Երևանի նորընտիր ավագանու նիստին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» եւ «Հանրային ձայն» խմբակցության անդամները: Նիստին գրանցվել է ավագանու 65 անդամներից 37-ը:
Նշենք, որ այս երեք խմբակցությունների ավագանու անդամնեըի ընդհանուր թիվը կազմում է 39, բացակայում են «Հանրային ձայն»-ից երկու անդամներ՝ Արտակ Գալստյանը եւ Տիգրան Ուրիխանյանը: Արտակ գալստյանը կալանավորված է, իսկ Տիգրան Ուրիխնյանը՝ հետախուզման մեջ:
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամները եկել են շապիկներով, որոնց վրա իրենց կուսակցության կալանավորված անդամի լուսանկարներն են:
Նշենք, որ ավագանու անդրանիկ նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրություն, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերն են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» - 24 մանդատ
«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ
«Մայր Հայաստան» - 12 մանդատ
«Հանրապետություն» - 8 մանդատ
«Հանրային ձայն»- 7 մանդատ
Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել, եւ քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ կլինի կոալիցիա ձեւավորել:
Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» եւ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի եւ լինեն նոր ընտրություններ: Իսկ ահա Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» թեեւ ավելի վաղ հայտարարել էր, որ մասնակցելու է ավագանու նիստին, սակայն երեկ հայտարարեցին, որ դեռ որոշում չունեն այդ հարցի առնչությամբ, թերեւս, ցանկանալով մինչեւ վերջին պահը ձգել ինտրիգը: