Հունաստանի իշխանությունները շաբաթ օրը փրկել են մոտ 60 միգրանտի փչովի նավակներում, որոնք փորձում էին Թուրքիայից անցնել Էգեյան ծովի արեւելյան մերձակա կղզիներ, եւ որոնց հետ երկու առանձին միջադեպ էր տեղի ունեցել, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով մերձափնյա պահպանությանը։
Վերջին շաբաթներին Հունաստանում նկատվում է նման դեպքերի աճ, հիմնականում ոչ մեծ նավակներով, որոնք տրամադրում են մաքսանենգները։
Մերձափնյա պահպանության հայտարարությունում նշվել է, որ պարեկանավը շաբաթ վաղ առավոտյան հայտնաբերել է 41 մարդու Լեսբոս կղզու մոտ ալիքների վրա տարուբերվող փչովի նավակում։ Նրանք բոլորը բարեհաջող հասցվել են կղզու ընդունող կենտրոն։
Մինչ այդ մերձափնյա պահպանության պարեկանավը կանգնեցրել էր մեկ այլ նավակ, որի վրա 17 մարդ կար, Արկիայի արեւելյան Էգեյան կղզիներից ոչ հեռու։ Միգրանտները հասցվել են Պատմոս կղզի, իսկ նրանցից մեկը ձերբակալվել է մաքսանենգ լինելու կասկածանքով։
Հույն պաշտոնյաները միգրանտների թվի ավելացման հարցում մեղադրում են աֆրիկյան հակամարտությունները, որոնք սաստկացրել են ճնշումը Եվրոպա մաքսաննեգության հիմնական երթուղիներում, ինչպես նաեւ սեւ շուկայի ինդուստրիան Թուրքիայում, որն արտադրում է ցածրորակ փչովի նավակներ։