիցներին սատարելը, ոգևորելը, ինչն իսկապես օգնում է ավելի վստահ հանդես գալ կրակագծում։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության և շնորհավորանքների համար։
-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Շարունակելու եմ մարզումներս, պատրաստվելու եմ Չինաստանում կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին։