Ֆինլանդիան փակել է չորս կետ Ռուսաստանի հետ սահմանին, որպեսզի կանգնեցնի ապաստան խնդրողների թվաքանակի կտրուկ աճը, որը, Ֆինլանդիայի կարծիքով, հրահրում է Մոսկվան, տեղեկացրել է ВВС-ն։
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն Ռուսաստանին մեղադրել է այն բանում, որ նա միտումնավոր օգնում է համապատասխան փաստաթղթեր չունեցող մարդկանց հասնել սահման։
Հաստատելով չորս սահմանային կետերի փակման փաստը՝ Օրպոն հայտնել է, որ Սալա եւ Վարտիուս անցակետերը Ֆինլանդիայի ծայր հյուսիսում բաց կմնան ապաստան տրամադրելու մասին հայտարարությունների ընդունման համար։
Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է, որ ուրբաթ կեսգիշերից պատնեշներ կդրվեն Ֆինլանդիայի հարավարեւելյան Վաալիմաա, Նույամաա, Իմատրա եւ Նիիրալա սահմանապահ անցակետերում։
Հելսինկին հարեւան երկրին մեղադրել է այն բանում, որ նա միգրանտներ է ուղարկում այդ անցակետեր՝ որպես վրեժ, քանի որ Ֆինլանդիան դարձել է ՆԱՏՕ անդամ։ Սահմանապահների տվյալներով՝ այս շաբաթ Ֆինլանդիա է անցել ապաստան խնդրող մոտ 300 մարդ։