f

Անկախ

«88 Թ. Մտաւորականութիւնը Ժողովրդին Ոտքի Հանեց», Մովսէս Հերկելեան


Ստորեւ կը ներկայացնենք «Դրօշակ»-ի հարցազրոյցը լիբանանահայ արուեստաբան, «Նոա՛զ արք» պատկերասրահի հիմնադիր, «Ազդակ»-ի աշխատակից դոկտ. Մովսէս Հերկելեանին հետ:

«ԴՐՕՇԱԿ».- Դուք 1970-ականներին Լիբանանից եկել էք Հայաստան բարձրագոյն կրթութիւն ստանալու նպատակով: Ուսանել էք Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունքի հայոց լեզուի եւ գրականութեան բաժնում, ինչպէս նաեւ գեղարուեստաթատերական հիմնարկի արուեստաբանութեան բաժնում` իբրեւ ասպիրանտ, ստացել էք արուեստաբանութեան թեկնածուի գիտական աստիճան: Հայրենիք գալիս ունեցել էք նաեւ այլ յանձնառութիւն: Պատմէք, խնդրում եմ, այդ ամէնի մասին:

ՄՈՎՍԷՍ ՀԵՐԿԵԼԵԱՆ.- Սկսեմ այնտեղից, որ ծնուել եմ Լիբանանի հայաբնակ Այնճար գիւղում: Գիւղի բնակչութեան 90 տոկոսից աւելին մուսալեռցիներ են: Գիւղն ունի իր քաղաքապետարանը, թէեւ այստեղ միշտ որոշիչ է Դաշնակցութեան «Կարմիր լեռ» կոմիտէին գործունէութիւնը: ՀՅԴ կոմիտէին կից այստեղ գործում էր Դաշնակցութեան «Բաբգէն Սիւնի» պատանեկան միութիւնը, որի անդամ եմ եղել պատանութեան տարիներին: Երբ տարիքս հասաւ, Դաշնակցութեան շարքերն անցնելիս երդմանս կնքահայրը եղաւ նշանաւոր ազգային-պետական գործիչ Կարօ Սասունին: Սովորում էի գիւղի «Յառաջ» դպրոցում, մտածում էի, որ աւարտելուց յետոյ կը դառնամ ատաղձագործ. սիրահարուած էի, եւ մտքերս այս հարցերի շուրջ էին պտտւում: Այդ տարիներին գիւղ եկաւ մտաւորական մի մարդ` Սարգիս Զէյթլեանը, որը դարձել էր «Կարմիր լեռ» կոմիտէի հերթապահը, միաժամանակ պատանեկան միութեան վարիչն էր եւ դպրոցի տնօրէնը: Նշեմ, որ ծնուած լինելով Մուսա Լեռում` նա նոյնպէս հասակ էր առել Այնճարում, այնուհետեւ ուսման եւ գործերի բերումով հեռացել էր գիւղից: Այնճարի ղեկավարութեան հրաւէրով նա այստեղ էր վերադարձել Եգիպտոսից: Ընկեր Զէյթլեանը աչքի ընկնող, իւրատեսակ անձ էր, եւ պատանեկան միութեան անդամներն ու աշակերտները սիրում էին նրան: Նախակրթարանի հինգերորդ դասարանում էի, մի անգամ նա ինձ իր մօտ կանչեց, ասաց, թէ ուզում է, որ զրուցենք, բայց` ոչ որպէս տնօրէն ու աշակերտ, այլ` ինչպէս դաշնակցական ընկերներ: Այն ժամանակ ես նկարում էի, գրում էի, բեմադրում էի եւ դերասանութիւն էի անում: Ընկեր Զէյթլեանը տեղեակ էր այդ ամէնից եւ այդ մասին խօսեց շատ երկար: Նա ինձ ասաց, որ կա՛մ կը շարունակեմ ապրել այդպէս անհոգ` աղջիկ խաղացնելով, չարութիւններ անելով, կա՛մ կը սովորեմ եւ իմ այս շնորհքները զարգացնելով` լուրջ մարդ կը դառնամ: Ինձ մտածելու համար մէկ շաբաթ ժամանակ տուեց, սակայն նրա սենեակից դուրս գալուց յետոյ որոշեցի, որ կ՛անեմ այնպէս, ինչպէս ասել էր: Պատճառն այն էր, որ նրա մտերմիկ, անկեղծ խօսքը մեծ ազդեցութիւն էր ունեցել ինձ վրայ: Նա ասաց, որ եթէ որոշեմ հետեւել իր խորհրդին, վստահ պէտք է լինեմ, որ յանձին իրեն` դաշնակցական ընկեր ունեմ, որն իմ կողքին է լինելու:

Ես շարունակեցի ուսումս: Ի հարկէ կռուարար էի, որի պատճառով հեռացրին դպրոցից, յաճախեցի բողոքականների դպրոց, սակայն այստեղից էլ ինձ վտարեցին վատ վարքիս պատճառով: Ինչեւէ, ի վերջոյ աւարտական վկայական ստացայ, որից յետոյ այցելեցի ընկեր Զէյթլեանին: Այդ ժամանակ արդէն նա փոխադրուել էր Պէյրութ, որտեղ Կենտրոնական կոմիտէի հերթապահն էր եւ «Վահէ Սեթեան» տպարանի տնօրէնը: Նա ինձ տարբեր յանձնարարութիւններ տուեց, իսկ մի օր էլ, երբ արդէն ՀՅԴ Բիւրոյի անդամ էր, կանչեց եւ ասաց, որ իմ «մարզական» պարապմունքներն ու միւս զբաղմունքները պէտք է թողնեմ, քանի որ իրենք ուզում են ինձ ուղարկել Հայաստան` ուսումս շարունակելու: Բացատրեց, որ ինձ համար հեշտ չի լինի Հայաստանում հաստատուելը, եւ ճանապարհը ինքս պէտք է գտնեմ: Մէկ ամիս չանցած` կրկին կանչեց: Այս անգամ երեքով էինք. ներկայ էր նաեւ Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Հրայր Մարուխեանը: Նրանք երկուսով բացատրեցին ինձ, թէ Հայաստանում ի՛նչ եմ անելու:

Ասացին, որ ես հայրենիքում պէտք է դառնամ Դաշնակցութեան աչքը, պէտք է նայեմ, թէ ի՛նչ է անցնում-դառնում, նաեւ պէտք է այնտեղ տարածեմ «Բագին» ամսագիրը, «Ազդակ Շաբաթօրեակ-Դրօշակ» թերթը, ազգային-յեղափոխական գրականութիւն, ինչպէս եւ` Հայաստանում արգելուած հայ գրողների աշխատութիւնները, ինչպէս, օրինակ, Յակոբ Օշականի կամ Լեւոն Շանթի ստեղծագործութիւնները:

Ասացին նաեւ, որ գաղտնիութեան համար իմ գործը կը լինի միայն իրենց երկուսի հետ: Անշուշտ համաձայնուեցի: Այդպէս էլ եղաւ, հետագայում գործերով միայն նրանց հետ էի շփւում: Մօրս ազգական Մարտիրոս Գուշակչեանը համայնավար էր եւ համայնավարական «Կանչ» թերթի խմբագիրը: Նրա միջոցով դիմեցի Հայաստանում սովորելու համար, սակայն առաջին տարին մերժեցին, երկրորդ տարին եւս մերժեցին: Թոյլատրուեց երրորդ տարին, եւ կարողացայ գալ ու ընդունուել պետական համալսարան: Մինչ այդ Լիբանանում համալսարանի ճարտարապետական բաժին էի ընդունուել, այնտեղի ուսումնառութիւնը թողեցի կիսատ եւ եկայ Հայաստան: Ի դէպ, գալուց առաջ Սարգիս Զէյթլեանն ասաց. «Հայաստանում երկու մարդու իմ կողմից բարեւ կը փոխանցես, իսկ յետոյ ինձ կ՛ասես, թէ ինչպէս արձագանգեցին»: Ասաց, որ երկուսն էլ իմ դասախօսներն են լինելու: Այդ մարդկանցից առաջինը Զաւարեանն էր` Սիմոն Զաւարեանի եղբօր տղան: Նա մեզ դասաւանդում էր վրացական գրականութիւն, սակայն հիմնականում պատմում էր Սայաթ-Նովայի եւ Շոթա Ռուսթաւելու «Վագրենաւորի» մասին: Նոր տարուայ նախօրեակին համալսարանի հին շէնքում մի օր մօտեցայ նրան եւ ասացի. «Ընկե՛ր Զաւարեան, ես ձեզ Լիբանանից բարեւ եմ բերել»: Նա ինձ մի անկիւն քաշեց եւ հարցրեց, թէ` ումից, պատասխանեցի` Սարգիս Զէյթլեանից: Զաւարեանը գունատուեց, ասաց. «Տղա՛յ ջան, ես այդպիսի մարդու չեմ ճանաչում եւ այլեւս ինձ նման բարեւներ չբերես»: Ես յուսահատուեցի եւ երկրորդ անձին չէի ցանկանում մօտենալ, սակայն Նոր տարին մօտենում էր, Պէյրութ պէտք էր վերադառնայի եւ ընկեր Զէյթլեանին զեկուցէի իր յանձնարարութեան կատարման մասին: Երկրորդ անձը Ռաֆայէլ Իշխանեանն էր: Թէեւ Զաւարեանի վերաբերմունքից յետոյ կասկածների մէջ էի, այնուամենայնիւ, մի օր միջանցքում մօտեցայ Իշխանեանին եւ փոխանցեցի բարեւը: Նա զարմացաւ, նախ հարցրեց, թէ Պէյրութի՞ց եմ, պատասխանեցի, որ Այնճարից եմ: Իշխանեանն ասաց. «Աւելի լաւ, ուրեմն դու մերոնքական ես»: Ուզում էր ասել` դաշնակցական: Յետոյ աւելացրեց. «Այստեղ խօսելու տեղ չէ, կը գաս մեր տուն, կը խօսենք»: Գնացի իրենց տուն, խօսեցինք, ասաց, որ ինձ պէտք է ծանօթացնի իր փեսայի հետ: Այդ ժամանակ Իշխանեանի դուստրը եւ Վազգէն Մանուկեանը նոր էին նշանուել: Իշխանեանն ասաց. «Վազգէնն էլ մարդ է փնտռում, որի միջոցով կարող է կապ հաստատել Դաշնակցութեան հետ»: Այդ օրերին արդէն Վազգէնն ընդյատակեայ խումբ ունէր: Մենք ծանօթացանք, մտերմացանք, եւ այդ մտերմութիւնը շարունակւում է մինչեւ այսօր:

«ԴՐՕՇԱԿ».- Դուք այդ ժամանակ ձեզ հետ գրականութիւն էիք բերում եւ տարածում Հայաստանում:

Մ. Հ.- Այո՛, «Բագին»-ը եւ «Ազդակ Շաբաթօրեակ-Դրօշակ»-ն էի տարածում, ինչպէս նաեւ` գրականութիւն: Դրանք հիմնականում ուղիղ չէին մտնում Հայաստան, այլ Մոսկուայի կամ Օտեսայի ճանապարհով: Մանրամասների մէջ չմտնելով` ասեմ, որ տարբեր մարդիկ այս գործում օգտակար էին լինում: Օրինակ` Մոսկուայում շատ էր օգնում բանաստեղծ, թարգմանիչ Աբրահամ Ալիքեանը:

Ալիքեանը ներգաղթած էր, Մոսկուայում աւարտել էր Գորկու անուան գրականութեան հիմնարկը եւ նոյն հիմնարկում դասաւանդում էր: Մաքսատան գրաքննիչները (բնականաբար հայերէն գրականութիւնը հայերի ձեռքի տակով էր անցնում) կապի մէջ էին Ալիքեանի հետ եւ գիտակցաբար այդ գրականութիւնը յանձնում էին նրան: Իսկ Մոսկուայից Հայաստան մամուլն ու գրականութիւնը հասնում էր շատ հեշտութեամբ: «Ազդակ Շաբաթօրեակ-Դրօշակ»-ը բաժանւում էր շատ աւելի զգուշութեամբ եւ աւելի քիչ մարդկանց, քան` «Բագին»-ը: Այստեղ հասցնելու եւ տարածելու գործում լաւ դերակատարութիւն ունէր Ռազմիկ Դաւոյեանը: Իր հետ տարիներ շարունակ ես շատ լաւ գործակցել եմ: Ինչ-որ բաներ էլ ես էի սահմանով անցկացնում: «Բագին»-ը ես տալիս էի վստահելի մարդկանց` Սօս Սարգսեանին, Ռազմիկ Դաւոյեանին, Հրանտ Մաթեւոսեանին, Բագրատ Ուլուբաբեանին եւ ուրիշների: Ինձ համար վստահելի գործակիցներ էին` Ալբերտ Կոստանեանը, Սէյրան Խաթլամաջեանը, Պետրոս Այնթապլեանը, Ռուբէն Յովսէփեանը, Ռաֆայէլ Իշխանեանը, Աննա Պետրոսեանը եւ այլք: Մեզ հետ գործակցել են նաեւ Սիլվա Կապուտիկեանն ու Ալեքսանդր Թոփչեանը, որոնք թէեւ «Բագին»-ը ստանում էին այլ միջոցներով (առաջինը` «Մշակութային կապի կոմիտէի», իսկ երկրորդը` իր հօր` Էդուարդ Թոփչեանի միջոցով), սակայն նրանց նկատմամբ նոյնպէս մեծ վստահութիւն ունէինք: Թուարկուած մարդկանց «Բագին»-ը տալիս էի ուղղակիօրէն, ուրիշների դէպքում ամսագիրը դրւում էր դարակներում, եւ նրա մէջ գրութիւն էր լինում. «Կարդա՛ եւ փոխանցի՛ր»: Կարդացողը փոխանցում էր իրեն վստահելի մարդու: Բռնուելու դէպքում հնարաւոր չէր շղթան բացայայտել: Համալսարանի պատմաբաններին «Ազդակ Շաբաթօրեակ-Դրօշակ»-ը տալիս էր Ռ. Իշխանեանը: Նաեւ Պետրոս Այնթապլեանը կար, որը շատ զարգացած մարդ էր, լայն կապեր ունէր մտաւորական շրջանակների հետ, նրանց փոխանցում էր «Ազդակ Շաբաթօրեակ-Դրօշակ»-ը եւ «Բագին»-ը: Պետրոս Այնթապլեանը մամուլն ու գրականութիւնը տալիս էր նաեւ հօրեղբօր տղային` Մացակ Այնթապլեանին, որն էլ տարածում էր դասախօսների եւ իր ուսանող ընկերների շրջանում:

«Ազդակ Շաբաթօրեակ-Դրօշակ»-ը, ի հարկէ, ես աւելի քիչ մարդկանց էի տալիս: Ռուբէնի «Յուշեր»-ի կամ Վրացեանի «Հայաստանի Հանրապետութիւն»-ի նման գրքերը հասցւում էին, օրինակ, նաեւ Ճոն Կիրակոսեանին կամ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսան Կիրակոսեանին: Այս երկու անձինք Կենտկոմի անդամներ լինելով` իրաւունք ունէին գրադարանում արգելուած գրականութիւն կարդալ, սակայն եթէ այդպէս անէին, պէտք էր արձանագրուէր, որ այդ մարդիկ այդ գրքերը կարդացել են: Այդ պատճառով գերադասում էին շատ բաներ այսպէս կարդալ: Գրքերն էլ շրջանառւում էին մամուլի պէս` կարդալու եւ փոխանցելու շղթայով: Ասեմ, որ ամենամեծ ժողովրդականութիւնը վայելում էր Անդրանիկ Ծառուկեանի «Թուղթ առ Երեւան»-ը: Սրա պահանջարկը այնքան մեծ էր, որ նոյնիսկ խմորատիպ ձեւով տպագրել եւ տարածել էինք: Այդպէս խմորատիպ տարածուել է նաեւ Օտեանի «Փանջունին»:

Այդ տարիներին Սարգիս Զէյթլեանը խմբագրին յանձնարարել էր, որ «Բագին»-ը քաղաքականանայ: Պատահում էր, որ «Բագին»-ը Ազգային անվտանգութեան կոմիտէի կողմից բռնագրաւուում էր, բայց յետոյ այդ բռնագրաւուած օրինակը կրկին յայտնւում էր մարդկանց ձեռքին: Նշանակում է, որ հէնց ազգային անվտանգութեան աշխատակիցներն էին այն տարածում: Երբ այս մասին Զէյթլեանն իմացաւ, թելադրեց Պօղոս Սնապեանին, որպէսզի քաղաքականացնի «Բագին»-ը, ինչը եւ Սնապեանը կատարեց յաջողութեամբ: Սնապեանին յանձնարարուել էր նաեւ յատուկ ուշադրութիւն դարձնել հայաստանցի այն երիտասարդ գրողներին, որոնք իրենց ստեղծագործութեամբ դուրս էին սոցիալիստական ռէալիզմի կաղապարներից: Դա վերաբերում էր գրականագէտ Ալեքսանդր Թօփչեանի համախոհներին եւ ուրիշների` Հենրիկ Էդոյեանին, Արտեմ Յարութիւնեանին, Դաւիթ Յովհաննէսին, Սլաւիկ Չիլոյեանին, Արմէն Մարտիրոսեանին եւ այլոց: Այս մարդկանց հետ ես մշտապէս մօտ եմ եղել, բայց արգելուած էր նրանց «Բագին» տալը, որպէսզի չվտանգուեն: Այս գրողներից շատերին, սակայն, ամսագիրը կամ նրա առանձին նիւթերը փոխանցում էր Ալեքսանդր Թոփչեանը, որին հասու էին իր հօր` Գրողների միութեան նախագահ Էդուարդ Թօփչեանի ձեռքի տակ եղած օրինակները:

«ԴՐՕՇԱԿ».- Անդրադառնանք Վազգէն Մանուկեանի հետ գործակցութեանը:

Մ. Հ.- Երբ 1969 կամ 70 թուականին Վազգէն Մանուկեանը վերադարձաւ Մոսկուայից, իր համախոհ ընկերների հետ արդէն ինչ-որ բաներ արել էր Մոսկուայում: Օրինակ` ցոյցեր էին կազմակերպել Թուրքիայի դեսպանատան առջեւ, դրա համար ձերբակալուել էին եւ այլն: Այնտեղ նա ծանօթ էր եղել մի շատ կարեւոր մարդու հետ: Այդ մարդը Համբարձում Յովակիմի Յարութիւնեանն էր, որին աւելի շատ ճանաչել էին որպէս Համօ Ակիմիչ: Նա եղել էր Խորհրդային Միութեան դեսպանը Քանատայում, որտեղ ծառայութիւնն աւարտելուց յետոյ վերադարձել եւ աշխատել էր ԽՍՀՄ արտգործնախարարութիւնում` որպէս խորհրդական: Այս մարդը շատ լաւ իմացել էր Խորհրդային Միութեան խոհանոցը, եւ առաջին անգամ ինքն էր Վազգէնին ասել, որ Խորհրդային Միութիւնը քայքայուելու է, եւ մենք պէտք է պատրաստ լինենք անկախութեան: Նա շուտ է մահացել, սակայն հասցրել է Վազգէնին եւ ընկերներին քաղաքականապէս դաստիարակել: Բացատրել է, թէ ի՛նչ է Ամերիկան, ի՛նչ է Խորհրդային Միութիւնը, եւ ինքը համաձայն է եղել անկախութեան գաղափարի հետ: Այս մարդն է Վազգէնին ծանօթացրել մարշալ Բաղրամեանի, մարշալ Բաբաջանեանի եւ ծովակալ Իսակովի հետ:

Վազգէն Մանուկեանը պաշտօնեայ չեղած ժամանակ շփուել էր նաեւ Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Զարուբեանի հետ, որը նոյնպէս մեծ հայրենասէր էր:

«ԴՐՕՇԱԿ».- Այժմ խօսենք Վազգէն Մանուկեանի գլխաւորութեամբ համալսարանում գործած «Մշակութային ակումբ»-ի մասին, ապա անդրադառնանք «Թարգմանչաց տօներ»-ին:

Մ. Հ.- Մոսկուայից վերադառնալով` Վազգէն Մանուկեանը ցանկացել է այստեղ շարունակել իր ազգային գործունէութիւնը: Նա մտածել է, որ եթէ քաղաքական բնոյթի կազմակերպութիւն ստեղծի, իշխանութիւններն դրա դէմ անմիջապէս կոշտ միջոցներ կը ձեռնարկեն, եւ որոշել է մշակութայինի անուան տակ ստեղծել ինչ-որ կազմակերպութիւն: Համալսարանում ստեղծւում է «Մշակութային ակումբ»-ը, որը որոշ ժամանակ անց բացայայտւում է, եւ նրա գործունէութիւնը դադարեցւում է: Եթէ չեմ սխալւում, 1972 թուականին ստեղծւում են, այսպէս կոչուած, «Թարգմանչաց տօներ»-ը` իբր թէ պատմութիւնից յայտնի հայկական այդ տօնը տօնելու նպատակով: Այս անուան տակ հաւաքները տեղի էին ունենում հիմնականում Սերկէյ Մերգելեանի հիմնարկին պատկանող Ծաղկաձորի հիւրանոցում` Մերգելեանի հովանաւորութեամբ: Մերգելեանը Վազգէնի հետ սերտ յարաբերութիւնների մէջ էր, ես էլ եմ շփուել իր հետ, ինչպէս նաեւ` Գուրզադեանի եւ Իոսիֆեանի նման մեծ գիտնականների հետ: Նրանք բոլորը հայրենասէր մարդիկ էին: Կազմակերպութիւնը հիմնելու համար ստեղծուել է ղեկավար մարմին` յանձնախումբ: Եօթ հոգանոց այդ յանձնախմբի մէկ անդամի` Վրէժի մահուանից յետոյ ինձ ընդգրկեցին…

Տիկին Թորոսեան, Ճիմ Թորոսեան, Մետաքսիա Սիմոնեան, Սիլվա Կապուտիկեան, Սերգէյ Մերգելեան, Կարէն Յակոբեան, Վերա Յակոբեան եւ դերասանուհի մը:
Երկրորդ շարք ոտքի` Ար. Թարխանեան, Գր. Խանջեան, Արա Շիրազ եւ ներկաներուն կողակիցներն ու ուստրերը:
Վերջին շարք ոտքի` Հ. Ղազարեան, Բ. Արաքսեան, Ե. Ստեփանեան, Մ. Ս. Հերկելեան, Լ. Խաչատրեան, Վ. Մանուկեան եւ Դ. Վարդանեան:

«Թարգմանչաց տօներ»-ը կազմակերպւում էին ամէն տարի աշնանը: Մերգելեանի գլխաւորած հիմնարկի հիւրանոցում հաւաքւում էին մինչեւ 150 յայտնի մտաւորականներ ու արուեստագէտներ` դերասաններ նկարիչներ, գրողներ եւ այլն: Նրանց թւում էին` Սօս Սարգսեանը, Լուսինէ Զաքարեանը, Խորէն Պալեանը, Մետաքսիա Սիմոնեանը, Սիլվա Կապուտիկեանը, Հրանտ Մաթեւոսեանը, Բագրատ Ուլուբաբեանը, Ռազմիկ Դաւոյեանը, Համօ Սահեանը, Մուշեղ Գալշոյեանը, Սերօ Խանզադեանը, ճարտարապետներ` Արթուր Թարխանեանը եւ Ճիմ Թորոսեանը, արուեստաբաններ` Շահեն Խաչատրեանն ու Հենրիկ Իգիթեանը, նկարիչներ` Յակոբ Յակոբեանը, Կարէն Սմբատեանը, Սէյրան Խաթլամաջեանը: Այս հաւաքների ժամանակ քննարկւում էին մշակոյթի, հայոց լեզուի եւ գրականութեան հետ կապուած խնդիրներ, ինչպէս նաեւ` ազգային ու անկախութեան հետ կապուած հարցեր: Այս ձեռնարկների նպատակներից մէկը մտաւորականներին համախմբելն էր, օրինակ` ռուսականացման վտանգի դէմ մտաւորականները պատրաստ էին միահամուռ պայքարի:

Ձախէն աջ` Սերգէյ Մերկելեան, Մովսէս Ս. Հերկելեան, Անտոն (Անդրանիկ) Եոսիֆեան, Վերա Յակոբեան, Յասմիկ Դաւոյեան, Ռազմիկ Դաւոյեան, Յակոբ Յակոբեան եւ կինը` Մարի Յակոբեան:

Նշածս յանձնախումբը գործում էր մի քանի ուղղութիւններով. անում էինք խիստ գաղտնի, կիսագաղտնի եւ բացայայտ գործեր: Այսպիսի սկզբունք կար, եթէ անում էինք գերգաղտնի գործեր, միւսներն այդ մասին պէտք չէր իմանային: Եթէ ոեւէ մէկը որեւէ տեղեկութիւն էր բերում, ոչ ոք պէտք չէր հարցնէր, թէ որտեղից է այդ տեղեկութիւնը:

Ասեմ, որ Դաշնակցութիւնը ամբողջովին տեղեակ էր այս գործունէութեանը, ինչպէս նշեցի, կապի մէջ էի Մարուխեանի եւ յատկապէս Զէյթլեանի հետ:

«ԴՐՕՇԱԿ».- Ինչո՞ւ Դաշնակցութեան կողմից փորձ չի արուել աւելի սերտ կապեր հաստատել, գործակցել, կուսակցական բջիջներ ստեղծել Հայաստանում:

Մ. Հ.- Վազգէն Մանուկեանը ցանկանում էր, որ պաշտօնական յարաբերութիւններ լինէին, սակայն Զէյթլեանը դէմ էր. նա ասում էր, որ բացայայտուելու դէպքում հետեւանքները շատ ծանր կը լինեն: Այդ պատճառով Դաշնակցութիւնը խուսափել է, օրինակ, նաեւ նիւթական աջակցութիւն ցոյց տալ: Կազմակերպութիւնն ինքն էր իր անդամների եկամուտներից յատկացնում գործերի համար: Միւս կողմից` եթէ Դաշնակցութեան անունն ի յայտ գար, շատերը կը հեռանային: Աւելացնեմ, որ այս խմբի գործերին ամբողջովին տեղեակ էր Ռաֆայէլ Իշխանեանը, մասամբ` Հրանտ Մաթեւոսեանը, Ռազմիկ Դաւոյեանը, Պետրոս Այնթապլեանը:

«ԴՐՕՇԱԿ».- Ձեր ղեկավար խումբն ունենո՞ւմ էր իր առանձին ժողովները:

Ձախէն աջ` Հայկ Ղազարեան, Մովսէս Ս. Հերկելեան, Եսայի Ստեփանեանն ու կինը, Վազգէն Մանուկեան, Լութվիկ Խաչատրեան ու կինը եւ Դաւիթ Վարդանեան: (1979-ի աշուն, Ծաղկաձոր):

Մ. Հ.- Այո՛, եւ մեր ժողովները, քննարկումները տեղի էին ունենում հիմնականում Վազգէն Մանուկեանի տան նկուղում, ինքն էր մեր ղեկավարը, մենք բոլորս իրար «շեֆ» էինք ասում, որպէսզի չիմացուի, թէ ո՞վ է մեր իսկական ղեկավարը, միաժամանակ դա մեր գաղտնաբառն էր (փարոլան): Այստեղ մենք յաճախ քարտ էինք խաղում, որպէսզի, եթէ յանկարծ գան ձերբակալելու, տեսնեն, թէ ինչով էինք զբաղուած: Մեզ, ի հարկէ, հետեւել են, հետագայում փաստեր են ի յայտ եկել, որ ուշադրութեան կենտրոնում ենք եղել: Ի դէպ, ինձ Հայաստանից «փերսոնա նոն կրաթա» յայտարարելով` 81 թուականին արտաքսել են… սովետից: Այսինքն` Հայաստանում 71-ից սկսած` 10 տարի գտնուելուց յետոյ: Կորպաչովի ժամանակ ինձ ներում եկաւ:

Մի անգամ` 74 թուականին, Վազգէնը եկաւ եւ ասաց, թէ յստակ տեղեկութիւններ ունի, որ սովետը պիտի քանդուի, եւ մենք պէտք է պատրաստուենք անկախութեան: Մենք թերահաւատութեամբ վերաբերուեցինք այդ մտքին: Այնուամենայնիւ, ես այս լուրը փոխանցեցի Սարգիս Զէյթլեանին եւ Մարուխեանին: Մարուխեանն ասաց, թէ Քէյ, Ճի. Պի.-ն մեզ փորձում է, ցանկանում է իմանալ, թէ ի՛նչ ենք մտածում անկախութեան մասին, ինչ-որ բան անո՞ւմ ենք այս ուղղութեամբ, թէ՞ ոչ: Իր ասածի մէջ տրամաբանութիւն կար, իսկ Զէյթլեանն ասաց, որ եթէ նոյնիսկ դա այդպէս է, մենք պէտք է պատրաստ լինենք անկախութեանը: Պատմութիւնը, ցաւօք, ցոյց տուեց, որ պատրաստ չէինք այդ օրուան: Այո՛, մենք պատրաստ էինք ըմբոստութեան, եւ «Թարգմանչաց տօներ»-ը այս առումով մեծ դեր էին խաղացել: Անկախութեանն առնչուող հարցերը քննարկւում էին այնտեղ, նոյն կերպ մտածող մտաւորականների համախմբում էր տեղի ունեցել, սակայն պատմութիւնը ցոյց տուեց, որ մենք պատրաստ էինք ըմբոստութեան, բայց` ո՛չ անկախութեան:

«ԴՐՕՇԱԿ».- Այսինքն կարելի է ասել, որ այդ շարժումը նախապատրաստեց սերնդի մի փաղանգի` ապագայ անկախութեան համար:

Մ. Հ.- Ոչ թէ մի հատուածի, այլ աչքի ընկնող եւ ճանաչուած գրեթէ ողջ մտաւորականութեանը: Առանց մտաւորականութեան` ժողովուրդը տեղից չի շարժուի: Այդ մտաւորականութիւնը ժողովրդին ոտքի հանեց, իսկ անկախութիւնից յետոյ ամորձատեցին մտաւորականութեանը, եւ մենք այսօր, իբրեւ այդպիսին, բառի իրական իմաստով, մտաւորականութիւն չունենք: Չկայ այն մտաւորականութիւնը, որը ժողովրդին կարող է ոտքի հանել, եւ սա արուել է ծրագրուած ձեւով:

«ԴՐՕՇԱԿ» թիւ 5, 2023թ.

Մովսես Հերկելյան Արցախյան շարժում Լիբանան Ղարաբաղ կոմիտե Հայաստան խմբագրի ընտրանի

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին