Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության և տարհանվածների հարցերով ներկայացուցիչ, Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանն օրերս հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Ճիշտ է, Բադասյանը ՔԿ էր հրավիրվել վկայի դատավարական կարգավիճակով, սակայն՝ փաստացի կասկածանքի շուրջ հարցաքննության։ Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Բադասյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։
Քրեական վարույթը նախաձեռնվել է Բադասյանի հայտարարություններից մեկի առնչությամբ, սակայն չհստակեցրեց, թե որ հայտարարության մասին է խոսքը նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված։ Փաստաբանը միայն նշել է, որ հարցաքննության էր հրավիրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի, այն է՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հանցակազմի շուրջ։ Բադասյանը դիրքորոշում է հայտնել առ այն, որ, հաշվի առնելով, որ իր ցուցմունքները կարող են ի վնաս իրեն օգտագործվել, հրաժարվում է ցուցմունք տալուց։