Հուլիսի 10-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված COVID-19 դեպքերի թիվը, նախորդ 28 օրվա համեմատ, աճել է 80%-ով։ Միևնույն ժամանակ, կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացությունների թիվն աշխարհում նվազել է 57%-ով։
Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական համաճարակաբանական ամփոփագրում ներկայացված տվյալները: Ամբողջ աշխարհում հուլիսի 10-ից օգոստոսի 6-ը գրանցվել է COVID-19-ի գրեթե 1,5 միլիոն նոր դեպք և ավելի քան 2,5 հազար մահ։ 28 օրվա ընթացքում 234 երկրներից 103-ը (44%) ԱՀԿ-ին հայտնել են COVID-19-ի առնվազն մեկ դեպքի մասին։
2023 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 769 միլիոն հաստատված դեպք և ավելի քան 6,9 միլիոն մահ: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ԱՀԿ-ն հայտարարեց աշխարհում կորոնավիրուսային վարակի օմիկրոն շտամի նոր տարբերակի՝ EG.5 «Էրիս»-ի արագ տարածման մասին: Առաջին անգամ EG.5 շտամը գրանցվել է փետրվարի 17-ին։