Չինաստանի խորհրդարանը հայտարարել է Ցին Գանին երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնից հեռացնելու մասին։ 57-ամյա քաղաքական գործիչը հունիսի 25-ից չի երևացել հանրությանը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հրաժարվել էր պատասխանել նրա առողջական վիճակի մասին հարցին։ Արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել 69-ամյա Վան Յին՝ Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավարը, գրում է kommersant.ru-ն։
Աղբյուրը հիշեցնում է, որ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը Վան Ին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Թե որն է Ցին Գանի պաշտոնանկության պատճառը, հայտնի չէ։ Ցին Գանին վերջին անգամ տեսել են հունիսի 25-ին: Այնուհետ նա Պեկինում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլին չինացի պաշտոնակցի գտնվելու վայրի մասին տեղեկատվության բացակայության պատճառով հետաձգել էր հուլիսի վերջին նախատեսված այցը Պեկին։ Արևմտյան լրատվամիջոցները մի քանի տեսություններ են առաջ քաշել այն մասին, թե ինչ կարող է պատահած լինել չինացի նախարարի հետ: