2022թ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով դեռևս երկու զինծառայող շարունակում են անհետ կորած համարվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 225 է:
Ընդ որում, պաշտոնական աղբյուրները, այդ թվում նաև՝ պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմը և «ՔՊ»-ական պատգամավորները բազմիցս ահազանգել են, որ շփման գծում Ադրբեջանը հայկական կողմին թույլ չի տալիս աշխատանքներ իրականացնել՝ դիրքերում գտնվող հայ զինծառայողների մարմինների դուրսբերման համար։ Փաստացի, մարտական գործողություններից ավելի քան մեկ տարի անց շփման գծում դեռևս շարունակում են գտնվել հայ զինծառայողների մարմիններ։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ՊՆ-ին՝ պարզելու, թե ինչ աշխատանքներ են իրականացվում՝ Ջերմուկի դիրքերում գտնվող զինծառայողների դիերի դուրսբերման համար։ Գրավոր հարցմանն ի պատասխան ՊՆ-ից հայտնել են, թե Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում զոհված զինծառայողի մարմին չկա, և որոնողական աշխատանքներ չեն տարվում։ Միաժամանակ ՊՆ-ից հայտնել են, որ աճյունների դուրս բերման գործընթացը համակարգվում է այլ մարմինների կողմից։
«2022թ․ սեպտեմբերի 13-ին Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ ԶՈՒ զոհված զինծառայողի ոչ մի մարմին չի գտնվում թշնամու վերահսկողության ներքո»,- նշել են ՀՀ ՊՆ-ից՝ միաժամանակ հայտնելով, որ 2022թ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով դեռևս երկու զինծառայող շարունակում են անհետ կորած համարվել։