Մեր մարզում ԼՂ-ից բռնի տեղահանված 9135 անձ է տեղավորվել։ Այս մասին նոյեմբերի 2-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։
«Դրանց մեծ մասը գտնվում է տներում և բնակարաններում։ Նրանց տրամադրվում է սնունդ և այլ օգնություն»,- նշեց նա։
Հովհաննիսյանն ասաց, որ ռեստորանային համալիրներից մեկի շենքում ապրում է 150-ից 200 արցախցի։
«Այնտեղ ստեղծվել են բնակարանների նման պայմաններ՝ առանձին սենյակներով»,- հավելեց մարզպետը։
Որպես երկարաժամկետ լուծում՝ նա առաջարկեց, որ այս արցախցիները կառավարության տրամադրած գումարով բնակարաններ վարձակալեն մարզում, այդ թվում՝ գյուղերում։
Միաժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ հիմնական խնդիրը բնակարանների սակավությունն է, մարդիկ դժվարությամբ են տներ կամ բնակարաններ գտնում։