Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 2034 թվականին կանցկացվի Սաուդյան Արաբիայում։ Այդ մասին սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
Ավստրալիան մտադրություն ուներ Նոր Զելանդիայի հետ համատեղ հայտով մրցակցել Սաուդյան Արաբիայի հետ, սակայն վերջին պահին հրաժարվել է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էր։
Սաուդյան Արաբիան միակ երկիրն է, որը ցանկություն է հայտնել ընդունել 2034թ․ աշխարհի առաջնությունը, որին կարող էին հավակնել միայն Ասիայի եւ Օվկիանայի երկրները։
2026թ․ աշխարհի առաջնությունը համատեղ կընդունեն ԱՄՆ-ն, Կանադան ու Մեքսիկան։ 2030-ին աշխարհի առաջնության առաջին երեք հանդիպումները կանցկացվեն Ուրուգվայում, Պարագվայում եւ Արգենտինայում, հիմնական մրցաշարը՝ Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Մարոկկոյում։