«Անհրաժեշտ է միջազգային հարթակներում ներկայացնել իրականությունը, փաստերը վկայակոչել։ Դրա համար բավականին մեծ գումարներ են պետք։ Բայց այդ միջոցները մսխվում են իշխանության կողմից»,- «Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմնավորման շուրջ» կլոր սեղան-քննարկմանն ասաց 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։
Նա նշեց, որ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ներկայացրել է, թե ինչպես է «Ազգային ժողովի նախագահ կոչվածը քամուն տալիս պետական բյուջեի միջոցներն իր վոյաժների համար, որևէ հարց չլուծելով երկրից երկիր թռնում»։
«Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք ոչ ազգային պատկանելիություն ունեն, ոչ երկիր ունեն, առավել ևս՝ հայրենիք կամ պետականություն»,- ասաց Խ.Մանուկյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանին բերել են այն ուժերն, ովքեր ուզում են կործանել Հայաստանի պետականությունը։
«Սա կառավարություն չէ, որ մենք ունենք։ Առաջարկում եմ ստեղծել այլընտրանքային կառավարություն։ Մեզանում կա մարդ, ով ասել է՝ ընդունում եմ այդ հանձնառությունը, պատրաստ եմ վարչապետ լինել։ Պարոն Բագրատյանը։ Կարող է նաև ձևավորվել խումբ, որը որոշումներ կայացնի, ամենաառաջնային խնդիրները վեր բարձրացնել։ Ժողովուրդը վերջապես պետք է հասկանա՝ այս մանկապարտեզը, որ սարքել են, սա իրականում մեր ավարտն է։ Լուրջ խնդիրները վեր հանելով՝ պետք է ցույց տանք, որ կա ուժ, մտահոգություն կա, կա ծրագիր և կա գաղափար»,- ասաց Խ.Մանուկյանը։