ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովի հրավիրած լսումների ընթացքում Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված բավականին հետաքրքիր քննարկումներ են ընթացել։ Նախագահող Քրիստոֆեր Սմիթը Բայդենի վարչակարգին կոչ է արել լրջորեն զբաղվել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով, գտնել լուծումներ և ապահովել դրանց իրականացումը։ Ելույթ ունեցած բոլոր կոնգրեսմենները արձանագրել են, որ իրենց պատմական հայրենիքում ապրող մարդկանց իրավունքները և կյանքը պետք է պաշտպանված լինեն բռնությունից և բռնության սպառնալիքներից հավասարապես։
Կոնգրեսմեն Սմիթը դիմելով նախագահ Բայդենին և կառավարությանը հայտարարել է՝ Արցախում ստեղծված ճգնաժամը հետևանք է այն քաղաքականության, որ մշակվել և իրագործվում է Ադրբեջանի կառավարության, ավելի կոնկրետ այդ երկիրը դիկտատորի կարգավիճակով կառավարող Իլհամ Ալիևի կողմից, և պարունակում է մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործության և գենոցիդի ակնհայտ հանցակազմ։