Լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել գլխավոր դատախազություն, քննչական կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իրենց նկատմամբ իրականացվող հետապնդումների, սպառնալիքների առթիվ։ Լրագրողների նկատմամբ սոցիալական ցանցերի ֆեյք ու իրական օգտատերերի կողմից արշավ սկսեց Նիկոլ Փաշինյանին ասուլիսի ընթացքում սուր հարցեր տալուց հետո։ Կին լրագրողների նկատմամբ հնչում են կյանքից զրկելու, այրելու սպառնալիքներ, տարածում են նրանցից մեկի անչափահաս որդու նկարները, վիրավորում և այլն։
Լրագրողները պահանջում են գտնել ու պատժել իրենց հայհոյողներին, վիրավորողներին։
Միևնույն ժամանակ՝ Անին և Հռիփսիմեն նաև հայցադիմում են ներկայացրել դատարան։
«Մինչ այս մենք աչք էինք փակում, բայց սա այդ դեպքը չէ։ Կան օգտատերեր, որ պետք է պատժվեն հանրային տիրույթում իրենց տարածած վիրավորանքների համար»,-ասաց Հռիփսիմե Ջեբեջյանը։