Ադրբեջանի կառավարությունն ու ՄԱԿ-ը պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու շուրջ։
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նա նշել է, որ առաքելությունն իրականացվում է Ադրբեջանի հրավերով և աջակցությամբ․ ուշադրության կենտրոնում են լինելու հումանիտար, ինչպես նաև պաշտպանության հետ կապված հարցեր:
«Առաքելությունը Լեռնային Ղարաբաղ կմեկնի հանգստյան օրերին: Այն կղեկավարի ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գրասենյակի ղեկավար Ռամեշ Ռաջասինգհեմը, ինչպես նաև Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան:
Մենք 30 տարի մուտք չենք ունեցել այնտեղ, այնպես որ սա շատ կարևոր իրողություն է: Թիմը կփորձի գնահատել տեղում իրավիճակը և հստակեցնել թե՛ այնտեղ մնացած, թե՛ հեռացող մարդկանց հումանիտար կարիքները»,- ասել է Դյուժարիկը:
Նա նաև նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի թիմն աշխատում է երկրի կառավարության հետ և աջակցություն տրամադրում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից ժամանած փախստականների մեծ թիվը։