f

Անկախ

Մեր ապագան ենք թողել Արցախում. Նախշուն Ավագյան


«Արցախում են մնացել մեր մանկության հիշողությունները, ապրած կյանքը, մեր գերեզմանները: Մեր ապագան ենք թողել Արցախում: Այն մի բուռ հողն էլ, որ մեզ հետ բերել ենք, ուղղակի մխիթարանք է»,- «Անկախի» հետ զրույցում պատմելով Արցախից բռնի տեղահանության մասին՝ ասում է 33-ամյա Նախշուն Ավագյանը: 

Նա ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում: Այնտեղ ընտանիք կազմել, ծնել իր 4 զավակներին, ստեղծել «Նախշ ձեռագործը» և արարել: Նախշունի հայրը արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղել է Շուշին ու Տիգրանակերտն ազատագրողներից մեկը, իսկ ամուսինն սպա է: 

Հոբբիից կյանքի գործ դարձած «Նախշ Ձեռագործ»-ը

Նախշունը մասնագիտությամբ դիզայներ է: Ասում է՝ փոքր երեխաների խնամքի հետ աշխատանքը համատեղելը բարդ էր, ուստի փորձում էր իր հոբբին բիզնեսի վերածել. պատվերներ էր ընդունում և ձեռագործ իրեր պատրաստում, բայց ակտիվ չէր, քանի որ հին կարի մեքենայով էր աշխատում, որով ամեն բան չէ, որ հնարավոր էր կարել: 

 44-օրյա պատերազմի ժամանակ նա երեխաների հետ ապաստանում է Երևանում: Բայց ուշքն ու միքտն  Արցախում էր, մտածում էր առաջնագծին օգտակար լինելու ուղիների մասին: Սկզբում անձրևանոցներ կարելու գործին է կամավորագրվում: Բայց տեղն հեռու էր, դժվար էր ամեն օր երեխաների հետ այդքան ճանապարհ անցնել: Միանում է մեկ այլ կամավորական խմբի, որը արցախահայերի համար տոնավաճառ էր  փորձում կազմակերպել, իսկ գումարները պետք է ուղղվեին առաջնագծի կարիքներին: 

«Այստեղից-այնտեղից լասկուտներ հավաքեցի, Բլեյանի դպրոցում ինձ կարի մեքենա հատկացրեցին, սկսեցի կարել, ինչ կստացվեր: Մասնակցեցի տոնավաճառին, գումարի մի մասն ուղարկեցի առաջնագիծ, մնացածով հումք ձեռք բերեցի հաջորդ տոնավաճառի համար: Այդպես մի քանի տոնավաճառների մասնակցեցի: Տոնավաճառի ժամանակ պարապ չմնալու համար գործում էի՝ գլխարկ, հերակալ, ինչ պատահեր: Ավարտելուն պես վաճառվում էին: Հունի մեջ էի ընկել,  ստաբիլ աշխատանքի նման էր.  պատրաստի ապրաքներ ունեի, որոնք ներկայացնում էի տոնավաճառներին, հասույթի մի  մասն ինձ էր մնում նոր հումք ձեռք բերելու համար,- ասում է նա:-Երբ ամեն ինչ վերջացավ, որոշեցի, որ պետք է շարունակեմ:  Հավաքված գումարով գնեցի փոքրիկ կարի մեքենա: Այն  վերցրած՝  գնացի Արցախ՝ մտադրված, որ պետք է աշխատեմ։ Տեղ հասնելուն պես ունեցա իմ առաջին պատվերը: Եվ  մինչև վերջին օրն էլ աշխատել եմ, ինձ համար այն ստաբիլ աշխատանք էր։ Իսկ իմ պատվիրատուներն ինձ հարազատ մարդիկ էին դարձել»: 

Արցախից հեռանալիս Նախշունն իր հետ բերել է նաև իր կարի մեքենան: Ու հիմա ևս ստեղծագործում է: Արդեն առաջին պատվերն է առաքել: «Փորձում եմ ինձ շեղել, քանի որ այլապես մտածմունքներից կարող ես խելագարվել»,- ասում է նա։ 

Ապագան՝ Արցախում

Նախշունն ասում է, որ երբևէ Արցախից դուրս ապրելու մասին չի էլ մտածել: Ավելին, 44-օրյա պատերազմից հետո, երբ կրկին Արցախ վերադարձան, այնքան հաստատակամ էին հայրենի հողում ապրելու մտքում, որ իրենց համար նոր տուն կառուցեցին: «Ավտոտնակին երկրորդ հարկ կառուցեցինք, նորոգեցինք: Մայիսից արդեն մեր նոր տանն էինք ապրում ամուսնուս ու 4 երեխաներիս հետ: Մտադրվել էինք մի հողակտոր գնել ու այնպիսի մեծ տուն կառուցել, որտեղ հանգիստ կտեղավորվեր մեր 9 հոգանոց ընտանիքը, որտեղ մեր ընկերներով ու հարազատներով կկարողանայինք հավաքվել: Բայց, ափսոս, չհասցրեցինք»,- ասում է նա: 

Շրջափակման երկար ու ձիգ 10 ամիսների ընթացքում անգամ չեն կորցրել հայրենի հողում ապրելու հաստատակամությունը: «Ինչ ձեռքս էր ընկել, մի քիչ պահել էի: Մենք պատրաստ էինք անգամ ձմեռը շրջափակման մեջ անցկացնելուն»,- ասում է նա: Որպես հիմնավորում իր 5-ամյա տղային է մեջբերում. «Տղաս անընդհատ ասում է՝ ուզում եմ Արցախ գնալ:   Մի անգամ ասացի՝ գնանք ի՞նչ անենք, այնտեղ երբ  բանան ուզես, չեմ կարողանա գնել: Ասաց՝  մամ, չկա, չկա, կարևորը դա չէ։ Մենք էլ չենք ուտի»:

«Ընդամենն ապրել մեր հայրենիքում: Մեզ ուրիշ բան պետք չէր: Հեռանալն անընդհատ ձգձգում էինք, մտածելով, որ միգուցե կիսաքնելուց հետո հաջորդ առավոտյան մի բան փոխվի, որ մի հրաշք կլինի և կասեն՝ մի գնացեք»,- ասում է նա: 

Հիշելով սեպտեմբերի 19-ի հարձակումը՝ Նախշունը պատմում է, որ այդ օրն առաջին անգամ առանց հիմնավոր պատճառի իր երեխաներին դպրոց չէր ուղարկել: «Ամուսինս ծառայության վայրում էր: Առավոտյան զարթուցիչի ձայնից արթնացա, մի քիչ մտածեցի, ինչ-որ ներքին զգացողություն ունեի, նորից պառկեցի: Որոշեցի, որ այդ օրը երեխաներին  դպրոց չեմ ուղարկում»,- հիշում է նա՝ հավելելով, որ թեև երեխաները կիսասոված էին դպրոց հաճախում, բայց կար գիտակցությունը, որ ուսումը կարևոր է, որ պետք է կրթվեն: 

«Մեծ տղաս Ֆիզմաթ դպրոցում էր սովորում: Հեծանիվով էր դասի գնում-գալիս: Լավ է չուղարկեցի այդ օրը»,- ասում  է նա: Պատմում է, որ հաճախորդներից բազուկ ու գազար էին ուղարկել, ինքն էլ կարողացել էր կաղամբ գնել, և այդ օրը որոշել էր տոնական ճաշ պատրաստել՝ բորշ: «Մայրիկիս, սկեսուրիս ասել էի, որ իրենց էլ կուղարկեմ: Մինչ ճաշը կեփվեր, պատվիրատուներիցս մեկը զանգեց, ասաց, որ բան է ուղարկել, երեխաս ընդառաջ գնա, վերցնի: Երկրորդ տղայիս հեծանիվով ուղարկեցի: Արդեն կեսօր էր: Ճաշն անջատեցի, թողեցի, որ մի քիչ հովանա: Տունը հավաքեցի, կրակոցները սկսվեցին: Երեք երեխաներիս հետ իջել եմ ավտոտնակի դիմաց, մի տղաս դեռ չկար: Գոռում եմ: Չգիտեի ինչ անել՝ երեքին նկուղ տանել, թե սպասել, որ մի տղաս էլ գար: Ի վերջո որոշեցի սպասել, մինչև տղաս կգար»,- պատմում է նա: 

Ի վերջո 4 երեխաների հետ մոտակա նկուղ է հասել: 

« Թե նկուղում  ինչ էր կատարվում, աննկարագրելի  էր՝ ծնողներ որոնք չէին գտնում իրենց երեխաներին, գոռում էին, երեխաներ, որոնք չգիտեին, թե իրենց ծնողները որտեղ են, ահավոր մի տեսարան: Ու մի ամբողջ օր այդ ձայները չէին կտրվում, անգամ մի վայրկյանով։ Երեխաներս կիսասոված…»,- հիշում է նա՝ հավելելով, որ մի քանի ժամ անց իրենց գտել է սկեսրայրը, որը կես հացն ու մի շիշ ջուրը ձեռքին նկուղից նկուղ էր անցնում և փնտրում թոռներին: «Երբ մի քանի վայրկյան հանդարտվեց, այն նկուղ վազեցինք, որտեղ ամուսնուս ծնողներն էին: Այն ավելի ապահով ու ամուր էր:  Հաջորդ օրը վախվորած,  սկեսրայրիս հետ վազելով գնացինք մեր տուն,  բորշը բերեցինք նկուղ: Այնտեղ ապաստանած ծնողներից  ամեն մեկը լցրեց, իր երեխաներին կերակրեց»,- հիշում է նա: 

Խոսելով կապիտուլյացիայի լուրի մասին՝ ասում է, որ այլընտրանք չկար՝ թշնամին Ստեփանակերտի արվարձաններ էր հասել, ու այնտեղի բնակիչները քաղաքի կենտրոն էին տեղափոխվել: 

Վերհիշելով Ստեփանակերտից հեռանալը՝ պատմում է՝ սկզբնական շրջանում, երբ ասեկոսեներ էին պտտվում, որ տղամարդկանց չեն թողնելու դուրս գալ, ինքը որոշել էր, որ պետք է մնա, ոչ մի պարագայում չի թողնելու իր ամուսնուն, հորը, եղբորը: «Միգուցե իրոք վատ ծնող եմ, բայց ասել եմ՝ մենք չենք գնալու առանց մեր տղամարդկանց»,- ասում է նա:  Իսկ հետո, երբ եկել է հեռանալու օրը, տունը հավաքել է, փոշիները սրբել, դուռը փակել են և դուրս եկել՝ վստահությամբ, որ նորից մի օր իրենց տուն կվերադառնան: «Ասել ենք՝ մնաս բարով, մինչև կգանք: Երևի վերադառնալու միտքն է մեզ հույս տալիս ապրելու, որ չկոտրվենք ու պայքարենք»,- ասում է նա: Հարցին՝ հնարավոր էր արդյոք մնալ և ապրել Ադրբեջանի վերահսկողության ներքո, Նախշունը բացասական պատասխան է տալիս.  « Ո՞ւր մնայինք, եթե ամեն վայրկյան թշնամին կարող էր դուռը բացել ու մտնել: Ինչպե՞ս է հնարավոր ապրել ադրբեջանցու կողքին, որը տարիներ շարունակ հայ է սպանել:Եթե ապրել Արցախում, ապա միայն հայկական Արցախում:  Չի կարող այդ սուրբ հողը, որի վրա այդքան արյուն է թափվել, մնա թուրքի ձեռքին։ Թուրքն այնտեղ չի կարող ապրել, այդքան տղաների հոգիները դա թույլ չեն տա»։ 

2 օր ճանապարհ են անցել. « Ոչ ոք այդ ապրումները չի կարող պատկեացնել, մինչև չանցնի այդ ամենի միջով: Մինչև վերջին վայրկյանը փորձում էին մեզ կոտրել ու զրկանքների ենթարկել, այդ ճանապարհին ավտոմեքենաներ էին փչանում, կիսասոված մարդիկ էին ուշագնաց լինում․․․Հիմա, որ հետ եմ նայում, թվում է՝ չէի կարող այդ ամենին դիմանալ»։ 

Նախշունն իր ընտանիքի հետ ժամանակավորապես ապաստանել է Ծաղկաձորում: Ասում է՝ 9 հոգանոց ընտանիքին Հայաստանում հրաժարվում են տուն տալ վարձակալության: Երբ լսում են, որ 4 երեխա կա ընտանիքում, էլի, անմիջապես մերժում են՝ պատճառաբանությամբ, որ տունը կփչացնեն: «Հիմա ամուսնուս ծնողները և տատիկը տալոջս մոտ են ապրում: Բայց ի վերջո պետք է վերամիավորվի չէ՞ մեր ընտանիքը: Երկու տուն վարձակալել չենք կարող, 1 տուն էլ չենք գտնում»,- ասում է նա: 

Խոսելով բռնի տեղաահնվածներին տրվող պետական աջակցության մասին՝ Նախշունն ասում է՝ աջակցություն կլիներ, եթե տնով ապահովեին: Իսկ հիմա չգիտի՝ տան վարձ տա հատկացվող գումարով, թե, օրինակ՝ ափսե, պատառաքաղ կամ կաթսա գնի: «Թող իմ տունն ինձ տան, ես ամեն ամիս կվաստակեմ ու 100 հազար կտամ իրենց,- ասում է Նախշունը:-Ինձ տուն տվեք, ես էլ ամուսինս էլ կաշխատենք,  մեր 9 հոգանց ընտանիքը կպահենք, բայց գոնե իմանանք, որ տանիք ունենք, որ գոնե 1 տարի այդ տանն ենք լինելու, որ հանգիստ երեխաներիս մանկապարտեզ տանեմ, մյուսներին դպրոց, ոչ թե քոչվորականի պես  տոպրակները տեղից տեղ տանեմ»։ 

Խոսելով ապագայի մասին՝ Նախշունն ասում է, որ այն շատ անորոշ է: Բայց մի բան հստակ գիտի՝ ուզում է հայրենիքում ապրել: Ընտանիքով որոշել են, որ իրենց անձնագրերը չեն փոխելու՝ ո՞րն է իմաստը ՀՀ քաղաքացու անձնագիրը հանձնել և կրկին ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ: 

«Հենց Արցախը հանձնեցին, մեր անձնագրերը դարձան  ճամփորդական փաստաթո՞ւղթ։ Չգիտեմ՝ ինչ խաղեր են խաղում։ Բայց հստակ է՝ ուզում են այնպես անել, որ արցախահայությունը զզվի ամեն ինչից ու թողնի գնա, ծանոթներիս ու ընկերներիս շրջանակում, ցավոք սրտի, մեծամասնությունը մտածում է դուրս գնալու մասին,- ասում է նա:-  Բայց ինչո՞ւ պետք է ես մեկ այլ երկրում ապրեմ։ Ես ծնվել եմ որպես հայ ու ուզում եմ մեռնել որպես հայ:  Ուզում եմ  իմ հայրենիքում ապրել ու ստեղծել։ Բայց չգիտես ինչու, իմ տեղն ինչ-որ մեկը որոշում է, որ պետք է այստեղից թողնեմ ու գնամ»։

 

կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Արցախ Ստեփանակերտ հայրենազրկում Նախշ ձեռագործ Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին