Ճապոնիայի կառավարությունը, որպես Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մաս, որոշում է կայացրել արգելել 1,9 լիտրից ավելի շարժիչով ավտոմեքենաների, ինչպես նաև հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաների, ինչպես նաեւ բեռնատարների անվադողերի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Յասուտոշի Նիշիմուրան։
«Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 9-ից»,- ասել է նա։ Նիշիմուրան նշել է, որ Ճապոնիան կշարունակի սերտորեն համագործակցել միջազգային հանրության և G7 երկրների հետ՝ ամեն ինչ անելու համար, որպեսզի խստորեն պահպանվեն Ռուսաստանի նկատմամբ սահմանված սահմանափակումները։
Ընդհանուր առմամբ, նոր պատժամիջոցների ցանկը, որը հրապարակվել է Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարության կայքում, պարունակում է 750 ապրանք, հիմնականում այն կատեգորիաների, որոնք արդեն ենթարկվել են սահմանափակող միջոցների։ Խոսքը, մասնավորապես, զբոսանավերի, ծանր մեքենաների անվադողերի, մեքենայի նստատեղերի, մեքենայի կողպեքների մասին է և այլն։
Ցանկում են նաև կերամիկայից, թղթից, ապակուց, կերամիկական սալիկներից պատրաստված մի շարք ապրանքներ, նաեւ ասֆալտ ու ցեմենտ։ Բացի այդ, ցանկը ներառում է օգտագործված հագուստ, տեքստիլ, բուրդ և բամբակ: Ընդլայնվել է մատակարարման համար արգելված ներկերի և լաքերի, լուսանկարների և տեսանյութերի նկարահանման նյութերի տեսականին։
Հունիսին Եվրամիությունը պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում արգելել է Ռուսաստանի Դաշնություն 1,9 լիտրից ավելի շարժիչով նոր և օգտագործված մեքենաների, ինչպես նաև էլեկտրական մեքենաների և հիբրիդային շարժիչով մեքենաների մատակարարումը։