f

Անկախ

Ես միայն Արցախում եմ ինձ հողին կառչած զգում և վստահ քայլում. Արմինե Գրիգորյան


«Հույս ունեմ, որ կտեսնեմ մեր վերադարձը Արցախ: Այնքան հարազատ իրեր եմ թողել այնտեղ: Բայց սրտիս խորքում համոզված եմ՝ կգա այն պահը, երբ ես այդ իրերը կրկին կօգտագործեմ»,- «Անկախի» հետ զրույցում ասում է Ստեփանակերտի 37-ամյա բնակչուհի Արմինե Գրիգորյանը՝ երանի տալով անգամ բլոկադայի օրերին, երբ հայրենիքում էին:

«Մինչև վերջին րոպեն հույս ունեինք, որ կմնանք, պատրաստ էինք ամեն դժվարություն հաղթահարել:  Մինչև հիմա երանությամբ եմ խոսում բլոկադայի ու այդ օրերին կրած դժվարությունների մասին, քանի որ գոնե մեր տանն էինք»,- ասում է նա՝ հավելելով, որ շնչահեղձ է լինում հայրենիքի կարոտից: «Գիշեր, թե ցերեկ, աչքերս փակում եմ, կամ Ստեփանակերտի փողոցներով եմ քայլում, կամ  մեր գյուղի արահետներով: Այդ հիշողություններով ենք ապրում»,- ասում է նա: 

Արմինե Գրիգորյանը արմատներով Ասկերանի Խաչեն գյուղից է, ապրել է Ստեփանակերտում, այնտեղ ընտանիք կազմել, տուն կառուցել, երկու որդիներին ծնել ու  մեծացրել, աշխատել: 2020-ից ի վեր եղել է Արցախի Հանրապետության ԿԸՀ մամուլի քարտուղարը: 

«2017-ին վարկ էինք վերցրել տուն կառուցելու համար: Ունեինք մեր տունը՝ բոլոր հարմարություններով: Բայց շատ քիչ վայելեցինք»,- ասում է՝ հիշելով 44-օրյա պատերազմը: Վստահեցնում է՝ մինչև պատերազմը երբևէ ամուսիններով չեն մտածել, որ կարող են ինչ-որ պահի Արցախից դուրս ապրել: Իրենց տունը Ստեփանակերտի Հայկավան թաղամասում էր, որից հետո ձորակ է, ապա Շուշիի բարձունքն է: Ասում է՝ դժվար էր համակերպվել այն մտքին, որ պետք է ապրեն ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ, որ երեխաներին պետք է նման պայմաններում թողնեն ու աշխատանքի գնան: Բայց հայրենի հողում ապրելու հաստատակամությունն ամուր էր, և հրադադարից մեկ ամիս անց արդեն Ստեփանակերտում էին՝ պատրաստ ապրելու և արարելու հայրենի հողում: «Ես միայն այնտեղ եմ ինձ  հողին կառչած զգում և վստահ քայլում»,- ասում է Արմինեն:

«Հարմարվեցինք այդ ամենին, անգամ թուրքի նշանառության տակ լինելու հանգամանքին: Ընթացքում բախումները  եղան, դիմակայում էինք: Բլոկադային էլ հասցրեցինք  հարմարվել, ապրուստի միջոց հայթայթել: Նույնիսկ այսօր կարոտով եմ հիշում բլոկադան, ռեժիմով լույս ունենալը, հացի հերթում կանգնելն ու հաց  չստանալը: Երանի հիմա էլ այնտեղ լինեինք, ոչինչ, թող  այդպես լիներ, գոնե մեր հողում կլինեինք»,- ասում է նա՝ հիշելով, որ հենց հունվարի մեկին ընտանիքով հողամաս են մտել, մաքրել և հողը պատրաստել ցանքսին՝ բլոկադայի դժվարություններին այդպես դիմակայելով: 

«Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը սերմեր տրամադրեց  շատ արցախցիների, մենք էլ մեր բանջարանոցում ամեն տեսակի սերմեր ցանեցինք՝ կարտոֆիլ, լոլիկ, լոբի, բադրիջան, պղպեղ, կանաչիներ: Այդ բանջարանոցը մեզ ահագին օգնեց բլոկադայի  դժվար ժամանակներում,- պատմում է Արմինեն:-  Գրաֆիկով լույսերին էլ հարմարվեցինք:  Ոտքով էինք տեղաշարժվում, քանի որ վառելիքի խնդիր կար: Երբ գազերն անջատեցին, անցանք 90-ականների ռեժիմին՝ վառարան, փայտի հոգս: Բայց դրան էլ հարմարվեցինք: Դիմանում էինք հանուն մեր հողում ապրելու: Ասում էինք՝ ամեն ինչին կդիմանանք, միայն թե մեր հողում և մեր տանը ապրենք: Հազարավոր զինվորների թափած արյունն  այդ հողը սրբություն էր դարձել, ու պատրաստ էինք ամեն ինչի մեր հողը չթողնելու համար»: 

Հիշում է՝ երեկոյան թաղի բնակիչներով փողոց էին դուրս գալիս, նստում ու միմյանց հետ զրուցում՝ վստահ լինելով, որ կգան լավ ժամանակներ, և  ծիծաղով այդ ամենը կհիշեն: 

 Երեխաներն էլ հասկանում էին ամեն բան ու անտրտունջ դժվարությունները կրում: Իր ավագ որդին, օրինակ, խնդրել էր հեծանիվի վրա բեռնախցիկ սարքել, որպեսզի մայրիկին օգներ շուկայից գնումները տուն հասցնել: Իսկ կրտսեր որդին հացի հերթ էր կանգնում, որ մայրիկն այդ ընթացքում տան գործերն աներ, քանի դեռ հոսանքը չէին անջատել: 

Անգամ այդ սուղ պայմաններում կարողացել էին պատրաստվել ձմռանը՝ կարտոֆիլ ու փայտ էին ձեռք բերել, մտածում էին ալյուր ձեռք բերելու մասին: Բայց վրա հասավ սեպտեմբերի 19-ը: 

Արմինեի խոսքով՝ ադրբեջանական լայնածավալ հարձակումն անսպասելի էր: Մտածում էին՝ քանի դեռ ռուս խաղաղապահներն Արցախում են, նման բան տեղի չի ունենա: «Մտածում էինք՝ մինչև 2025-ը գոնե պատերազմ չի լինի: Իսկ դրանից հետո մի բան կփոխվի, դիվանագիտական ճանապարհով մի բան կարվի և կկարողանանք անկախությունը պահպանել»,- ասում է  նա: 

Հիշում է՝ սեպտեմբերի 19-ին աշխատանքի պետք է գնար: Քանի որ տրանսպորտի խնդիր կար, ոտքով էին տեղաշարժվում, հերթով էին աշխատանքի գնում.  «Փոքր որդիս (9 տարեկան) դպրոցից վերադարձել էր, տանն էր, ավագ որդիս (11 տարեկան) դեռ դպրոցում էր: Ես էլ քայլում էի դեպի աշխատավայր: Առաջին պայթյունը լսվեց: Չպատկերացրեցի, որ պատերազմ է: Երկրորդ պայթյունից հետո բոլորը սկսեցին բղավել ու վազվզել: Ես սկսեցի շնչակտուր դեպի տուն վազել, որովհետև երեխաս տանը մենակ էր: Արդեն մեր թաղամաս էի հասնում, երբ ամուսնուս ընկերը զանգեց և տեղեկացրեց, որ տղայիս փողոցում գտել է վախեցած վիճակում ու իրենց նկուղ տարել: Վազեցի դեպի դպրոց: Տղայիս գտա ու պատերի տակով վազելով հասանք հարևանի նկուղ»: 

Ասում է՝ հրետանու ձայնից բացի մոտիկից նաև կրակոցներ էին լսում, քանի որ Շուշիին մոտ էին գտնվում: Ստիպված երեխաների հետ Ստեփանակերտի կենտրոնական հատված է տեղափոխվել: «Ծնողներիս շենքի նկուղում ապաստանեցինք:  Ամբողջ գիշեր պայթյունները  չէին լռում: Երեխաներ, մեծեր, մթություն, ոչ լույս կա, ոչ կապ: Բոլոր նորություններն էլ բանավոր էին,- հիշում է նա՝ հավելելով, որ կապիտուլյացիայից հետո հեռանալն այլընտրանք չուներ:-Ես,  ինչպես և մնացած բոլորը,  պատրաստ չէի թուրքի հետ հարևանությամբ ապրել՝ իմանալով իրենց գազանային սովորություններն ու բնույթը, իմանալով, թե ինչ չարագործություններ են արել հենց մի քանի ժամ առաջ. գյուղերում ահավոր ոճրագործություններ ու գազանություններ էին արել: Հրադադարից հետո վախը սրտներումս  30 րոպեով բարձրացել ենք մեր տուն, լույս էլ չկար, հավաքել եմ 2 ճամպրուկ հագուստ: Եվ այլևս մեր տուն չենք վերադարձել: Վտանգավոր էր»: 

Ստեփանակերտից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին: Եվ երկու ժամ տևող ճանապարհն անցել են 24 ժամում:  «Մեքենան 9-10 ամիս չէր շահագործվել: Մարտկոցի խնդիր կար: Բենզինը քիչ էր: Մեծ դժվարություններով հասանք Հակարի: Դժոխքի ճանապարհ էր»,- հիշում է նա՝ հավելելով, որ մեծ էր նաև մտավախությունը, որ տղամարդկանց կարող են չթողնել անցնել:  «Առանց պատճառի կանգնեցնում էին որ մեքենան ուզում էին ու պահանջում դուրս գալ և հարցազրույց տալ իրենց լրատվամիջոցներին: Պետք է ասեիր այն, ինչ պետք էր, կամ ուղիղ Բաքու»,- պատմում է Արմինեն:

Խոսելով այն օրերին հնչող հայտարարությունների մասին, թե էթնիկ զտման վտանգ չկար, Արմինեն հարցնում է, թե էլ ինչպես է լինում էթնիկ զտումը. «10 ամիս բլոկադայի միջոցով էթնիկ զտում էին իրականացնում, մարդկանց սովի ու տառապանքների ենթարկում, որ թողնեն իրենց հողը»: Ասում է՝ Հայաստանում հաստատվելուց հետո շրջապատում գտնվել են մարդիկ, որ հարցրել են՝ թե ինչու են իրենց տունը թողել ու եկել, չէ որ 70 տարի թուրքի կողքին ապրելու փորձ ունեն: «Այդ մարդկանց ասել եմ՝ կարող եմ իմ վերանորոգված ու ամեն պայման ունեցող բնակարանի բանալիները տալ իրենց, թող գնան ու թուրքի հետ ապրեն»,- ասում է նա և շեշտում՝ պատրաստ են Արցախ վերադառնալ, եթե ունենան անվտանգության երաշխիքներ, եթե սպիպված չլինեն ապրել ադրբեջանցիների վերահսկողության ներքո ու նրանց կողքին:  

«Ամենից շատ կարոտում եմ իմ տունը, բակը: Երբ քո ձեռքերով, քո քրիտնիքով ես ստեղծում, դրա քաղցրությունն ուրիշ է:  Մեր փողոցից Շուշիի բարձունքները կարծես ափի մեջ լինեին: 2020 թվից հետո ամեն անգամ աշխատանքից տուն գալիս նայում էի երկինք  ու Աստծուն խնդրում, որ մեր հողին ու ջրին լինենք, որ մինչև կյանքիս վերջ այդ ճանապարհով տուն գնամ: Բայց…»

Այժմ Արմինեն ընտանիքի հետ հաստատվել է Երևանում: Ասում է՝ մեծ դժվարությամբ են 8 հոգանոց ընտանիքի համար բնակարան գտել: Փորձում են նոր պայմաններին հարմարվել, բայց որևէ բան պլանավորել դեռ չեն կարող.  հանգամանքների բերումով դարձել են օրվա հոգսով ապրող մարդիկ: Բայց միայն իրենք չեն, ողջ հայությունն է այդ վիճակում: 

Խոսելով անձնագրերի արցախցիների կարգավիճակի մասին՝ ասում է, որ իրեն համարում է ՀՀ քաղաքացի, իր անձնագիրն էլ ՀՀ քաղաքացու անձնագիր է, ուստի ոչ փախստականի կարգավիճակ է ուզում, ոչ էլ նոր անձնագիր: «Ուզում եմ մի քիչ հստակեցվի, որ կողմնորոշվեմ, թե ինչ եմ անելու, իսկ առայժմ շատ խճճված ու անորոշ  է»,- ասում է նա: 

Անդրադառնալով վերջին տարիների պարտությունների ու կորուստների պատճառներին՝ Արմինեն ասում է, որ գլխավոր գործոնը դասեր չքաղելն է.  «Մենք թուլացանք, հանգստացանք, որ հաղթանակած ենք: Մինչդեռ պետք է աշխատել հաղթանակը պահելու համար: Մեզ նաև համախմբվածությունն է պակասում»: Նա վստահ է՝ փոփոխությունները պետք է սկսել կրթությունից: Հայրենասեր ու հայրենանվեր քաղաքացիներ ունենալու համար պետք է ազգային գաղափարախոսությունը թևածի տանը, դպրոցում և ամենուր: 

 

կորսված հայրենիք Արցախ խմբագրի ընտրանի Հասարակություն արցախյան պատերազմ Ստեփանակերտ Հայաստան արցախցի բռնի տեղահանվածներ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին