Երևանի նորընտիր ավագանին գումարել է իր առաջին նիստը: Օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրություն, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերն են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» - 24 մանդատ
«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ
«Մայր Հայաստան» - 12 մանդատ
«Հանրապետություն» - 8 մանդատ
«Հանրային ձայն»- 7 մանդատ
Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել, եւ քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ կլինի կոալիցիա ձեւավորել:
Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» եւ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի եւ լինեն նոր ընտրություններ: Իսկ ահա Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» թեեւ ավելի վաղ հայտարարել էր, որ մասնակցելու է ավագանու նիստին, սակայն երեկ հայտարարեցին, որ դեռ որոշում չունեն այդ հարցի առնչությամբ, թերեւս, ցանկանալով մինչեւ վերջին պահը ձգել ինտրիգը:
Նիստին, բնականաբար, մասնակցում են նաեւ ՔՊ-ն եւ «Հանրապետությունը»: «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ քաղաքապետի թեկնածուի հարցով որոշում չունեն, բայց հստակ է, որ կմասնակցեն նիստին։