Կարծես Հայաստանը Ռուսաստանի կողմից փոխանցվում է Արևմուտքին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Արմեն Այվազյանը:
«Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը փոխի իր դիրքորոշումները և գնա դեպի Արևմուտք՝ այդ ընթացքում միայն սխալ հայտարարություններ և սխալ քայլեր անելով և խրախուսելով Ադրբեջանին: ԱՄՆ-ն և կոլեկտիվ Արևմուտքը նույնպես տեսանք, որ ոչինչ չձեռնարկեցին Արցախի հայաթափման գործում: Իսկ ԱՄՆ-ն հայանպաստ դիրքորոշումներ է արտահայտում, որպեսզի այդ «փոխանցում» ասվածն ավելի սահուն կատարվի: Ռուսները կարողանան իրենց ներքին քաղաքական դաշտում արդարացում ունենալ, որ ահա, Հայաստանը վերցրեցին, տարան: Այնինչ, այսօր Ռուսաստանն ամեն ինչով նպաստում է, որ Հայաստանը գնա իրենից: Դա մենք ամեն օր ենք տեսնում»,- ասաց նա:
Հարցին, թե Ռուսաստանի ինչի՞ն է պետք Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին և Արևմուտքին, փորձագետը պատասխանեց. «Դրանք ինչ-որ գաղտնի համաձայնություններ են, մենք դրանց մասին կիմանանք գուցե ոչ մեր կյանքի օրոք, կամ գուցե մեր կյանքի օրոք»:
Ռազմական փորձագետը նաև նկատեց, որ այն, որ 10 ամիս շրջափակման ժամանակ Արևմուտքը ոչինչ չձեռնարկեց, ցույց է տալիս, որ այս ամենը համաձայնեցված է. «Դա է ցույց տալիս նաև 44-օրյա պատերազմը: Դա է ցույց տալիս սեպտեմբերի 19-ից ընդամենը երկու օր առաջ Ստամբուլում տեղի ունեցած գաղտնի հանդիպումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաների միջև, որտեղ քննարկվել էր Արցախի հարցը: Ինչո՞ւ էր դա տեղի ունեցել Ստամբուլում, դա նշանակում է, որ թուրքերն էլ են մասնակցել այդ հանդիպմանը: Եվս մեկ փաստ. 2022-ի հուլիսի 15-ին անսպասելիորեն Հայաստան այցելեց ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության պետը: Երեք օր հետո Հայաստան այցելեց Ռուսաստանի արտաքին հետախուզության պետ Նարիշկինը: Սա ի՞նչ հաշիվ է: Սա ցույց է տալիս, որ անընդհատ համաձայնեցվում են ինչ-որ հարցեր: Այստեղ տեղի է ունեում ազդեցության գոտիների վերաբաշխում: Ռուսաստանը նահանջում է, և չի ուզում ցույց տալ, որ Հայաստանը հանձնում է Արևմուտքին: Մենք նաև չգիտենք, Արևմուտքին է հանձնում, թե՞ Թուրքիային»,- ընդգծեց Արմեն Այվազյանը: