f

Անկախ

Երկու սերունդ՝ հայրենիքի կանչով։ Հայր և որդիներ Գրիգորյանները կռվել են Արցախում


Կապիտան Անդրանիկ Գրիգորյանը երազում էր գեներալ դառնալ։ Զինվորական ծառայության անցնելուց հետո իրեն ամբողջովին նվիրեց բանակին, պատվով անցավ սպայի՝ վեց տարվա փառքի ճանապարհը, ամբողջ սրտով սիրեց Արցախը։ Անդրանիկը զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Մարտակերտը պաշտպանելիս։ Հերոս սպայի երազանքները կիսատ մնացին, ու նա այդպես էլ չիմացավ, որ իր մահից հետո բազում գեներալներ ոչ միայն չպահեցին Արցախը, այլև համակերպվեցին այն կորցնելու մեծ ցավի հետ։

Գավառից երկու սերունդ՝ հայրն ու երկու որդիները, պատերազմի առաջին օրերին Արցախ մեկնեցին՝ այն պաշտպանելու և թշնամուն խաղաղություն պարտադրելու։ Հայրը՝ Կարեն Գրիգորյանը, Երկրապահ կամավորական միության կազմում մեկնեց Քարվաճառ։

Որդիները՝ Անդրանիկ և Մերուժան Գրիգորյանները, ծառայում էին Արցախի պաշտպանության բանակում՝ որպես սպա։ Ավագ որդին՝ Մերուժան Գրիգորյանը, մեկ անգամ արդեն անցել էր պատերազմի միջով։ 2013 թվականից Եղնիկներում էր ծառայում։

‹‹Անկախի›› հետ զրույցում ավագ լեյտենանտ Գրիգորյանը պատմում է, որ Ապրիլյան պատերազմի նախօրեին զորավարժություններ էին անցկացնում Մեխակավանում։ Եղնիկների՝ 120 հրետանային մարտկոցն իր անձնակազմով մարտական խնդիրներ կատարելու ժամանակ Պաշտպանության բանակում զբաղեցրել էր 1-ին տեղը։

Պետք է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման հետ մրցեին և հաղթանակի դեպքում Ռուսաստանի Դաշնություն մեկնեին։ Բայց պատերազմի պատճառով այն հետաձգվեց, և ստիպված Մեխակավանից հետ վերադարձան  Եղնիկներ։

‹‹Քառօրյա պատերազմի առաջին օրը ստորաբաժանման նույն կազմով երթ ենք կատարել դեպի Եղնիկներ և այնտեղ հասել ապրիլի 3-ին։ Այդ ժամանակ ստորաբաժանման մարտկոցի հրամանատարը ոտքի շրջանում վիրավորում է ստացել՝ կրակային դիրքի շրջանում հակառակորդի հրետակոծության հետևանքով։ Նրան տեղափոխել ենք հոսպիտալ։ Քանի որ մարտկոցի միակ սպան էի, ուստի ես ինձ վրա եմ վերցնում ողջ պատասխանատվությունը կրակային դիրք ենք զբաղեցնում և պատրաստվում կրակ վարելուն››,-պատմում է Մերուժանը։

Մարտական մի քանի առաջադրանք կատարելուց հետո ապրիլի 4-ին պատերազմն ավարտվում է։ Ուղիղ մեկ ամիս տղաները չեն կարողացել կապ հաստատել հարազատների հետ՝ կապի բացակայության պատճառով։ Պատերազմից ամիսներ անց Մերուժանը զորացրվում է։ Հետո ՌԴ է մեկնում։

2020 թվականին հայրենիքի կանչով Մերուժանը նորից Արցախ է վերադառնում, կարծելով, որ բանակում բարեփոխումներ են իրականացվել։ Սակայն պարզվում է հակառակը՝ կարգապահության ու մարտունակության լուրջ խնդիրներ կային բանակում։

Կրտսեր եղբայրը՝ Անդրանիկ Գրիգորյանը, 5-րդ պաշտպանական շրջանի՝ KS-19 հրետանային մարտկոցի հրամանատարն էր։ Կապիտան Գրիգորյանը կադրային սպա էր։ Նրա ենթակայության տակ տասներկու հրանոթ կար։ Անդրանիկը 2014 թվականին է զինվորական ծառայության անցել Դիլիջանում, հետո՝ տեղափոխվել Մարտակերտի տարբեր ստորաբաժանումներ։

‹‹Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ արձակուրդ էի եկել, Անդրանիկն էլ հետո էր եկել՝ սեպտեմբերի 29-ին իմ ծննդյան տարեդարձը նշելու։ Սակայն սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան, լսում ենք պատերազմի լուրն ու վերադառնում Արցախ։ Ես իմ հեռախոսն Անդրանիկի մոտ էի մոռացել, որի պատճառով ուրիշի հեռախոսով էի կապվում նրա հետ։ Անդրանիկն ասել  է, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է և չանհանգստանամ իր համար››,-ասում է Մերուժանը։

Հոկտեմբերի 2-3-ը Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ թեժ մարտեր են եղել։ Մերուժանի խոսքով՝ վերջին երկու օրերին չի կարողացել կապվել եղբոր հետ։ Տուն զանգելուց հետո է իմացել, որ Անդրանիկը զոհվել է։ Հայրը Քարվաճառից է Հայաստան վերադարձել, ինքն էլ Մարտակերտ է գնացել, եղբոր հրետակոծված մեքենան վերանորոգել և հենց դրանով վերադարձել Հայաստան։

Անդրանիկի հուղակավորությունից հետո Մերուժանը հետ է վերադարձել պատերազմի դաշտ։ Այդ օրն իբր հրադադար էր հայտարարվել, բայց թշնամին խախտել էր այն։ Մարտակերտից վերադառնալիս թշնամին հարվածել է իրենց ռազմական տեխնիկային։ Մերուժանը եղբոր տան բանալիներն է գտել, տնից կարևոր փաստաթղթեր վերցրել և հետ եկել Եղնիկներ։

Նոյեմբերի 9-ին Մերուժանը վիրավորում է ստացել։ Մարտակերտի գյուղերից մեկի հոսպիտալում նրան վիրահատել են և  տեղափոխել Իվանյան։ Մի քանի օր մնացել է այնտեղ, հետո լավ չխնամելու հետևանքով կորցրել գիտակցությունը։ Նրան Երևան են տեղափոխել, որտեղ և լսել է կապիտուլյացիայի լուրը։ Ծանր զգացողություններ է ունեցել, բայց լռում է դրանց մասին։

‹‹Հիմա կորցրել ենք Արցախը, բայց մարդկանց դեմքին նայելիս թվում է՝ սովորական բան է եղել։ Ով անցել է պատերազմի միջով, միայն նա կհասկանա››,-ասում է նա։

Անդրանիկի մարտական ընկերը՝ Սարգիս Գալստյանը, որ իրար հասցրել են ճանաչել ընդամենը մի քանի օր, պատմում է, որ սեպտեմբերի 29-ին են Անդրանիկի հետ հանդիպել։ Նույն դիրքում են եղել։ Նրա խոսքով՝ երկուստեք դիտարկելու առումով իրենց դիրքն ամենաբարձրն էր․ թե թշնամին, թե մեր տղաներն իրար լավ էին տեսնում։ Ասում է՝ ամենավտանգավոր դիրքն էր։ Անդրանիկի ենթակայության տակ գտնվող հրանոթներն իրարից 150-200 մետր հեռավորության վրա էին դրված՝ երկու սարի գլխին։ Իրենց դիրքից Անդրանիկը դիտարկում էր անում ու բոլոր հրանոթներին նայում, որ կրակեն։ Զոհվելու օրը մի քանի անգամ համազարկով կրակեցին, բայց որպես դիտակետ իրենց դիրքից էր  կրակում։ Բոլոր հրանոթները կրակում էին կոորդինատով, ու Անդրանիկն էր դրանք հաշվարկում։ Այդ օրը տղաները թշնամու ռազմաբազա են պայթեցրել։

‹‹Այդ օրը բավականին թեժ կռիվ էր ընթացել։ Թշնամու տանկերն էին  ռազմադաշտում, հարվածային անօդաչու սարքերն էին պտտվում։ Երբ պայթեցրինք թշնամու ռազմաբազան, հակահարված ստացանք նրա կողմից, թշնամու տանկը կրակեց մեր ուղղության վրա››,-ասում է Սարգիսը։

Նրա խոսքով՝ Անդրանիկը սարի ամենաբարձր վայրում էր՝ թմբին կանգնած, որ կարողանար հաշվարկներ աներ։ Նա թշնամու ուղիղ նշանառության տակ էր։ Իրենք փոքր խրամատներ էին փորել, որտեղ պատսպարվում էին։ Տանկի պատասխան հարվածից հենց անմահացավ Անդրանիկը։

‹Չեմ կարող բառերով բացատրել, ասենք՝ միանգամից մարդն այդ բալանսից ինչպես է դուրս գալիս։ Դու մի տասը վայրկյան չես գիտակցում, թե ինչ է կատարվում։ Ականջներդ բան չեն լսում, ամբողջը փոշի ու ծուխ է։ Մի քսան վայրկյան պառկել ենք գետնին, ոչ մի բան։ Մինչև հավաքվել ենք մի տեղ, սկսել ենք հասկանալ՝ ով կա, ով՝ ոչ։ Հետո տեսանք՝ Անդոն չկա, Լյովը չկա։ Ելել ենք, ձայն տվել, գնացել ենք հետևներից ու տեսել։ Այդ օրն էլ նրանց մարմինները  հանել ենք մարտադաշտից և կապ տվել, որ գան ու նրանց տեղափոխեն››,-ասում է նա։

Անդրանիկի մասին ակնածանքով ու հպարտությամբ է խոսում Սարգիսը։ Ինքը երկու տարի ծառայել է Մատաղիսում, խոստովանում է՝ կցանկանար Անդրանիկի պես հրամանատար ունենար։ Նրա խոսքով՝ իրենց ջոկատը մնալու տեղ չուներ, իրենք են իրենց համար ապաստարան պատրաստել, Անդրանիկն էլ ամեն ինչ կազմակերպել է, հոգացել ամեն ինչի մասին։ Ասում է՝ հերոս սպայի  խոսքը մեծ կշիռ ուներ, և նա դա էլ էր օգտագործում հօգուտ իր դասակի, իր ընկերների, իր ենթակաների։

‹‹Անդրանիկը ‹‹հրամանատար›› հասկացողության մեջ ընկեր էր տեսնում։ Երբ ինքը զգար, որ հայ տղա ես, հայ մարդ ես, ճիշտ ես ամեն ինչ հասկանում, քեզ հետ ընկերություն կաներ։ Միայն այդ չոր սպայական հարաբերությունը չէր լինիշ ինքը քո վրա կհենվեր, դու՝ իր վրա» ,-ավարտում է նա։

Անդրանիկ Գրիգորյանը կենդանության օրոք պարգևատրվել է ‹‹Ծովակալ Իսակով›› մեդալով։ Հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական ծառայություն›› մեդալով։

 

Հասմիկ Հակոբյան

 

 

 

Անդրանիկ Գրիգորյան 44-օրյա պատերազմ Արցախ Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին