Երեւանի տարբեր հատվածներում վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։ Առավոտյան ժամը 07։45-ի դրությամբ Երևանի Սարյան փողոցն արդեն փակ էր։ Փակ է նաև Ռուբինյանց փողոցն ու Տերյան-Մոսկովյան խաչմերուկը։
Երիտասարդական մետրոյի մոտ արգելափակված է Աբովյան փողոցով երթևեկությունը, նաեւ Կիևյան կամուրջը, Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկը, Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ և Կոմիտասի Սուրբ խաչ եկեղեցու մոտ։
Որչոշ հատվածներում կարմիր բերետավորներն սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Ոստիկանները հայտարարում են, որ քաղաքացիների գործողություներն անօրինական են, հորդորում ազատել փողոցները, քանի որ խաթարում են այլոց ազատ տեղաշարժի իրավունքը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։ Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։
Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։