Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Թուրքիայի և Եգիպտոսի դեսպանատների առջև աջ ծայրահեղական ցուցարարների խումբն այրել է մահմեդականների Սուրբ գրքի՝ Ղուրանի պատճենները, գրում է Al Jazeera-ն։
Ղուրանի այրումը հետևել է ծայրահեղ ազգայնական «Դանիացի հայրենասերներ» խմբի կողմից կազմակերպված հակաիսլամական ցույցին։ Նման ակցիա խումբը կազմակերպել էր նաև երկուշաբթի և անցյալ շաբաթ Իրաքի դեսպանատան առջև:
Վերջին մեկ ամսվա ընթացքում երկու նման դեպք էլ տեղի է ունեցել Շվեդիայում։ Իրաքի ԱԳ նախարարությունը ԵՄ երկրների իշխանություններին կոչ է արել «արագ վերանայել, այսպես կոչված, խոսքի ազատության և ցույցերի իրավունքը»՝ Ղուրանի այրման լույսի ներքո: Թուրքիան հայտարարել է, որ խստորեն դատապարտում է Ղուրանի դեմ հարձակումը և կոչ արել Դանիային՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել «իսլամի դեմ այս ատելության հանցագործությունը» կանխելու համար:
Եգիպտոսի ԱԳՆ-ն էլ կանչել է Շվեդիայի գործերի հավատարմատարին ու դատապարտել Ղուրանի այրման ակցիան։ Դանիայի կառավարությունն իր հերթին դատապարտել է այս ակցիաները՝ դրանք «սադրիչ և ամոթալի գործողություններ» որակելով, սակայն նշել է, որ իրավունք չունի արգելել ոչ բռնի ցույցերը: