ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը երկու անգամ առաջարկել է իրեն եւ մի խումբ դիվանագետների տալ լիազորություն Արցախի հարցով բանակցելու համար, որի արդյունքում իրավիճակում բեկում կլինի։ Այդ ընթացքում Օսկանյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է լռի։
«Ինձ եւ մի խումբ դիվանագետների տվեք ամբողջական լիազորություն, առանց կողքից խանգարելու, այդ ընթացքում լռելու ուղղակի, եւ 3 ամսվա ընթացքում հնարավոր կլինի կտրուկ փոփոխություն մտցնել բանակցությունների գործընթացում»,- ասել էր նա:
NEWS.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է այս հայտարարությանը։
«Մենք պատեհ չենք համարում արձագանքելը, որովհետեւ վարչապետի՝ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթից ու հարցուպատասխանից հետո տարբեր մեկնաբանություններ են եղել, եւ կարող ենք արձանագրել՝ բոլոր հարցերի պատասխանները սպառիչ տրվել են։ Քննիչ հանձաժողովում Վարդան Օսկանյանին անդրադարձ եղել է, եւ հիմա ես չեմ ուզում առանձին անդրադառնալ նրան»,- ասաց Բաղդասարյանը։
Հարցին, թե կոնկրետ ինչ որակում կտա Օսկանյանի առաջարկին, Բաղդասարյանն ասաց․ «Զերծ կմնամ»։