f

Անկախ

ԻՄ ԿԱՏԱՐԱծ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ


Հայրենի իրավապահներն ինձ մեղադրանքներ են առաջադրել։ Ես համարվում եմ  առայժմ վկա, ապա ծանր հանցագոործության մեջ  կասկածվող մեղադրյալ, ամբաստանյալ և վերջապես՝ հանցագործ, որոշեցի հիշել իմ կյանքի ընթացքում, քանի անգամ եմ առնչվել իրավապահ մարմինների հետ։

Առաջին անգամ 1985թվականի էր, երբ ասպիրանտ էի Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) Համամիութենական երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտում (ՎՍԵԳԵԻ)։

Ինստիտուտում աշխատանքներն ավարտելուց հետո, երեկոյան, մոտավորապես ժամը 8-9-ի կողմերը վերադառնում էի իմ բնակության վայրը՝ Պարխոմենկոյի պողոտայում գտնվող  ՎՍԵԳԵԻ-ի հանրակացարանը։ Այդ օրը, Մոսկվայի «Երկրի ֆիզիկայի ինստիտուտից», ՎՍԵԳԵԻ գործուղում էր եկել իմ մտերիմ ընկեր Սերգեյ Մուդրենկոն։ Երբ երկուսով դուրս եկանք ինստիտուտից, Սերգեյն առաջարկեց գնալ գարեջրատուն։ Գնացինք, հաճելի ժամանակ անցակացրեցինք ըմպելով «Մարտովսկի» թունդ գարեջուրը և մոտավորապես ժամը12-ին եկանք հանրակացարան, միմյանց բարի գիշեր մաղթեցինք և արդեն ամեն մեկս գնում էր իր սենյակ, հայտվեց հանրակացարանի պարետ Նադեժդա Պետրովնան և ասաց․

-Ավետիք, խնդրում եմ գալ իմ սենյակ, շատ կարևոր խոսակցություն ունեմ ձեզ հետ։

Նադեժդա Պետրովնան պատասխանատու, միևնույն ժամանակ շատ բարի և կամեցող կին էր։ Զարմանալի էր, որ այդ ուշ ժամին դեռևս արթուն էր։ Մտա նրա սենյակ, նստեցի, նայեցի նրան և ժպտալով ասացի․

-Լսում եմ, Նադեժդա Պետրովնա, ի՞նչ է պատահել։

-Ավետիք, անկեծ ասեք, այս քանի օրը ի՞նչ եք արել, ու՞ր եք գնացել, ու՞մ հետ եք հանդիպել։ Ձեր ետևից երկու միլիցիոներներ էին եկել, ուզում էին մտնել ձեր սենյակ՝ խուզարկության։ Ես մերժեցի բանալին տալ, ասացի սպասենք Իշխանյանին, առանց նրա ներկայության ես ձեզ բանալի չեմ տա։ Այնուհետև, նրանք սկսեցին հետաքրքրվել ձեզնով, թե ովքեր են ձեզ այցելում, արդյոք ձեր սենյակում լինու՞մ են հավաքույթներ։ Ես նրանց ասացի, որ Իշխանյանը մեր հանրակացարանի ամենակարգապահ կենվորն է։ Ես երբեք նրան հարբած չեմ տեսել։

Նադեժդա Պետրովնայի  խոսքերն իմ մեջ կասկածներ առաջացրեց, որ այցելուները եղել են ԿԳԲ-ից։ Լենինգրադում, բացի գիտական թեզի վրա աշխատելը, շփվում էի նաև այլախոհական հայացքներ ունեցողների, ինչպես նաև տեղի հայերի հետ։ Պարբերաբար հանդիպում էինք  հայ մտավորականների հետ և քննարկում  Լենինգրադում «Հայ մշակույթի ակումբ» բացելու հնարավորության, նրա առաքելության և գործունեության մասին։

-Նադեժդա Պետրովնա, միլիցիոներները համազգետո՞վ էին։

-Ոչ․․․

-Իսկ փաստաթուղթ ներկայացրեցի՞ն։

-Ոչ․․․

-Նադեժդա Պետրովնա, մի անհանգստացեք, ոչ մի լուրջ բան չկա, բարի գիշեր։

-Բարի գիշեր, Ավետիք,- ժպտալով ասաց Նադեժդա Պետրովնան։

Արագ բարձրացա երկրորդ հարկ, բացեցի սենյակիս դուռն ու առանց հանվելու, սկսեցի պայուսակի մեջ տեղավորել մոտս եղած ԽՍՀՄ-ում արգելված գրքերն ու ամսագրերը։ Պայուսակի մեջ դրեցի նաև լիբանանցի ՀՅԴ անդամ Բաբկեն Փափազյանի ելույթի ձայնագրությունը, որը նա ունեցել էր Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ ոգևորելով հայկական ինքնապաշտպանության մարտիկներին։ Հաճախ էինք ընկերներով լսում ձայնագրությունը հոզվում և  ոգևորվում։ Մոտավորապես գիշերվա ժամը 2-ին, պայուսակով դուրս եկա փողոց, մեծ դժվարությամբ տաքսի կանգնեցրի և գնացի դեպի Վասիլևսկի կղզում գտնվող Լենինգրադի Լեռնային ինստիտուտի հանրակացարան, ընկերոջս՝ Մայիս Վանոյանին պահ տալու այդ ամենը։

Հաջորդ օրը վաղ  առավոտյան, հանրակացարանի պահակը դուռս թակեց և կանչեց հեռախոսի մոտ։ Արագ հագնվեցի, իջա առաջին հարկ և վերցրի լսափողը։ Մայրս էր, վաղ առավոտյան գնացել էր իրեն վստահելի ծանոթի տուն, որտեղից էլ զանգահարել էր․

-Ավո ջան, զգույշ եղիր, երեկ առավոտյան ԿԳԲ-ից մտան մեր տուն , մի քանի ժամ խուզարկեցին, հորդ անտիպ գործերն ու գրամեքենան տարան։

-Ի՞նչ ես ասում, գալիս եմ։

-Ոչ մի դեպքում չգաս։ Ուղղակի զգույշ եղիր, լավ հերիք է, ցտեսություն։

Հետո իմացա, որ եղբորս՝ Վահանի   համակուրսեցի սիրիահայ Րաֆֆի Մելքոնը, պարբերաբար արգելված գրականություն է բերել Հայաստան և բաժանել իր համակուրսեցիներին։ Համակուրսեցիներից մեկը մատնել էր, ինչպես Րաֆֆուն, այնպես էլ նրա համախոհ ընկերներին։ Հետագայում  եղբայրս իմացավ, որ մատնիչն, այսօրվա վարչապետ կոչեցյալի հետ հանդիպումներին ներկայացող, այսպես կոչված արտախորհրդարական քաղաքական ուժ կոչված, մարդ-կուսակցություններից, թունդ հակառուս գործիչներից մեկն էր։

Այսպիսով, իմ ընկեր Սերգեյ Մուդրենկոն ինձ փրկեց, առնվազն ասպիրանտուրայից հեռացումից։

                                                                                ․․․

Երկրորդ անգամ, արդեն 1988-89 թվականներին էր, արցախյան շարժման ժամանակ։ Երբ տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը, հաջորդ օրը, վերը հիշատակված ընկերոջս՝ Մայիս Վանոյանի հետ գնացինք Լենինական (Գյումրի)։ Ահավոր տեսարան էր, բարձրահարկ շենքերը վերածվել էին ավազաթմբերի․․․չշարունակեմ։ Երկու օր առանց գիշերելու, մոտ տաս հոգով աշխատեցինք մի  չորսհարկանի փլատակի վրա և մեր բոլորի ջանքերով մի ողջ տղամարդու հանեցինք փլատակներից։ Ահավոր տրամադրությամբ վերադարձանք Երևան։ Մի փոքր հանգստանալուց հետո շտապեցի ՀՀ Գրողների միություն, որտեղ գործում էր «Ղարաբաղ» կոմիտեի շտաբը։ Այնտեղ իրարանցում էր, մարդիկ ինչ-ինչ տեղեկություն ստանալու համար գալիս էին այդտեղ։ Աշոտ Մանուչարյանն ինձ խնդրեց, գնալ և հաշտեցնել մի ընտանիքի հորն ու երեխաներին, որոնց մայրը զոհվել էր երկրաշարժից, իսկ երեխաները գտնվում էին Երևանում, նրանց ազգականի տանը։ Այդ տղամարդու հետ գնացինք նշված հասցեով և ի զարմանս, առաքելությունս բարեհաջող անցավ։ Ետ վերադարձա գրողների միություն և տեսա այն շրջապատված զինվորներով։ Իմ բացակայության ժամանակ ձերբակալվել էին, ոչ միայն «Ղարաբաղ» կոմիտեի այնտեղ եղած անդամները, այլև բոլոր նրանց աջակիցները։Հաջորդ օրը, դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ բազմամարդ բողոքի երթ, ի պաշտպանություն  «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված անդամների։ Երթի ուղղությունը դեպի կայարան էր։ «Գայանե» ունիվերմագից անցնելիս, երկաթուղային կամրջին չհասած, Գորկու  փողոցից ցուցարարների վրա հարձակվեց խորհրդային բանակի ստորաբաժանում։ Բացի զինվորներից, առկա էր նաև զրահամեքենա։ Սկսվեց բախումը։ Ցուցարարների մի խումբ բարձրանալով զրահամեքենայի վրա, դուրս հանեց այն վարողներին և փաստորեն գրավեց զրահամեքենան։ Կամրջի վրա նկատեցի, թե ինչպես են  երկու սպաներ  հարձակվել ցուցարար երկու կանանց վրա։ Վազելով մոտեցա և մի կողմ հրեցի նրանց։ Նրանցից մեկը հանեց ատրճանակն ու իմ ուղղությամբ կրակեց։ Թե ինչ կատարվեց հետս՝ աննկարագրելի է․ գլխիս մեջ ահավոր պայթյուն զգացի, հետո կարծես մանուշակագույն ամպ պատեց աչքերիս և ինձ թվաց, թե դանդաղ ընկնում եմ, և վերջ․․․Զարմանալիորեն ուշքի եկա մոտակա հացի խանութում, գետնին պառկած, արնաշաղախ գլխով, ջրերի մեջ։ Պարզվեց փամփուշտը գլուխս աջ կողմից  շոշափելով  էր անցել։ Տարան հիվանդանոց, գլխիս վիրավոր մասից հանեցին ոսկորների մանր կտորները, գլխիս պատռված մասին 6 կար դրեցին, գլուխս, բացի դեմքս  ամբողջովին վիրակապեցին։ Հիվանդանոցում չմնացի, տուն եկա։ Այդ երեկո,  անընդհատ զանգահարում էին մեր տուն, ծնողներիս ցավակցություն հայտնելու և շատ էին զարմանում, որ լսափողը ես էի վերցնում։ Այդ օրվանից, հիվանդանոցից ստացված տեղեկությամբ հայտվեցի ԽՍՀՄ դատախազության թիրախում։ Դեկտեմբերի վերջերն էր, դատախազությունից եկել էին մեր տուն, բարեբախտաբար տանը չէի։ Հայրս հեռախոսով ինձ գտավ և զգուշացրեց։ Գնացի ընկերոջս տուն և այնտեղ էի գիշերում, բայց անընդհատ կապի մեջ էի դեռևս ազատության մեջ գտնվող «Ղարաբաղ» կոմիտեի անդամ գործընկերներիս հետ։ Արդեն 1989թվականն էր, կարծեմ հունվարի 3-ը։ Աշոտ Մանուչարյանը կազմակերպել էր «Ղարաբաղ» կոմիտեի  գաղտնի հանդիպում, Երևանի հարավ-արևմտյան՝ «Բանգլադեշ» կոչվող  թաղամասում, իրենց դպրոցի ուսուցչուհիներից մեկի տանը։ Պայմանավորված վայրից, ինձ մեքենայով վերցրեցին Դավիթ Շահնազարյանն ու բեղեր պահած Համբարձում Գալստյանը։ Ձմեռային, բայց արևոտ, պայծառ եղանակ էր։ Երբ մոտեցանք «կոնսպիրատիվ» շենքին և մեքենայից դուրս եկանք, մտքումս ասեցի․ «քաշվանք»։ Շենքի բակը մարդաշատ էր, պատշգամբներից մեզ էին նայում հարևանները։ Դեռ մուտքին չհասած, մեկ այլ մեքենայից իջավ Ռաֆայել Ղազարյանը։ Բարձրացանք «կոնսպիրատիվ» բնակարան, սկսեցինք զրուցել, ծրագրեր կազմել, երբ հնչեց դռան զանգը և բնակարան ներխուժեցին սևազգեստ իրավապահները, Կրակեմ Հրաչի գլխավորությամբ։ Սկզբից տարան Համբարձում Գալստյանին։ ԴԵռ չէինք հասցրել, մտածել, թե ինչ անել, երբ իրավապահները վերադարձան և բոլորիս ձերբակալեցին։ Տարան շրջափակված Օպերայի շենք, մի քանի ժամ պահեցին, ապա բոլորիս տվեցին վարչական կալանքներ, 20 օրյա ժամկետով և  տարան «Նուբարաշեն» մեկուսարան։ Մեկուսարանում ինձ երկու անգամ տարան հարցաքննության։ Քննիչները Մոսկվայի ԽՍՀՄ դատախազությունից էին՝ Ռուդակովն ու Պշենիչնիկովը։ Տիպիկ դասագրքային պատկեր՝ չար  և բարի քննիչներ։ Առաջին հարցաքննության տարան քննիչ Ռուդակովի մոտ։ Միմյանց բարևելուց, նրա ներկայանալուց հետո, քննիչը տվեց առաջին հարցը․

-Ի՞նչ հարաբերությունների մեջ եք եղել «Ղարաբաղ» կոմիտեի հետ։

Ձայն չհանեցի։ Անփորձ լինելով հանդերձ, որոշում էի կայացրել, որ որևէ մեկի անունը չտալ, ուրիշին չվնասելու համար։ Այլ հարցերին նույնպես չէի պատասխանում։ Քննիչը բարկացավ և սկսեց ինձ սպառնալ,

-Դու՛ք գիտեք, կարող եք չպատասխանել հարցերին։ Մենք լսել ենք հանրահավաքներում ձեր ելույթները և այն բավական է, որ դուք դատվեք ազգամիջյան թշնամանք բորբոքելու հոդվածով։ Երկար տարիներ զրկված կլինեք ձեր հարազատներին տեսնելուց։

Այստեղ չդիմացա, պատասխանելս ու փոշմանելս մեկ եղավ․

-Հարահավաքների ժամանակ իմ ելույթները ազգամիջյան հարցերին չեն վերաբերվել։

-Իսկ ինչի՞ մասին են եղել․․․

-Լեզվի, մեր՝ հայոց լեզվի պահպանման հարցերի մասին։

-Իսկ ո՞վ է ձեր լեզվի դեմ գործում, ստիպում այն չօգտագործել։

Մտածեցի․ «դե դիմանայիր էլի, չխոսեիր»։

-Մենք ինքներս։

-Իսկ ո՞վ է եղել ձեր ուսուցիչն այդ հարցում, ու՞մ ազդեցության տակ եք դուք հայտվել։ «Ղարաբաղ» կոմիտեում ովքե՞ր են ձեր համախոհները։

-Ոչ ոք չի եղել իմ ուսուցիչը։ Ես ինքնուրույն եմ եկել այդ մտքին։

-Չի կարող պատահել։ Ասեք, դուք ո՞վ է ձեր վրա ազդեցություն գործել։

Մի փոքր մտածեցի ու գտա պատասխանը․

-Այո, դուք ճիշտ եք, իմ ուսուցիչն այդ հարցում եղել է  Ուշինսկին։

-Ո՞վ, ո՞վ է Ուշինսկին։

-Ինչպե՞ս, չգիտե՞ք, ռուս մեծ մանկավարժ։ Նրա խոսքերը մայրենի լեզվի մասին ինձ վրա մեծ ազդեցություն են թողել։

Քննիչ Ռուդակովը զայրացած կանչեց պահակներին․

-Տարեք խուց։

Հաջորդ՝ բարի քննիչը, փորձում էր ժպտալով   ցուցմունքներ կորզել, բայց ոչինչ չստացվեց։ Կալանքից ազատվելուց հետո, նորից կանչեցին դատախազություն։ Այս անգամ քննիչ Մալկովը տարբերվում էր մյուսներից։ Նա ոչ չար էր, ոչ բարի, այլ շատ քաղաքավարի, բայց և շատ համառ, հետևողական քննիչ։ Այս անգամ հարցաքննությունը վերաբերվում էր 1988 թվականի դեկտեմբերի  10-ի երթին։ Քննիչին հետաքրքրում էր, թե ովքեր են եղել կազմակերպիչները և ինչպես եմ ես ստացել հրազենային վիրավորում։

Հարցաքննությունը տևեց 1.5 օր։ Առաջին օրը առավոտից մինչև ժամը 5- ը , 1 ժամ ընդմիջումով, երկրորդ օրը՝ մինչև ժ 12-ը։ Ինչպես որոշել էի, բոլոր հարցերին տալիս էի անորոշ՝ չգիտեմ, չեմ տեսել, չեմ ճանաչում, պատասխաններ։ Այն հարցին, թե ինչպես հայտվեցի երթի անցկացման տեղում և հրազենային վիրավորում ստացա, պատասխանեցի մի հնարովի պատմությամբ։ Իբր, գնացել էի «Գում» սափրվելու կրեմ գնելու և ականատես եղա երթին։ Քննիչը հարցրեց․

-Իսկ ովքե՞ր էին առաջնորդում երթը։

-Չեմ տեսել, ես ուշ նկատեցի երթը, այն արդեն հեռանում էր։

-Ինչպե՞ս էր ընթանում երթը, փողոցի կենտրոնո՞վ։

Քիչ էր մնում պատասխանեի՝ այո, բայց քանի որ որոշել էի, որ նույնիսկ ամենապարզ թվացող հարցերի դեպքում էլ մտածեմ, ինձ զսպեցի։ մտածեցի, որ այո պատասխանելու դեպքում, գուցե կազմակերպիչներին մեղադրեն հասարակական կարգը խախտելու մեջ և պատասխանեցի․

-Ոչ, երթն անցնում էր մայթերով։

Քննիչ Մալկովը սեղանի դարակից հանեց տեղանքի պլանը , այն մեկնեց դեպի ինձ ու հարցրեց․

-Կարո՞ղ եք ցույց տալ ,թե ինչպե՞ս էր անցնում երթը, որտեղի՞ց դուրս եկան զինվորները։

Պլանը շատ մատչելի էր և հասկանալի ցանկացածի համար։ Ուշադրությամբ նայեցի ու պատասխանեցի․

-Այս պլանից ոչինչ չեմ հասկանում։-

Քննիչն իր ցուցամատով սկսեց բացատրել․

-Սա «Գում» ունիվերմագն է, սա «Գայանե» ունիվերմագը, սա երկաթուղային կամուրջն է, սա Գորկու փողոցը։ Պա՞րզ է։

Իբր ուշադրությամբ հետևում էի նրան։

-Ոչ չեմ ընկալում։

Հանդարտ ու համառ քննիչն իրենից դուրս եկավ ու զայրացած գոչեց․

-Բայց չէ՞ որ դուք երկրաբան եք, գիտությունների թեկնածու, ձեր ամենօրյա աշխատանքն առնչվում է շատ ավելի բարդ քարտեզների հետ։

Այս խոսքերը պատվախնդրության հարց էր և արդեն ուզում էի պատասխանել, երբ բանականությունս հաղթեց։ Մտածեցի, տվյալ դեպքում ավելի լավ է ձևանալ անհասկացող, քան ակամայից ուրիշներին վնաս պատճառել։ Մեկ անգամ էլ, իբր ուշադիր նայեցի պլանին և հանգիստ պատասխանեվի․

-Ոչ, այս պլանից ոչինչ չեմ հասկանում։

Քննիչ Մալկովը վերջին փորձն արեց․

-Գրեք այս պլանի տակ, որ սրանից ոչինչ չեք հասկանում և ստորագրեք։

Կատարեցի քննիչի առաջարկությունը։ Հատուկ նշեմ, որ բոլոր հարցաքննությունների ժամանակ այն իմ միակ ստորագրությունն է եղել։

Արդեն 1989 թվականի վերջին, հրավիրվեցի դատախազություն և Աղվան Հովսեփյանից ստացա ծանուցում, որ քրեական գործը, որով ինձ մեղադրանք է առաջադրվել, կարճվել է իրադրության փոփոխության պատճառով։

                                                                                   ․․․

Անցան տարիներ, եկավ 2015 թվականը։ Գյումրիում ռուսական ռազմաբազայից Պերմյակովի ոճրագործությունը ցնցեց ողջ հասարակությանը։ Հունվարի  15-ին Գյումրիում  հերթական բողոքի հանրահավաքն էր։ Երևանում  նույնպես, Ազատության հրապարակում հավաքվեցին աջակցելու գյումրեցիներին։ Ես էլ գնացի Ազատության հրապարակ։ Այնտեղ հավաքված էին շուրջ 200 մարդ, որոնք Օպերայի թատրոնի աստիճանների վրա դրված համակարգիչով հետևում էին Գյումրու  հավաքին։ Ամեն ինչ թվում էր հանգիստ է ու խաղաղ, երբ հանկարծ հրապարակ ներխուժեցին քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ և ընտրողաբար առևանգում էին հավաքվածներից ոմանց։ Հրապարակից դեպի Հյուսիսային պողոտա տանող հատվածում կանգնած էին մի քանի ոստիկաններ, հրամանատարը՝ Մովսիսյանն էր։ Մոտեցա և դիմեցի նրան․

-Պարոն Մովսիսյան, մարդկանց առևանգում են, ինչու՞ ոստիկանությունը չի միջամտում։

-Չեն առևանգում, այլ բերման են ենթարկում, նրանք ոստիկաններ են և գիտեն թե ում են մեկուսացնում։ Օրինակ, ձեզ չեն բռնում, չէ՞։

Մոտակայքում կանգնած էր Պավլիկ Մանուկյանը։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները նրա թևերից բռնեցին։ Մոտեցա և փորձեցի թույլ չտալ։ Այդ ժամանակ, ինձ նույնպես բռնեցին, ուժով նստեցրին ոստիկանական մեքենան և տարան ոստիկանության Կենտրոնի բաժանմունք։

Բաժանմունքում ոստիկանների վերաբերմունքից դժգոհելու առիթ չունեմ։ Արդեն դուրս էի գալու բաժանմունքից, երբ սենյակ մտան ինձ տեսակցության․․․չեք պատկերացնի ովքեր․․․այսօրվա վարչապետ կոչեցյալն ու մեր ժամանակների ամենաերջանիկ մարդը՝  այսօրվա ԱԺ խոսնակը։ Վարչապետ կոչեցյալն իմ որպիսությունը հարցնելուց հետո, ևս մեկ հարց տվեց․

-Ե՞րբ էին ձեզ բերման ենթարկել վերջին անգամ։

-1989 թվին, արցախյան շարժման ժամանակ։

Նա գլուխը թափահարեց․

-Այ, այ, այ, ինչ ժամանակներ ենք ապրում։

                                                           ․․․   

Երբ սկսվեց 2020 պատերազմը, տեղս չէի գտնում, զգում էի ինչ-որ դավադրության հոտ, ընդդեմ Արցախի։ Ցավոք, պարզվեց որ չէի սխալվում։ Նոյեմբերի 9-ի պես ողբերգություն ողջ կյանքումս չեմ զգացել։ Նոյեմբերի 9-ի երեկոյան, աղմուկ լսելով, դուրս եկա, գնացի Հանրապետության հրապարակ։ Այնտեղ հավաքված էր զայրացած բազմություն, պատրաստ ամեն ինչի։ Սակայն ցավոք, բացակայում էր, կամ բացակայում էին առաջնորդները։ Չկար ոչ մի ընդդիմադիր գործիչ։

Հետագայում, այդ օրը հիշեցի 2022 թվականի սեպտեմբերի 12-ն, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Այս երեք դեպքերում էլ , զայրացած, հայրենիքի համար ամեն ինչի պատրաստ, վճռական տրամադրված  հայ ժողովրդի հատվածին առաջնորդ կամ առաջնորդողներ չգտնվեցին։

Պարզվեց, որ փառապաանծ ԱԱԾ-ն  նկարահանել  են ինքնաբուխ հավաքը և ինձ տեսել են այդ օրը հրապարակում։ 2022 թվականին  կանչեցին ԱԱԾ, որպես վկա։ Այդ օրը կյանքումս առաջին անգամ մուտք գործեցի ԱԱԾ։   

ԱԱԾ քննիչից դժգոհելու առիթ չունեմ։

Չարաբաստիկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մի անի օր անց, նոր ընդդիմությունը «ուշքի եկավ» և ազատության հրապարակում տեղի ունեցավ առաջին բողոքի հանրահավաքը։ Բնականաբար շտապեցի այնտեղ։ Մաշտոցի պողոտայից մտա հրապարակ և տեսա, թե ինչպես են կարմիր բերետավոր վայրենիները առևանգում ցուցարարներին։ Ծառերի տակ կանգնած ոստիկանական մեքենայի միջից  բարձրախոսով դիմում էին հավաքված ժողովրդին, զգուշացնելով, որ հավաքն անօրինական է և պահանջում էին  ցրվել։ Այդ ամենը տեսնելով ու լսելով, էլ ավելի զայրացա և մոտենալով ոստիկանական մեքենային՝ երկու ձեռքերիս միջամատերը պարզեցի նրանց։ Միանգամից ինձ մոտեցան մի քանի կարմիր բերետավորներ և տարան ոստիկանական հատուկ բերման ենթարկման համար նախատեսված մեքենան։ Երբ այն լցվեց ցուցարարներով, բոլորիս տարան, կարծեմ  Քանաքեռ-Ձեյթունի ոստիկանական բաժանմունք։

Կիմ Բալայանն ու ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը կառավարության շենքի առջև հացադուլ-նստացույց էին հայտարարել, պահանջելով պարտության պատասխանատու՝ վարչապետ կոչեցյալի հրաժարականը, միամտորեն կարծելով, որ նա խիղճ ունի։ Ամեն օր նրանց այցելում էի։ Հերթական այցի ժամանակ, կառավարության շենքի առջևով անցնելիս, ոստիկանական շղթայի միջից, մի  ոչ ոստիկան,  ծանոթ դեմքով մեկը ինձ դիմեց․

-Իմ հարցն ի՞նչ եղավ։

-Ի՞նչ հարցի մասին ես խոսում, Արցախ ենք կորցնում։

-Տո Ղարաբաղի  էլ ․․․,-թունդ հայհոյանքներ։

Ջղայնացած կանգնեցի ու նայեցի նրան։ Հիշեցի, որ գալիս էր մեր գրասենյակ ու խնդրում իրեն աջակցել և փրկել ոստիկանական բռնություններից։ Մենք էլ ինչով հնարավոր էր օգնում էինք, ընդհուպ դիմելով ՄԻԵԴ։ Եվ պարզվեց, որ այդ մարդը ոստիկանությանը «գործ տվող» է։ Նա հարձակվեց ինձ վրա և․․․ոստիկաններն ինձ բռնեցին ու այս անգամ տարան Կենտրոնի բաժին։

Եվ վերջապես, այս տարի, 2023թ․ սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը, Հայաստանի վարչապետ կոչեցյալի համաձայնությամբ հարձակվեց Արցախի վրա, ահավոր զայրացած գրառում արեցի Ֆեյբուքում, իսկ հաջորդ օրն էլ ավելի խիստ։ Եվ ի՞նչ․․․Վարչապետ կոչեցյալն իրեն հպատակ ԱԱԾ-ՔԿ կառույցներին հանձնարարել է քրեական գործեր թխել և «բռնության կոչ» քր․ օրենքի  330 հոդվածով մեղադրանք առաջադրել։ Ա՛յ ողորմելիներ, միևնույնն է ինձ չեք լռեցնի։

Չնայած, գուցե մեր այս ողբերգական օրերին չի սազում, բայց այս երկարաշունչ հոդվածն ավարտում եմ մեծն Հովհաննես Թումանյանի քառյակով․

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։
Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր։

Ավետիք Իշխանյան

 

   

 

 

-

 

 

 

 

 

 

 

 

 

Ավետիք Իշխանյան քրեական գործեր մեղադրանքներ Հայաստան

Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Ավելին
Ավելին