f

Անկախ

«Փոքրս ասում է՝ մի հատիկ կոնֆետ էլ չկա՞ ՝ տաք ինձ»․ Շուշան Եգանյան


Արցախի շրջափակման 258-րդ օրն է լրացել, բայց իրավիճակն օր օրի ավելի է ծանրանում տրանսպորտի, ուտելիքի և տարրական կենսական պայմանների բացակայություն, դժբախտ պատահարներ, ամբողջ գիշեր հացի հերթերում են ոչ միայն մեծահասակները, այլև՝ երեխաները։ Արցախցիներն այսպիսի անմարդկային պայմաններում համառորեն դիմադրում են թշնամուն՝ ազգային գոյի կռիվ տալով ոչ միայն իրենց, այլև՝ ողջ հայության համար։ Պայքարում են, միայն չգիտեն՝ մինչև ե˚րբ․․․ հանուն ինչի˚․․․ Նրանք միայնակ են մնացել իրենց ցավի հետ, և այդ ցավը, աշխարհի լռությունից բացի, բազմապատկվում է Արցախից դուրս ապրող մեր հայրենակիցների անտարբերությունից։

Ստեփանակերտում բնակվող ճարտարցի Շուշանն ութ օր շարունակ իր երկու փոքրիկների հետ  ամբողջ գիշեր հացի հերթերում անհույս կանգնել է և տուն վերադարձել դատարկ։ Ասում է՝ տանը մի քիչ ալյուր ուներ, ստիպված դրանով հաց է թխել և կերակրել երեխաներին։ Երեխաներից մեծը հինգ տարեկան է, փոքրը՝ մեկուկես։

Շուշանն ընտանիքի հետ հիմա հարազատ Ճարտարում է, և քանի որ Մարտունու շրջանում այսուհետ հացը կտրոնով են գնում, իր վեց անդամից բաղկացած ընտանիքին ընդամենը երկու հաց են տալիս։ Ամեն օր նոր դժվարությունների է հանդիպում, բայց չի հուսահատվում, ասում է՝ իր կյանքն Արցախից դուրս ուրիշ տեղ չի պատկերացնում։

‹‹Շատ դժվար է, անտանելի դժվար, բայց ավելի լավ է մնանք այստեղ, ապրենք ու արարենք Արցախում››,-«Անկախի» հետ զրույցում ասում է Շուշանը։

Արցախի մասամբ շրջափակման ժամանակ, երբ խանութներում քաղցրավենիք չկար, Շուշանը համացանցում ուսուցանող տեսանյութեր է դիտել և սովորել տնային պայմաններում պաղպաղակի պատրաստման ձևը։ Սկզբում իր երեխաների համար է պատրաստել, հետո հյուրասիրել է հարազատներին և ընկերներին։ Վերջիններս առաջարկել են անհրաժեշտ մթերքը ձեռք բերելու դեպքում նաև զբաղվել դրա վաճառքով։ Պաղպաղակի արտադրությամբ զբաղվելու գաղափարն ընկերների խորհրդով է իրագործել, իր մտահղացմամբ փաթեթավորել, ֆեյսբուքյան էջ բացել և սկսել գովազդել այն։ Արդեն հունիսին սեփական միջոցներով «Sweets by Yeganyan» խանութն է բացել և վաճառքի հանել պաղպաղակը։ Որոշել էին խանութը բացել հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, բայց անբարենպաստ եղանակի պատճառով խանութի բացումը տեղի ունեցավ հունիսի 10-ին՝ Պաղպաղակի միջազգային օրը։ Պաշտոնական բացման արարողությանը կազմակերպվել  է պաղպաղակի հյուրասիրություն։

‹‹Բոլորն ուրախ էին, անգամ՝ մեծահասակները։ Մինչև այսօր չեմ մոռանում նրանց դեմքերը։ Չէի պատկերացրել, որ այդպես կարող էի բերկրանք պատճառել մարդկանց։ Հենց առաջին օրն էլ բավականին մեծ պատվերներ եմ ձեռք բերել։ Մարդիկ տալիս էին իրենց կտրոնները, իսկ ես պաղպաղակ էի հյուրասիրում նրանց։ Պահանջարկը շատ մեծ էր։ Մարդիկ գալիս և ասում էին՝ այս ծանր օրերին միակ լույսն է դա››,-շարունակում է նա։

Շուշանի՝ այդ օրվա հիշողություններում 90-ամյա տատիկն էր տպավորվել․ հացի հերթից էր վերադառնում՝ մանրադրամները ձեռքին։ Ասաց՝ ձեռքի գումարը միայն հաց գնելու համար կհերիքի։ Շուշանը նրան պաղպաղակ է հյուրասիրել, տատիկն էլ ուրախացել ու զարմացել է։ Շուշանն ասում է՝ կարեկցանքն ու բարությունն է պակասում մեզ, միայն դրանք կօգնեն մեզ համախմբվել։

Շուշանի խոսքով՝ դժվար է եղել նաև պաղպաղակի պատրաստման գործընթացը։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակ պաղպաղակը լավ չէր սառչում, հետևաբար տարբերվում էր մյուսների շարքից՝ որակապես զիջելով դրանց։ Ամիսը մեկ տարաներն ու անհրաժեշտ հումքը Հայաստանից է ձեռք բերում։ Տասնհինգ տեսակի պաղպաղակներ էր պատրաստում՝ մրգային, շոկոլադե, վանիլային։ Քանի որ լույսերը գրաֆիկով անջատում էին, պետք է հասցներ պաղպաղակը պատրաստել, փաթեթավորել։ Երբ երկու օր աշխատանքի չի գնացել, քաղաքացիները զանգել և խնդրում էին գոնե իր երեխաների բաժին պաղպաղակից վաճառել։

 «Ծանր պահեր շատ են եղել, հատկապես, երբ ամուսինս ծառայության էր, ես էլ միայնակ բալիկներիս դպրոց, մանկապատեզ էի տանում, անվերջ հերթեր էին մթերային խանութներում, և դրա հետ մեկտեղ՝ պաղպաղակի պատվերները։ Ամենածանր օրն էր, երբ տրանսպորտ չկար, տաքսիները չէին աշխատում, և ես ոտքով պետք է մոտ 20 կգ պաղպաղակը խանութ տանեի»,-ասում է նա։

Եվ հենց այդ ժամանակ տոպրակները պատռվել են, ու բոլոր պաղպաղակները թափվել են։ Խանութներում տոպրակներ չի գտել Շուշանը՝ գետնին թափված պաղպաղակները հավաքելու։

«Ահավոր էր, ասացի՝ վերջ, սա վերջին անգամ եմ անում, բայց շարունակեցի զբաղվել այդ գործով»,-ասում է նա։

Հուսահատության օրերին Շուշանն իր մեջ ուժ է գտել և շարունակել մարդկանց ժպիտ պարգևել։ Անգամ հիմա՝ այս ծանր օրերին, չի կոտրվում, հավատում է՝ մի օր լույս կծագի Արցախում։ Օտար լեզուների ուսուցչուհի Շուշանը խոստովանում է՝ այդ գործն իրեն ավելի հոգեհարազատ է, եթե հնարավորություն ընձեռվի, կշարունակի այն։ Հուլիսի վերջին՝ Արցախի կյանքի ճանապարհը լրիվությամբ  փակվելուց հետո, փակվում է նաև նրանց պաղպաղակի խանութը։

«Խանութը փակվելու օրն ամենադաժանն էր։ Մարդիկ պաղպաղակ գնելու հույսով գալիս էին, հուսահատված և դատարկ՝ վերադառնում»,-ասում է նա։

Բոլորին լույս տվող Շուշանը հիմա իր համար է լույս փնտրում․ իր փոքրիկներն են ամեն օր քաղցրավենիք խնդրում, իսկ ինքն անզոր է նրանց մի փոքր ուրախություն պարգևելու։ Ցավով է ասում՝ երեխաները գիշերները լացելով են քնում, առավոտյան արթնանում՝ լացով։ Փոքրն ասում է՝ մի հատիկ կոնֆետ էլ չկա՞՝ տաք ինձ։

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մարդիկ ամեն օր կռիվ են տալիս ապրելու համար՝ հանուն ապրեցնելու։ Լույսը բացվելուն պես՝ ամեն օր երկնքից լույսի կաթիլ պոկելու երազանքով են ապրում, երբ կյանքի ճանապարհը փակ է արդեն ութ ամիս։ Մենք ամեն օր մեր երեխաներին անհոգ ու խաղաղ մանկություն ենք մաղթում, բայց մոռացել ենք՝ երբ են վերջին անգամ մեր երեխաներն անհոգ ու խաղաղ ապրել։

Հասմիկ Հակոբյան

 

Հասմիկ Հակոբյան Արցախի շրջափակում Շուշան Եգանյան Հայաստան խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին