f

Անկախ

Միջազգային մամուլը՝ արցախահայության բռնի տեղահանման մասին


Այս օրերին միջազգային մամուլն ակտիվորեն լուսաբանում է արցախահայերի բռնի տեղահանությունը: Սակայն միջազգային լրատվականների հրապարակումներում կարմիր թելով անցնում է միտքը, որ ոչ թե բռնի տեղահանություն է տեղի ունենում, այլ մարդիկ հեռանում են իրենց կամքով, քանի որ վախենում են հնարավոր էթնիկ զտումից  չնայած Ադրբեջանի՝ ինտեգրացիայի պայմանների ապահովման հավաստիացումներին, չեն ցանկանում Ադրբեջանի քաղաքացի դառնալ: Միջազգային մամուլը զգուշությամբ է խոսում նաև Ադրբեջանի հարձակման ժամանակ քաղաքացիական անձանց սպանությունների մասին՝ բավարարվելով ԼՂՀ պաշտոնական հաղորդագրություններին հղում տալով և շեշտելով, որ հնարավորություն չեն ունեցել այդ փաստերը ստուգել: Փոխարենն ազատորեն հայերի նկատմամբ կիրառում են ադրբեջանական բառապաշարը՝ անջատողականներ, ինքնահռչակ հանրապետություն և այլն:

CNN-ի առաջին էջում Արցախի մասին որևէ տեղեկություն չկա, այս լրատվամիջոցի թոփ թեման Ուկրաինան է: «Աշխարհում» խորագրի ներքո արդեն կան  հրապարակումներ  Արցախի հայերի բռնի տեղահանման մասին, ընդ որում տարբեր օրերի հրապարակումներում զգալի է տոնայնության փոփոխությունը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանտա Փաուերի այցից հետո լրատվամիջոցն արդեն խոսում է արցախահայերի թերսնուցվածության մասին, որը հետևանք է 10-ամսյա շրջափակման:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ CNN-ի հրապարակումներից.

  «Նոննա Պողոսյանը երկուշաբթի առավոտ շրջել է Լեռնային Ղարաբաղում գտնվող իր տանը՝ «փորձելով հասկանալ, թե ինչ վերցնել, որն է ամենակարևորը, որ կարող եմ տեղավորել իմ ճամպրուկի մեջ»։ Նրա իննամյա երկվորյակ երեխաները վերևում էին,  որոշում էին, թե իրենց ունեցվածքից որն են թողնելու: «Նրանք լաց են լինում յուրաքանչյուր խաղալիքի համար»,- CNN-ին ասել է Ստեփանակերտում Հայաստանի ամերիկյան համալսարանի ծրագրերի համակարգող Պողոսյանը։

Պողոսյանն ու նրա ընտանիքը պատրաստվում են միանալ Լեռնային Ղարաբաղից Հայաստան փախչող հազարավոր մարդկանց: Իսկ զանգվածային արտագաղթի պատճառը Ադրբեջանի կողմից կայծակնային հարձակմամբ Ղարաբաղը վերահսկողության տակ վերցնելն է: 

Անցյալ շաբաթ Ադրբեջանի կարճատև, բայց արյունալի հարձակման արդյունքում զոհվեց ավելի քան 200 մարդ և շատերը վիրավորվեցին, նախքան Ղարաբաղի պաշտոնյաները համաձայնեցին Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարին, որով նրանք համաձայնեցին լուծարել իրենց զինված ուժերը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն «երկաթե բռունցքով» վերականգնել է իր ինքնիշխանությունը անկլավի նկատմամբ։

Reuters-ին  Ղարաբաղի նախագահությունից հայտնել են, որ ղարաբաղցի հայերի մեծամասնությունը չի ցանկանում ապրել Ադրբեջանում, և նրանք կմեկնեն Հայաստան։ Ադրբեջանը հայտարարել է, որ երաշխավորելու է տարածաշրջանում ապրողների իրավունքները, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և միջազգային փորձագետները բազմիցս զգուշացրել են անկլավում գտնվող հայերի էթնիկ զտումների վտանգի մասին։

«Մեր ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ 99.9 տոկոսը նախընտրում է լքել մեր պատմական հողերը»,- Reuters-ին ասել է Արցախի «ինքնահռչակ» (չակերտները՝ թարգմանչի) Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի խորհրդական Դավիթ Բաբայանը։  Պողոսյանը CNN-ին ասել է, որ ինքը չգիտի գեթ  մեկ ընտանիքի մասին, որը ծրագրում է մնալ Լեռնային Ղարաբաղում: «Եթե ասում են 99.9, դա սուտ է, 100% է հեռանալու», - ասաել է  նա:

«Ալիևը կարող է ձեզ շատ հեքիաթներ պատմել՝ ասելով. «Տեսեք, տեսեք, շատ հայ ընտանիքներ են մնում»: Բայց ես գիտեմ, որ ոչ ոք, նույնիսկ ամենաաղքատ ընտանիքը, չի մնալու»,- ասել է Պողոսյանը:...

Կարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ավագ գիտաշխատող  Աննա Օհանյանը CNN-ին ասել է, որ «կասկած չկա», որ Ադրբեջանը ուժ կկիրառի նրանց դեմ, ովքեր կփորձեն  մնալ և մերժել Բաքվի իշխանությունը: «Եթե հայ համայնքը չհեռանա, բայց նաև չվերցնի ադրբեջանական անձնագրեր, կարծում եմ, որ դա ինքնասպանություն կլինի»,- ասել է Օհանյանը։

…«Ես գիտեի, որ Արցախը հակամարտության տարածք է։ Ես գիտեի, քանի որ ես արդեն անցել եմ չորս պատերազմների միջով: Բայց ո՞վ գիտեր, որ վերջն այսքան ողբերգական է լինելու»,- ասել է  Պողոսյանը։ «Մեր դրոշը փոխեցին, մեր կառավարությունը հանձնվեց. այսքանն է: Կարծում եմ՝ առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում այստեղ ոչ մի հայ չի մնա»»։

France24-ի գլխավոր էջում Արցախին նվիրված նյութեր կան, առկա են նաև հղումներ նախորդ օրերի հրապարակումներին:  Ստորև ներկայացնում ենք ««Մեր ազգը ծախված է». Հայաստանը կանգնած է Լեռնային Ղարաբաղից փախստականների արտագաղթի խնդրի առջև» խորագրով նյութից.

«Լաչինի միջանցքի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող լեռնային ճանապարհով, հազարավոր էթնիկ հայեր ջանում են հատել սահմանը՝ փախչելով երեք տասնամյակ տևած հակամարտության արդյունքում  Ադրբեջանի կողմից գրավված վիճելի տարածքից:   …«Մենք պարզապես չենք սպասում մեր ընտանիքներին. մենք սպասում ենք ամբողջ Լեռնային Ղարաբաղին»,- ասում է սահմանային անցակետում հարազատներին սպասող մի տղամարդ։

«Ինչպե՞ս կարող ենք վերադառնալ: Մեր Ղարաբաղն այլևս գոյություն չունի. Ոչ մի երկրից օգնություն չկա, ոչ մի երկիր մեր օգտին  չի խոսում»,- ավելացնում է Գրիգորը՝ սիրելիներին անհանգիստ սպասող բազմաթիվ մարդկանցից մեկը:

Իրենց ճամփորդությունից հոգնած փախստականները գրանցվում են Կարմիր Խաչի վրաններում, որտեղ նրանց տալիս են սնունդ և ջուր՝ նախքան այլ  քաղաքներ մեկնելը: Սահմանից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա Գորիս լեռնային քաղաքն  ընդունել է հազարավոր տեղահանվածների, սակայն Գորիսը միայն տարանցիկ կետ է փախստականների համար: Շատերը մոլորված են՝ չիմանալով, թե ուր գնալ հաջորդիվ, դեռ շոկի մեջ են և սգում են իրենց թողածի համար:

«Մենք վերցրեցինք մեր երեխաներին և թողեցինք մեր տները, որպեսզի գանք այստեղ, ապաստան գտնենք», - ասում է Ռոդմիլան՝ սրբելով  արցունքները: «Մեր ազգը ծախված է է կառավարության կողմից, որը չգիտի, թե ինչ է անում»:

Հայաստանի կառավարությունն ասում է, որ պատրաստ է ընդունել 40,000 տեղահանված ընտանիք, և բարեգործական կազմակերպությունները շուրջօրյա աշխատում են՝ օգնելու հասնել այս նպատակին:  «Մենք մեզ ծանրաբեռնված ենք զգում, վիճակը ծանր է»,- ասում է բարեգործական կազմակերպության աշխատակից Դիանան: «Շատ փախստականներ են գալիս, և ես չեմ կարծում, որ մեր երկիրը պատրաստ է դրան»»:

Հատվածներ France24-ի մեկ այլ հրապարակումից. «Մինչ այժմ Ղարաբաղի 120 հայերից, որը Ադրբեջանի միջազգհայներոն ճանաչված տարածք է, ավելի քան 28 հազարը հատել են Հայաստանի սահմանը:

Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ռազմական հաղթանակը անկլավի նկատմամբ, որը նախկինում Բաքվի վերահսկողությունից դուրս էր, հանգեցրեց Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասում մարդկանց ամենամեծ տեղաշարժերից մեկին:

Ղարաբաղից Հայաստան եկող  ոլորապտույտ  լեռնային ճանապարհը լեցուն  է մարդկանցով. Շատերը քնում են  մեքենաների մեջ կամ վառելափայտ են  փնտրում՝  ճանապարհի եզրին տաքանալու համար։

«Ես ամեն ինչ թողել եմ հետևում: Ես չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում: Ես ոչինչ չունեմ, ես ոչինչ չեմ ուզում», - երեքշաբթի օրը Reuters-ին ասել է  70-ամյա թոշակառու ուսուցչուհի Վերա Պետրոսյանը սահմանին մոտ գտնվող խորհրդային  դարաշրջանիմի հյուրանոցում,   որն այժմ նրա տունն է:

«Ես չէի ցանկանա, որ որևէ մեկը տեսներ այն, ինչ ես տեսել եմ», - ավելացրել է  նա՝ անդրադառնալով կրակոցներին, սովին, իրարանցմանը և տառապանքին, որին ականատես է եղել Հայաստան փախչելուց առաջ։ …

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ հայերի իրավունքները կհարգվեն, սակայն նաև ասել է, որ  իր «երկաթե բռունցքը» պատմությանն է  հանձնել է անկախ էթնիկ հայկական Ղարաբաղի գաղափարը, և որ տարածաշրջանը կվերածվի «դրախտի»:...

Ղարաբաղի հայերը Reuters-ին ասել են, որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և վախենում են էթնիկ զտումներից Ադրբեջանի կողմից, որը բազմիցս նման պնդումները բնորոշել է որպես անհեթեթություն»:

DW-ի գլխավոր  էջում ևս Արցախին նվիրված նյութեր են: Սակայն այստեղ չկան մարդկային պատմություններ: Պարզապես մի հղման ներքո հավաքված է թեմային առնչվող լրահոսը: 

BBC-ն իր հրապարակումներում առավել ազատ է պրոադրբեջանական բառապաշար օգտագործում, իսկ ադրբեջանական հանցագործություններին հղում անող արտահայտությունները  ներկայացնում չակերտների մեջ: Այս լրատվամիջոցը ևս  պարբերաբար իր ընթերցողին ներկայացնում է, թե ինչ է կատարվում Կոռնիձորում: Ներկայացնում ենք հատվածներ «Լեռնային Ղարաբաղ. գրեթե 30000 փախստական փախել է Հայաստան» վերնագրով նյութից: 

«Շուրջ 30,000 էթնիկ հայեր լքել են Լեռնային Ղարաբաղը, որը կազմում է անցյալ շաբաթ Ադրբեջանի կողմից  գրավված անկլավի բնակչության մեկ քառորդը: Հարյուրավոր մեքենաներ են կուտակվել  միակ  ճանապարհին, որ տանում է Հայաստան՝  մեկնողների հանգրվանը։ Ադրբեջանն ասում է, որ բնակիչներն ապահով կլինեն, սակայն Հայաստանի վարչապետն ասում է, որ «էթնիկ զտումներ» են  սկսվել։

Լեռնային Ղարաբաղը, որը Ադրբեջանի ճանաչված տարածքն է, երեք տասնամյակ ղեկավարվել է էթնիկ հայերի կողմից:  Հարավային Կովկասի լեռնային այս շրջանին աջակցել է Հայաստանը, բայց նաև նրա դաշնակից Ռուսաստանը:

Առնվազն 200 էթնիկ հայեր և տասնյակ ադրբեջանցի զինվորներ սպանվեցին օրեր առաջ տեղի ունեցած ադրբեջանական բանակի ներխուժման ժամանակ: Հրադադարի համաձայնագրի շրջանակներում «անջատողականները» (չակերտները՝ թարգմանչի)  համաձայնել են հանձնել իրենց զենքերը:

Ադրբեջանցիներն ասել են, որ ցանկանում են էթնիկ հայերին վերաբերվել որպես «հավասար քաղաքացիների», սակայն սահմանափակ քանակությամբ օգնություն է թույլ տրվել մուտք գործի տարածք, և շատ բնակիչներ փախչում են:…

Երեքշաբթի օրը սահմանը հատելիս հազարավոր էթնիկ հայեր ենթարկվեցին խիստ ստուգումների Ադրբեջանի սահմանային անցակետում:  Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ փնտրում են «պատերազմական հանցագործությունների» մեջ կասկածվողներ: Կառավարության աղբյուրը Agence France Presse լրատվական գործակալությանը հայտնել է, որ երկիրը մտադիր է «համաներում կիրառել Ղարաբաղում զենքերը վայր դրած հայ մարտիկների նկատմամբ»: «Բայց նրանք, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել ղարաբաղյան պատերազմների ժամանակ, պետք է մեզ հանձնվեն»,- ասել են  նրանք։

Սահմանից այն կողմ գտնվող հարյուրավոր մեքենաներ և ավտոբուսներ  փորձում են հասնել Գորիս քաղաք։ BBC-ի թիմը տեսել է ընտանիքներ՝ խցկված մեքենաների մեջ, մեքենայի տանիքը բեռնված տարբեր իրերով: Համոզված լինելով, որ նրանք ընդմիշտ լքում են իրենց տները՝ մարդիկ փորձում են իրենց իրերից հնարավորինս շատ վերցնել հետները: 

Գորիսի ներսում՝ մի փոքրիկ քաղաքում, որը փոշոտ շագանակագույն է, ինչպես այն շրջապատող սրածայր  լեռները, նեղ փողոցները լցված են շատ մեքենաներով և ընտանիքներով: Մեկը եկել է մի մեքենայով, որի մի կողմը կպչուն ժապավենով է ամրացված, մեքենայի վրա բեկորների անցքեր են, ապակիները՝ ջարդված: Սեփականատերը BBC-ին պատմում է, որ այն խոցվել է ականանետային կրակոցից, երբ անցյալ շաբաթ Ադրբեջանը կայծակնային գրոհ է ձեռնարկել տարածաշրջանը վերահսկողության տակ վերցնելու համար: «Բայց դա, այնուամենայնիվ, մեզ հասցրեց այստեղ», - ժպտում է նա՝ շրջապատված փոքր երեխաներով:

Քաղաքի գլխավոր հրապարակում մարդիկ աղաղակում են,  չգիտեն, թե ինչ անել գրանցվելուց հետո: Երբեմն կա ավտոբուս՝ մարդկանց տեղափոխելու մեկ այլ քաղաք կամ գյուղ: Բայց կարծես թե քչերն ունեն ծրագիր, թե ինչ են անելու հետո: …

Անցյալ շաբաթ երկու օր շարունակ Մալինան և նրա ընտանիքը ապաստանել էին իրենց նկուղում, քանի որ իրենց գյուղը կրակի տակ էր: Մալինան ասում է, որ ղարաբաղյան ուժերի հանձնվելուց հետո  տեղի իշխանությունները բոլորին ասել են, որ ապահովության համար մեկնեն Հայաստան։ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի նրանց գյուղն այժմ դատարկ է։  Մալինան ասում է, որ իր ընտանիքը հեռացել է, քանի որ, չնայած  Ադրբեջանի հավաստիացումներին, նրանք իրենց ապահով չեն զգա ադրբեջանական իշխանության ներքո: Այս միտքը  կրկնվում է շատերի կողմից»: 

 

Արցախ բռնի տեղահանվածներ խմբագրի ընտրանի Աշխարհում Տարածաշրջան միջազգային մամուլ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին