f

Անկախ

‹‹Հետնահանջ չտաք, բոլորը՝ առաջ»․ մայոր Իգոր Գալստյան


Տան հյուրասենյակի գլխավոր անկյունում լուսանկարից անհոգ ու բարի ժպիտով մեզ է նայում մայոր Իգոր Գալստյանը։ Նրա՝ անսահման բարի հայացքում խաղաղություն ես գտնումթշնամուն զենքով խաղաղություն պարտադրելու հավատով է կռվել մինչև վերջ՝ հետնահանջ չկա սկզբունքով։ Արցախյան բոլոր պատերազմների միջով անցած հերոս սպան իր ծառայության երկար տարիների ընթացքում պատվով է կրել սպայի ուսադիրները, խիզախորեն պայքարել՝ հաղթելու հավատով։ Հաղթանակի հավատը հավերժ մնաց մայոր Գալստյանի սրտում՝ հեռվում հիշողություն դարձած մեր հայրենիքի պես, որի զոհասեղանին դրեց ամենաթանկը՝ իր կյանքը։

Կանգնել եմ հերոս սպայի լուսանկարի մոտ և չեմ կարողանում երկար նայել նրա բարի աչքերին ասելիք չունեմ, թիկունքում անհույս պարտվածի պես լռում եմ․․․

Հետնահանջ չկա սկզբունքով

Ցորի զորամասի երկրորդ հրաձգային գումարտակի հրամամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Իգոր Գալստյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կարող էր մարտադաշտ չմեկնել, բայց երկար տարիներ դիրքերում անցկացրած սպան հանգիստ չնստեց իր տեղում։ Այդ օրն առավոտյան պետք է հերթափոխը հանձներ և տուն վերադառնար, բայց առաջինը մեկնեց դիրքեր, որպեսզի թույլ չտա թշնամու առաջխաղացումը Ստեփանակերտ։

Մայոր Գալստյանն իր կյանքի քսանյոթ տարիները նվիրել է հայրենիքի ծառայությանը՝ Արցախի Մատաղիսի, Թալիշի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի զորամասերից մինչև Ցորի զորամաս։

Կինը՝ Մարինա Վանյանը, ‹‹Անկախի» հետ զրույցում պատմում է, որ ամուսնու զոհվելու գիշերը չի քնել, խաչը ձեռքում Աստծուն խնդրել է, որ նրան անփորձանք տուն վերադարձնի, ինչպես ինքն է ասում՝ ոտաբոբիկ էլ կհասներ եկեղեցի, միայն  թե սպիտակ մազը չծռվեր։ Արցունքները խեղդում են, դժվարությամբ է պատմում այդ օրերին իր ապրումների մասին։ Պատերազմի առաջին օրը երեխաների հետ նկուղում են պատսպարվել, իսկ առավոտյան՝ այնտեղից դուրս գալուց հետո, ում տեսնում էր՝ Իգորի մասին էր հարցնում։ Բոլորը խուճապահար փախչում էին, ասում էին՝ ամեն ինչ վերջացած է, սա արդեն վերջն է։

‹‹Երբ սեպտեմբերի 19-ի առավոտյան Ստեփանակերտը ռմբակոծվեց, դուստրս՝ Էլինկան, շատ էր վախեցել, որդուս՝ Վովայի հետ լացելով տուն է եկել և խնդրել զանգել հորը։ Երբ տեսազանգով կապվել եմ Իգորի հետ, ժպտալով և ոգևորությամբ ասել  է՝ դու էլի խուճապի մե˚ջ ես»,-արցունքն աչքերին պատմում է տիկին Մարինան։

Երկար չի խոսել, ասաց՝ ժամանակ չունի։ Շտապում էր մարտադաշտ՝ Արցախի վերջին հողակտորը պաշտպանելու։ Միայն խոստացել էր տուն վերադառնալ։

Տիկին Մարինան երկար ժամանակ լուր չի ունեցել ամուսնու մասին։ Երկար փնտրել է բոլոր հիվանդանոցներում, հետո իմացել, որ հերոսաբար զոհվել է։

‹‹Շատ քիչ են եղել մինչև վերջ պայքարողները։ Դեռ բլոկադայի օրերին այնքան շատ էր ասում՝ ուզում եմ կռիվը սկսվի, տեսնեմ՝ էդ ‹‹դուխով» տղերքը շրջափակման պայմաններում ու˚ր են փախչելու։ Իգորը գնացել է 26 դիրքը պահելու։ Ինքը չպիտի գնար։ Շատ խիզախ էր, իսկապես հերոս։ Ասել էր՝ ով փախչի, նրա․․․ հետնահանջ չտաք, բոլորը՝առաջ»,-շարունակում է կինը։

Հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման գծով տեղակալ, փոխգնդապետ Արա Շահրամանյանը մեզ հետ խոսել է Իգոր Գալստյանի զոհվելու հանգամանքների մասին։ Նրա զինակից ընկերներից տեղեկացել է, որ թշնամու տարբեր հարձակումներ հետ է մղել, իր տեղից ոչ մի քայլ հետ չի նահանջել։

‹‹Քսան տարուց ավել ճանաչում եմ Իգորին։ Մեծատառով երիտասարդ էր, ընկերասեր ու բարի, գրագետ և խելացի սպա, օրինակելի բոլորի համար։ Սեպտեմբերի տասնիննի պատերազմի ժամանակ էլ իր առջև դրված մարտական խնդիրները բարձր մակարդակով է կատարել և հերոսի մահով ընկել։ Պատերազմից առաջ վերադասին դիմել եմ, որպեսզի Իգորին ծառայության պետ նշանակեն, ինքն էլ իր համաձայնությունն էր տվել, բայց ամեն ինչ խաթարվեց պատերազմի հետևանքով»,- ասում է նա։

Իգոր Գալստյանը գնդացրորդ էր։ Փոխգնդապետի խոսքով՝ թշնամու հարվածից խրամատից քար է պոկվել և դիպչել Իգոր Գալստյանի որովայնին։ Հետո մայոր Գալստյանը զենքը (ПК)   վերցրել է և առաջ գնացել՝ հասկանալու թշնամու տեղանքը։ Թշնամու դիպուկահարն աշխատել է երկու ուղղություններով՝ աջից ու ձախից։ Նրա նշանառության տակ հայտնված մայոր Գալստյանին կողային են հարվածել՝ ուղիղ գլխին։ Գրեթե երկու ժամ զինակից ընկերները փորձել են վիրավոր սպային հանել մարտադաշտից։ Թշնամին ամեն կերպ խոչընդոտել է։ Հետո շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել, որտեղ և անմահացել է նա՝ գիտակցության չգալով։

‹‹Ցավակցում ու վշտակցում եմ ընտանիքին, Իգորի կինն ու երեխաները պետք է միշտ գլուխը բարձր քայլեն, որ հերոս հայր ու ամուսին ունեն, որովհետև  նա չի լքել մարտի դաշտն ու անձնակազմին»,-հավելում է նա։

Իգոր Գալստյանին հուղարկավորել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, իսկ տարհանման ժամանակ եղբոր՝ Արթուր Գալստյանի համառ ջանքերով հերոսի աճյունը տեղափոխել են Հայաստան և վերահուղարկավորել Եռաբլուրում։

Կյանքից առավել

Տիկին Մարինան հիշում է, որ 44-օրյա պատերազմի օրերին հոգու խորքում հանգիստ էր՝ Իգորն անպայման տուն է վերադառնալու։ Այդ օրերին էլ ամուսնու հետ դժվարությամբ է կապ հաստատել, իսկ երբ պատասխանել է հեռախոսազանգին, կնոջը խնդրել է խուճապի չմատնվել և անհոգ լինել։ Պատերազմի նախորդ օրը սիրելի մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի տոնն են նշել Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի բակում, իրենց որդին՝ տաղանդավոր դաշնակահար Վովա Գալստյանն էլ է մասնակցել։

‹‹Շատ լավ օր էր, երջանիկ, ամեն ինչ լավ էր։ Օրը կիրակի էր սովորությանս համաձայն՝ Իգորին ճանպարհելիս սպասում էի՝ մեքենան գնար, նոր պատշգամբ մտնեի։ Այդ օրը որոշել էի կրտսեր աղջկաս հետ ընկերուհուս տուն հյուր գնալ։ Արևոտ ու պայծառ օրը բացվեց կրակոցի  ձայներով։ Զայրացել էի, կարծում էի՝ առավոտից հրավառություն են անում։ Հետո տեսա՝ քաղաքը ծխով է պատվել։ Զանգում եմ Իգորին՝ չի պատասխանում։ Չեմ կարող ասել, թե ինչ արագությամբ է հասել Մարտունի»,-ասում է նա։

Այդ օրերին ամուսնու հետ հեռախոսազրույցի ժամանակ Մարինայի հուզմունքին ու անհանգստությանը, որ իրեն միայնակ ու անօգնական է թողել երեք  երեխաների հետ և հիմա չգիտի՝ ու˚ր գնա, Իգորն ասել է՝ բա քոնը երեքն են,  իմը՝ տես՝ քանիսը։

‹‹Հազվադեպ էր զանգում, կարճ էր խոսում, ես էլ լսում էի ռմբակոծության ձայները։ Ասում էր՝ մի փոքր ‹‹խաղում ենք», մի անհանգստացիր։ Բարկացել էր, որ մազերս չէի հարդարել, ասաց, որ անպայման գեղեցկության սրահ գնամ»,- ասում է կինը։

Ամուսինները հինգ տարի զավակ չեն ունեցել,  բայց հաղթահարել են այդ դժվարությունը․ Իգորն ասել է, որ կարևորն ու առաջնայինը Մարինան է, և նրանից ոչ մի պատճառով չի հրաժարվի։ Միմյանց հանդեպ փոխադարձ սիրո ու հարգանքի առհավատչյան քսան տարվա համատեղ ամուսնական կյանքն է։ Ապագայի մասին երբեք չեն մտածել, ապրել են ներկայով, ինչպես Իգորն է ասել՝  քանի ողջ է, կինը պետք է կյանքը վայելի։

Եղբայրը՝ Արթուր Գալստյանը, մեզ հետ զրույցում պատմում է, որ Իգորը 1996 թվականից իր կյանքը նվիրել է հայրենիքի ծառայությանը և երկար ժամանակով բացակայել է տնից։ Երբ զանգում էին, ասում էր՝ դիրքերում է։ Հարազատներից վերջին անգամ ինքն է տեսել եղբորը։

‹‹Երկու ժամ է տևել նրան մարտադաշտից հանելը, ընկերներից վիրավորվել են։ Իգորը վիրավոր վիճակում միայն մի բան է կարողացել ասել՝ երեք երեխա ունեմ, մի քիչ շուտ հանեք, որ ապրեմ»,-ասում է նա։

Եղբոր խոսքով՝ Իգոր Գալստյանը երբեք չի ապրել քաղաքացիական կյանքով։  Միշտ ասում էր՝ անձնագրիս մեջ վիզա չունեմ, գնամ՝ տեսնեմ՝ ուրիշ տեղ ինչ կա։

‹‹Շատ բան կա հիշելու նրա մասին։ Ամբողջ կյանքում ասել է՝ սպան պետք է զոհվի, զինվորական թոշակի անցնելը ո˚րն է։ Բարի, հոգատար եղբայր ու որդի էր։ Ասում էր՝ դուք տանը մնացեք,  ես կծառայեմ, ձեր հոգսերը կհոգամ։ Անգամ 1998 թվականին, երբ սպայի կոչում էր ստացել, Մատաղիս ենք հասել, որ Իգորի աշխատավարձից գրպանի ծախսելու գումար վերցնենք։ Վերջերս զգացել էր, որ պետությունն արժևորում է հայրենիքի նվիրյալներին, շուտով բնակարան էլ կունենան, բայց պատերազմը փոխեց ամեն ինչ»,-ասում է եղբայրը։

Մենք ամեն օր խոսում ենք մեր հերոս տղաներին արժանի լինելու մասին, պաթոսախեղդ բառերով գոռում մեր հայրենասիրության մասին, մինչդեռ հայրենիքը սիրում են համեստորեն և լուռ, առանց ավելորդությունների։ Կյանքից առավել հայրենիքը սիրելն արժանապատիվ սպայի, արժանապատիվ զինվորի, արժանապատիվ հրամանատարի հավատամքն է, հոգու պարտք, պատգամ, որ պետք է փոխանցվի սերունդներին։ Մի օր մենք պետք է դուրս գանք ‹‹նրանք հայրենիքին պարտք են» կաղապարներից և խորհենք մեր՝ հայրենիքին պարտք լինելու մասին, որ գոնե հետո կարողանանք վերարժևորել մեր ունեցածն ու կորցրածը, մեր մեջքն ուղղենք և բաց աչքերով նայենք մեր տղաներին ու չամաչենք կորցրածի համար, այլ հպարտանանք՝ ունեցածը մեր սիրով ամուր պահելու համար՝ նրանց կիսատ սերերի փոխարեն։

Տղե˜րք, մենք ձեզ միշտ պարտք ենք․․․

 

Հասմիկ Հակոբյան

 

 

Իգոր Գալստյան Հասմիկ Հակոբյան ադրբեջանական ագրեսիա տեղահանություն Արցախի Հանրապետություն 44-օրյա պատերազմ Հայաստան խմբագրի ընտրանի

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին