f

Անկախ

Ինչպե՞ս են շարքային մարդիկ ապրել միջնադարյան Հայաստանում. պեղումներն Արփայում պատասխանում են այս հարցին


Ինչպե՞ս է «Մետաքսի ճանապարհն» ազդել այդ ճանապարհին գտնվող հայկական բնակավայրերի բնակիչների կյանքի ու կենցաղի վրա, ի՞նչ կենցաղ են վարել, ինչո՞վ են սնվել, ինչպե՞ս են ընդունել ու ճանապարհել Մետաքսի ճանապարհով անցնող ճամփորդներին, ինչպիսի՞ մշակութային փոխառություններ են տեղի ունեցել. այս և այլ հարցերի պատասխանն են փնտրում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Աստղիկ Բաբաջանյանը և Լոնդոնի Բիրքբեք համալսարանի ավագ դասախոս, մարդաբանության դոկտոր Քեյթ Ֆրանկլինը 2015-ից ի վեր ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացվող հնագիտական հետազոտություններով ու պեղումներով:

 «Ուզում ենք պարզել, թե Մարկո Պոլոյի նման ճանապարհորդները որտեղ էին հանդիպում սովորական մարդկանց, գյուղացիների, ինչպես էր տեղի ունենում նրանց շփումը: Միասին փորձում ենք վերականգնել սովորական մարդկանց առօրյան»,- «Անկախի» հետ զրույցում ասում է Քեյթ Ֆրանկլինը՝ հավելելով, որ մինչ այս հետազոտողների ուշադրության կենտրոնում եղել են Մետաքսի ճանապարհի վրա գտնվող հիմնականում խոշոր քաղաքները, մինչդեռ իրենք ուսումնասիրում են փոքր բնակավայրերն ու հատկապես գյուղատեղիները, ինչը կարևոր է տվյալ ժամանակաշրջանի սոցիալ-մշակութային կյանքի վերաբերյալ ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար:

 2016-ից ի վեր գիտնականների խումբը պեղումներ է իրականացնում Վայոց ձորի մարզի Արփա գյուղատեղիում: Միջնադարյան Արփա գյուղատեղիի ավերակները  տեսանելի են ներկայիս Արենի գյուղից 0,5 կմ արևելք ընկած բարձրավանդակի վրա: Բարձրավանդակի հյուսիս-արևմտյան եզրին պահպանված  է հնավայրի միակ կանգուն շենքը՝  Մոմիկ ճարտարապետի կառուցած Ս. Աստվածածին եկեղեցին (1321 թ.), որի շուրջ տարածվում է միջնադարյան գերեզմանոցը:

Vayots Dzor Silk Road Survey անդամները տեղազննության ժամանակ․ Հերհեր․ Ս․ Գրիգոր Լուսավորիչ մատուռ (1296 թ․)

 Ներկայացնելով պատմական համատեքստը՝ Աստղիկ Բաբաջանյանը նշում է, որ իրենց ուսումնասիրության ժամանակահատվածը հիմնականում 12-15-րդ դարերն են: 13-14-րդ դարերում Հայաստանը մոնղոլական աշխարհակալ տերության մի մասն էր: Վայոցձորյան իշխանները, դրսևորելով ճկուն քաղաքականություն, անմիջապես ենթակա էին մոնղոլական պետությանը և հարկերը միջնորդավորված չէին վճարում: «Դա լավ գրավական ստեղծեց, որ Վայոց ձորը մոտ մեկ դար խաղաղ, զարգացող և ծաղկուն մշակութային ու տնտեսական կյանքով ապրի: Մոնղոլական պետությունը հատուկ ուշադրություն էր դարձնում ճանապարհներին, ուստի Օրբելյանները ևս մեծ ուշադրություն դարձրեցին ենթակառուցվածքներին, կառուցում էին ճանապարհներ, քարավանատներ, կամուրջներ, որոնք սպասարկում էին և մոնղոլ վերակացուներին, և ճանապարհորդներին, և ապահովում ինտենսիվ հաղորդակցություն ու  մշակութային փոխառնչություններ: Դրա ազդեցությունը նյութական մշակույթի վրա մենք փորձում ենք բացահայտել նաև պեղումների միջոցով»,- ասում է Բաբաջանյանը:

 Նա շեշտում է, որ զարգացած միջնադարում  Վայոց ձորում ստեղծված ճանապարահացանցը Մետաքսի ճանապարհի Դվին-Պարտավ ուղեգծի այլընտրանքային ուղիներից մեկն էր: Օրբելյանների հովանավորության շնորհիվ Վայոց ձորով անցնող ճանապարհները դարձել էին բանուկ և կողոպուտներից ապահովագրված, որին էլ նախապատվություն էին տալիս ճամփորդները:

2016 թ․ պեղված հատվածներից մեկը

 Ֆրանկլինը և Բաբաջանյանը «Անկախի» հետ զրույցում պատմում են, որ պեղումներին զուգահեռ Վայոց ձորում տեղազննություն են իրականացնում և քարտեզագրում մարզի բոլոր միջնադարյան պատմական հուշարձանները: «Փորձում ենք միջնադարյան լանդշաֆտն  ավելի լավ հասկանալ պեղումները սկսելուց առաջ,- ասում է Բաբաջանյանը:- Բացի միջնադարյան հուշարձաններից, քարտեզագրում և ուսումնասիրում ենք նաև ուշմիջնադարյան և նոր ժամանակների հնավայրերը, որոնց մի մասը թեև ԽՍՀՄ տարիներին մելիորացվել է, սակայն դեռևս պահպանվում են դրանց մասին հիշողությունները՝ խաչքար կանգնեցնելու կամ տեղում մատուռ կառուցելու շնորհիվ»:

 Անդրադառնալով Արփա գյուղատեղիի ընտրությանը՝ ասում է, որ մի քանի դրդապատճառ են ունեցել: «Նախ՝ Արփան ռազմավարական կարևոր դիրք էր զբաղեցնում, և Նախիջևանից Վայոց ձոր մտնող ճանապարհն անցնում էր այստեղով։ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ իշխան Տարսայիճ Օրբելյանի հրամանով այստեղ կառուցվել է լայնաթռիչք 4 կամարներով կամուրջը, որից, ներկայումս, պահպանվել է միայն մի խելը,- ասում է Բաբաջանյանը:- Արփան նաև որոշ ժամանակ եղել է Օրբելյանների նստավայրը, և ըստ պատմիչի՝ այստեղ է գտնվել Տարսայիճ Օրբելյանի ապարանքը: Արփան պեղումների համար ընտրելու պատճառներից մեկն այն է, որ փորձում էինք բացահայտել ապարանքը, որի գյուտը կարևոր կլիներ միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության ուսումնասիրության առումով»: 

2023 թ․ պեղված հատված

Արփան պեղելու պատճառներից մեկն էլ այն է, որ ԽՍՀՄ պատմագրությունը 5-րդ դարի պատմիչ Եղիշեի հիշատակած Արփանյալը նույնացրել էր Արփա բնակավայրի հետ: 2023 թ․ պեղումների նպատակն էր վեր հանել ոչ միայն գյուղատեղիի բնակեցման առանձնահատկությունները, այլև պարզել՝ արդյոք միջնադարյան այդ բնակատեղին ավելի վաղ շրջանի մշակութային շերտեր ունի:

 Եվ երրորդ, պեղումների ոչ պակաս կարևոր պատճառներից մեկն էլ  փրկարարական բնույթ ունի։ Պատմական այս կարևոր հնավայրի տարածքում տարածվում է ժամանակակից Արենի գյուղի գերեզմանոցը։ Շարունակական հուղարկավորությունների հետևանքով այն օրեցօր ոչնչանում է։ «Բառիս բուն իմաստով 2016-ին պեղված հատվածներից մեկում արդեն հուղարկավորություն է տեղի ունեցել, լավ է, որ հասցրել էինք փաստագրել ու ուսումնասիրել ողջ տվյալները», - նշում է Բաբաջանյանը։ 

Ամփոփելով այս տարվա պեղումների արդյունքները՝ Բաբաջանյանն ասում է, որ պարզել են, որ բնակավայրը 12-րդ դարից վաղ թվագրվող շերտեր չունի։ «Իհարկե, Արենին հին ժամանակներից է բնակեցված եղել: Բայց դա ժամանակակից Արենիի արևմտյան հատվածում է եղել, ոչ թե Արփայի տեղում»,- ասում է Բաբաջանյանը: Շարունակելով՝ նա նշում է, որ թեև Տարսայիճ Օրբելյանի ապարանքը չի հայտնաբերվել, սակայն փաստագրվել են երկրաշարժը և դրա հետևանքները։ 1321-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին է վկայում նաև գյուղատեղի եզրին գտնվող Ս․ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին (դռան շրջանակի վերին սեմը) պահպանված արձանագրությունը: 

«Մենք գյուղատեղիի տարբեր հատվածներում  հետախուզական փոսորակներ ենք բացել, որոնցում հայտնաբերված հնագիտական գտածոները թվագրվում են 13–րդ դարի վերջով 15-րդ դարի սկզբով: Պեղումները ցույց են տվել, որ, այո, եղել է Տարսայիճ Օրբելյանի ապարանքը։ Ավելին, Արփայում նաև այլ իշխաններ ու ազատներ են ապրել, և նրանց ներկայության մասին են խոսում միջնադարյան գերեզմանոցում գտնվող արձանագիր տապանաքարերը և մատենագիր ու վիմագիր աղբյուրները,- ասում է Բաբաջանյանը:- Թեև միասնական հատակագծով մոնումենտալ շենքեր չեն բացվել, սակայն պեղավայրերում փաստագրել ենք բազմաթիվ մոնումենտալ շենքերի ճարտարապետական մանրամասներ՝ սյան խարիսխներ, սյուներ, կամարների շինաքարեր, որոնք, ամենայն հավանականությամբ, բնակեցման նոր փուլում կրկնակի օգտագործման են ենթարկվել՝ այդ մոնումենտալ շենքերի՝  երկրաշարժից փլուզվելուց հետո»:

Քեյթ Ֆրանկլինը

 Այս տարվա պեղումներով հայտնաբերվել են հիմնականում 14-15-րդ դարերով թվագրվող նյութեր: «Ունենք բավականին շատ խեցեղեն, մետաղից և ապակուց գտածոներ: Բայց տեղանքը սողանքային գոտում է, հարավային կողմից անընդհատ մեծ քարեր են հոսում դեպի հուշարձանը, ինչի պատճառով այն ավերվում է,- ասում է Բաբաջանյանը:- Այդուհանդերձ, մեր գտածոները թույլ են տալիս ենթադրել, որ երկրաշարժից հետո գյուղը վերականգնվել է, և բնակեցումը տարածվել է դեպի արևելք»:

 «Պեղումներին զուգահեռ ուսումնասիրում ենք նաև Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի միջնադարյան հարուստ հավաքածուն: Կարող ենք փաստել, որ ողջ Վայոց ձորը ներգրավված էր Մետաքսի ճանապարհային երևույթով ստեղծված առևտրային և մշակութային փոխհարաբերությունների մեջ: Հեռավոր գյուղական համայնքներում  ու վանքերում անգամ գտնում ենք ներմուծված, բավականին թանկարժեք չինական խեցեղենի և իրանական բարձրորակ հախճապակու նմուշներ: Մեր հետազությունները ցույց են տալիս, որ Վայոց ձորում հատկապես ջնարակած խեցեղենի արտադրման ոլորտում մշակութային փոխառնչությունների շնորհիվ տարբեր խեցեգործական կենտրոնների լավագույն ավանդույթները միախառնվում էին, ինչը հանգեցրել  է մշակութային ուրույն սինթեզի: Նոր տեխնոլոգիաները, նորաձևությունը Մետաքսի ճանապարհներով հասնում էին մեր տեղական արհեստավորներին, որոնք շատ արագ արձագանքում էին տեղի ունեցող փոփոխություններին և տեղական հումքով արտադրում էին այն ժամանակին բնորոշ «մոդայիկ» ամանեղեն, որը սպառում էին ոչ միայն բարձր և միջին խավի ներկայացուցիչները, հոգևորականները,- ասում է Բաբաջանյանը:- Դրան զուգահեռ Վայոց ձորում  արտադրվում էր տեղական խեցեղեն, որն իր տեխնոլոգիական, ձևա-տիպաբանական առանձնահատկություններով, հարդարման սկզբունքներով և  քանակով առանձնանում է։ Մենք այն կոչել ենք «վայոցձորյան խմբի» կարմրափայլ խեցեղեն, որը հեռավոր հիշեցնում է ուրարտական կարմրափայլ խեցեղենը։ Փաստորեն՝ դրսից ներմուծվածի կողքին լայնորեն զարգանում էր տեղական արտադրությունը, որը համադրում էր ժամանակակից միտումներն ու տեղի ավանդույթները»:

 Հարցին՝ միջնադարյան գյուղատեղի Արփան կարո՞ղ է արդյոք զբոսաշրջային վայր դառնալ, որտեղ այցելելով մարդիկ պատկերացում կկազմեն միջնադարյան Հայաստանում մարդկանց կյանքի ու կենցաղի մասին, Բաբաջանյանը պատասխանում է. «Գերեզմանոցն այնքան շատ է մխրճվել հուշարձանի մեջ, որ դժվար է պատկերացնել, թե այն կարելի է վերածել տուրիստական վայրի: 8 տարիների ընթացքում այդպես էլ Արենիի գերեզմանոցն այլ տեղ տեղափոխելու հարցը չի լուծվել: Նոր գերեզմանափոսերը փորելիս բազմաթիվ հնագիտական արժեքներ կորսվում են։ Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ այդ հարցը լուծել,- ասում է նա: -Դեռևս որոշ հատվածներում պահպանվել են բնակելի համալիրների ավերակներ, որոնք կարելի է պեղել և ամրակայել՝ ցուցադրելու նպատակով։ Եթե որոշակի աշխատանք տարվի, գուցե հետաքրքրություն առաջանա: Մանավանդ՝ մինչ այժմ միջնադարյան գյուղ երբեք սիստեմատիկորեն չի պեղվել: Ուշադրության կենտրոնում եղել են քաղաքները, ամրոցները, վանքերը»:

 Շարունակելով՝ Բաբաջանյանն ընդգծում է, որ Արփայում պեղումներն այսքանով առայժմ կսահմանափակեն, քանի որ իրենց առջև դրված գիտական խնդիրները հիմնականում պարզաբանվել են, և աշխատում են արդյունքներն ամփոփել մենագրությամբ: «Մինչ այժմ պեղումներն Արփայում մեր նախաձեռնությամբ են տեղի ունեցել, մենք ենք գրանտային ծրագիր գրել, գումար հայթայթել: Եթե պեղումների անհրաժեշտություն առաջանա պետական նախաձեռնությամբ, օրինակ՝ զբոսաշրջային նպատակով, մենք սիրով կշարունակենք»,- ասում է նա:

 Գիտական խմբի կողմից հետազոտությունները Վայոց ձորում, սակայն, ավարտված չեն։ «Մենք շարունակելու ենք ուսումնասիրել Վայոց ձորի մշակութային լանդշաֆտը Մետաքսի ճանապարհների համակարգում՝ պեղումներ իրականացնելով այլ հուշարձաններում։ Մենք փորձում ենք ընդլայնել մեր պատ­­կերացումները Վայոց ձորի լեռնային և հովտային շրջաններում տեղակայված այլ հնավայրերի բնակեցման առանձ­նա­հատ­կու­թյունների վերաբերյալ և արժևորել Վայոց ձորի և Հայաստանի տեղն ու դերը Մետաքսի մեծ ճանապարհին», - ասում են Ֆրանկլինը և Բաբաջանյանը։

 

գիտություն հնագիտություն Աստղիկ Բաբաջանյան Հնագիտության և ազգագրության ինստիտուտ խմբագրի ընտրանի կին գիտաշխատող

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին