f

Անկախ

‹‹Մինչև վերջին  պահը հույս ունեինք, որ չենք լքի Արցախը››․ Անուշ Սարգսյան


2023 թվականի սեպտեմբերի 25-ին Անուշ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել հայրենի Ճարտարին հրաժեշտ տալու մասին։ Այդ տեսանյութն արագ տարածվել էր համացանցում։ Այդ օրն Անուշի կյանքի ամենավատ օրն  էր բոլորն իրերն էին հավաքում, լույս չունեին, հեռախոսում ընդամենը երկու տոկոս լիցքավորում էր մնացել։ Անուշը հեռախոսը վերցրել և քայլել է դեպի Ճարտարի բարձունք՝ բոլորից առանձնանալու և արտասվելու։ Հենց այնտեղ նա հասկացել է, որ վերջին անգամ է Ճարտարում, վերջին անգամ՝ Արցախում։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ պատերազմի առաջին օրը, Ճարտարում լսվել են ռմբակոծության ձայներ։ Անուշն աղոթում էր, որ թշնամին առաջխաղացում չունենար իրենց գյուղում։ Գյուղում շատերը խուճապի մեջ էին։

‹‹Ճիշտն ասած՝ այդ օրը Ճարտարը չի ռմբակոծվել, բայց հարևան գյուղերի ռմբակոծությունից անգամ հողն էր շարժվում։  Չէինք հասկանում՝ որտեղից են ռմբակոծության ձայները։ Ամբողջ գիշեր դրանք չէին դադարում։ Անգամ հաջորդ օրը, երբ հրադադար էր կնքվել, կրակը չէր հանդարտվում։ Այդ պահին ես իմ կյանքի համար չէի մտածում, միայն երեխաներիս աչքերին էի նայում, նրանց համար էի անհանգստանում››,- ‹‹Անկախի›› հետ զրույցում ասում է Անուշը։

Հրադադարի օրը Ճարտարի բնակիչներին հայտնել են Արցախը լքելու մասին։ Բոլորին հորդորել են զինվորական համազգեստի առկայության դեպքում դրանք այրել։ Անուշի խոսքով՝  սարսափելի տեսարան էր, երբ դպրոցի բակում այրում էին բոլոր իրերը։ Հերոսների պատվո տախտակները շորերի մեջ փաթաթել և  հողի մեջ թաքցրել են, այն հույսով, որ մի օր հետ են վերադառնալու։

‹‹Մոնթեի նկարներն էլ ենք խնամքով թաքցրել։ Գիտեինք, որ թշնամին գյուղ կմտնի, իսկ Ճարտարում գրեթե այնպիսի տուն չկար, որ հերոսի նկարը չունենար։ Ավոն իմ սրտում մեծ տեղ ունի, որի համար որդուս նրա անունով եմ կոչել։ Բնավորությամբ չարաճճի, ուժեղ, հայրենասեր է որդիս։ Քանի Արցախում էինք, միշտ ասում էր՝ մեծանամ՝ Շուշին հետ եմ բերելու։ Մինչև վերջին  պահը հույս ունեինք, որ չենք լքի Արցախը»,-ասում է Անուշը։

Անուշի խոսքով՝ գաղթի ճանապարհն ամենածանրն էր, դժվար է բաժանվել Արցախից։ Անկեղծանում է՝ Հայաստանում իրենց շատ լավ են վերաբերվում, իրեն օտարության մեջ չի զգում, բայց չի կարողանում հայրենի գյուղի աղբյուրից ջուր խմել։

Ծանր կյանք է ունեցել Անուշը․ ամուսինը պայմանագրային զինծառայող էր, Ապրիլյան պատերազմի մասնակից, երկրորդ կարգի զինհաշմանդամ, երկար ժամանակ բուժօգնություն է ստացել Հայաստանում։ Անուշը միայնակ է մեծացրել իր չորս զավակներին։ Ամուսինը մի փոքր վերականգնվելուց հետո Ռուսաստանի Դաշնություն է տեղափոխվել։ Հետո նրա մասին լուր չի ունեցել, և մինչև այսօր նրա ճակատագիրն անհայտ է։

‹‹Ճարտարի Սուրբ Վարդան եկեղեցում եմ աշխատել։ Երկվորյակներս չորս ամսական էին, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը, որի ժամանակ վիրավորվեց ամուսինս։ Սոցաջակցության ծրագրերից օգտվել եմ, չեմ բողոքում։ Անգամ տանիքս են վերանորոգել։ Պատերազմից մի քանի օր առաջ սառնարան են տրամադրել, որը չեմ էլ հասցրել օգտագործել։ Այդպես էլ թողել եմ գյուղում››,-ասում է նա։

Գաղթի ճանապարհն ահավոր էր․ բոլորը խուճապի մեջ էին, յուրաքանչյուրը փորձում էր շուտ դուրս գալ։ Լսել են, որ թշնամին  արդեն գյուղ է մտնում։ Իրենց ասել են, որ շուտով կհերթագրեն և մեքենայով կտեղափոխեն։ Բայց ամեն ինչ անկազմակերպ էր, ուստի Անուշը մոր հետ զինվորական մեքենաներով է Ճարտարից դուրս եկել՝ քառասունհինգ հոգով, առանց իրերի։ Ասում է՝ ոչինչ չէին զգում, անձրև էր գալիս, իրենք էլ՝բաց մեքենայում։ Ճարտարից Ստեփանակերտ են հասել քսանչորս ժամում։ Ննգի գյուղի ճանապարհին թշնամին կանգնեցրել է իրենց մեքենան և ստուգել այն։ Չնայած խուճապի չմատնվելուն՝ իրենց սրտում վախ կար, ինչպես Անուշն է ասում՝ թշնամուց ամեն  ինչ սպասելի էր։ Ստեփանակերտում քեռու տանն են մնացել, հետո նրա մեքենայով են Արցախից դուրս եկել։Անուշի խոսքով՝ այդ օրը Ստեփանակերտն ուրվականի էր հիշեցնում․ լքված ու դատարկված տներ, հուսահատություն, մռայլ ու  անորոշ պատկերներ։ Քեռին չէր շտապում դուրս գալ, կարծես՝ սպասում էր, ուզում էր մեկ ժամ ավել մնար իր տանը, իր հողում։

Վայքում հասկացան, որ անօթևան են մնացել, անգամ հյուրանոցներում մնալու տեղ չկար։ Մեքենայում են գիշերել երեխաները, իսկ մեծերը դրսում խարույկի շուրջ թեյել են։ Հետո 44-օրյայի օրերին իրենց հարազատ դարձած ընտանիքն է հյուրընկալել Սաղմոսավան գյուղում։ Հիմա Անուշը երեխաների հետ ժամանակավոր Արտաշավանում է ապրում։

‹‹Չգիտենք՝ ինչքան ժամանակով են այս տունն անվճար մեզ տրամադրել։ Պայմանները լավ են, չեմ բողոքում։ Գյուղում Գոռ ու Տաթև ամուսիններն անկողնային պարագաներ և գորգեր են բերել մեզ համար։ Բարի մարդիկ են գտնվել, որոնք աջակցել են կենցաղային իրեր գնելու հարցում։ Ես էլ ունեմ առողջական խնդիրներ, պետք է բուժօգնություն ստանամ։ Հետո մտածում եմ ուսումս Հյուսիսային համալսարանում շարունակելու մասին››,- ասում է Անուշը։

Անուշը որոշել է ուսումն ավարտելուց հետո աշխատել իրավաբանի մասնագիտությամբ։

‹‹Արցախում կանաչիները դաշտերից էինք հավաքում, ու այդ համն ու հոտն ուրիշ էին։ Կարոտել էի ժենգյալով հացի պատրաստման գործընթացը։ Մտովի Արցախ տեղափոխվեցի և որոշեցի այստեղ ժենգյալով հաց պատրաստել և հյուրասիրել այդ օրերին մեզ աջակցած մարդկանց։ Շատ համեղ էր, հյուրերն էլ էին հավանել։ Շատ հուզվեցի այդ օրը››,-ասում է նա։

Անուշն Արցախից երեք թանկ բան է բերել իր հետ՝ ‹‹Նարեկը››, ‹‹Աստվածաշունչը›› և փայտե խաչ։

Երազում է Արցախ վերադառնալու մասին, գոնե մի օր հյուրի կարգավիճակով գնալու մասին։

Հասմիկ Հակոբյան

Անուշ Սարգսյան էթնիկ զտումներ տեղահանված արցախցիներ ադրբեջանական ագրեսիա Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին