f

Անկախ

‹‹Մի բան լինելու է՝ երկու օրով, որ մարդիկ փրկվեն, կյանքեր փրկվեն››․ Տիգրան Ավետիսյան


Տիգրան Ավետիսյանն Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին հոր՝ գնդապետ Արսեն Ավետիսյանի, եղբոր՝ Առնոլդ Ավետիսյանի հետ կռվել է Ջրականում։ Երեքը Ջրականի տարբեր հատվածներում են եղել։ Երբ Ջրականն անցել է  թշնամու վերահսկողության տակ, Տիգրանը հանել է Մեխակավանի խաչն ու կարևոր փաստաթղթերը։ Հոկտեմբերին Հադրութի մատույցներում  մերձամարտի մեջ է մտել թշնամու հետ և վիրավորվել նռնակի պայթյունից՝ սպայի կյանքը փրկելիս։ Ձեռքին դաջել է վիրավորվելու խորհրդանշական օրը՝ տասներեք։ Տիգրանը ծանր է տարել մարտական ընկերոջ՝ Լևոնի կորուստը և միշտ մտածել է վրեժի մասին։ Զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Նարեշտարում, 812 դիրքը պաշտպանելիս։ Նրա մարմինը գտել են հրադադարից չորս օր անց։ Հուղարկավորել են սեպտեմբերի 29-ին՝ Եռաբլուրում։

Կյանքեր՝ կյանքիդ գնով

Տիգրան Ավետիսյանը ծնողներից գաղտնի դեռ ժամկետային զինվորական ծառայության ժամանակ էր որոշել պայմանագրային զինծառայության անցնել։ Ասել է՝ ես չեմ կարող Արցախից դուրս գալ։ Ծառայում էր Ցորի զորամասի երրորդ բրիգադում։

‹‹Ես իմ տղաներին վստահում էի, որովհետև իրենք 2020 թվականին արդեն բարդ ճանապարհ են անցել և ինքնուրույն որոշումներ կարող էին կայացնել››,-‹‹Անկախի›› հետ զրույցում ասում է մայրը՝ Ադելինա Ավետիսյանը։

Տիկին Ադելինան Հայաստանում բուժօգնություն էր ստանում։ Ամուսինն էլ տեղափոխվել էր Պաշտպանության նախարարություն։ Բլոկադայի հետևանքով ինն ամիս իրենց որդուն չեն տեսել։

Սեպտեմբերի 19-ի առավոտյան հանրախանութում էր, երբ որդուց զանգ ստացավ։ Քանի որ այնտեղ աղմուկ էր, հարցրեց որդուն՝ կարո˚ղ է հետո զանգել, որդին ասաց՝ այո։ Տան ճանապարհին ըներուհին զանգահարեց և ասաց, որ  Ստեփանակերտը ռմբակոծվում է։ Անջատեց հեռախոսն ու արագ տուն հասավ։ Ամուսնուն լուրը հայտնելուց հետո երկուսով զանգահարեցին Տիգրանին և իրենց հարազատներին։ Կապի միջոցները խափանվել էին, ոչ ոքի հետ կապ հաստատել չեն կարողացել։ Հետո ընկերուհիների հետ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ․ ցուցարարներին ցրելու համար պայթուցիկ նյութեր էին նետում իրենց ուղղությամբ, վիրավորներ ունեին։ Տիկին Ադելինան ասում է, որ ոտքերի վրա չէր կարողանում կանգնել․ մայրական սիրտը վատ բան էր կանխազգում։ Շտապօգնություն կանչեցին և ուշքի գալուց հետո լսեց, որ թշնամին գրավել է Չարեքտարի և Նարեշտարի դիրքերը։ Որդին Նարեշտարի դիրքում էր։ Տիգրանի հեռախոսը սրտի զարկերը ճանաչող ծրագիր ուներ, որը ցույց էր տալիս նրա ակտիվությունը։ Հետո իմացել են, որ Տիգրանի զոհվելու պահին էր մայրը վատացել։ Հրադադարից չորս օր անց՝ սեպտեմբերի 24-ին, որոնողական աշխատանքների արդյունքում գտել են Տիգրանի մարմինը։

‹‹Ինչ-որ բան զգում էի, բայց հույս ունեի։ Հետո երազում Տիգրանին տեսա՝ տասը-տասներկու տարեկան հասակում, մեր հին տանը, առօրյա կյանքում։ Հետո երեք օր հոգումս դատարկություն էր։ Ընդհանրապես ոչ մի բան ես չէի զգում››,-ասում է մայրը։

Այդ օրվանից մինչև այսօր մայրը որդուն երազում չի տեսնում։ Մոր խոսքով՝ Տիգրանը վիրավորում էր ստացել, դիրքում միայնակ է մնացել և կռվել մինչև վերջ։ Տիգրանի զոհվելուց հետո ոչ ծառայակից ընկերներին, ոչ հրամանատարներին չեն տեսել ծնողները։ Երեք ամսում նրանցից ոչ ոք չի այցելել որդեկորույս ծնողներին։ Տիգրանը զոհվել է մեջքի ու գլխի շրջանում բեկորային վիրավորումից։ Հինգ օր նրա մարմինը մնացել է դիրքում։

‹‹Տիգրանն իր հիմնական դիրքում չի զոհվել, ինքը սեպտեմբերի 16-ին ուրիշի փոխարեն ուրիշ դիրք է գնացել՝ իր ցանկությամբ։ Սեպտեմբերի 16-ին է դիրքեր բարձրացել՝ առաջնագիծ։ Ինքն առաջնագիծ չպիտի գնար։ Ոտքերի վիրահատությունից հետո (4-րդ աստիճանի վարիկոզ), կոմպրեսիոն գուլպաներ էր հագնում››,-ասում է մայրը։

Առաջնագծում թշնամու զորքի կուտակումներ է նկատել, հոր հետ կիսվել է իր մտահոգության մասին և ասել, որ ինքը պատրաստ է կռվել։

‹‹Սեպտեմբերի 17-ն էր, ես շատ լավ հիշում եմ։ Ասաց՝ այս օրերին մի բան լինելու է՝ երկու օրով, որ մարդիկ փրկվեն, կյանքեր փրկվեն։ Ասաց՝ դու չվախենաս››,-ասում է մայրը։

Սեպտեմբերի 24-ին Տիգրանի տատիկը զանգեց և ասաց, որ Տիգրանը զոհվել է։ Հարազատներն ու մտերիմներն արդեն գիտեին, բոլորը սգում էին Տիգրանի մահը, բայց չէին համարձակվում ծնողներին հայտնել։

‹‹Մինչև այսօր չեմ կարողանում համակերպվել այս իրականության հետ, չեմ ուզում։ Ուզում եմ մտածել, որ ինքը դեռ բլոկադայում է։ Եռաբլուրը մի ամբողջ Արցախ է դարձել։ Արցախցիներին հանդիպելիս նրանց մեջ Տիգրանին եմ փնտրում, մտածում եմ՝ երևի կգա››,-ասում է մայրը։

Հերոսի մահով

Տիկին Ադելինան արտերկրում էր, երբ զանգեց և որդուն հարցրեց՝ ի˚նչ բերի նրա համար։ Տիգրանն ասել է․ ‹‹Ոչ մի բան պետք չէ, այսպես  որ նայում եմ, մենք իրար էլ չենք հանդիպելու․․․ ››։

Մայրը բլոկադայի օրերին դիմել է Կարմիր խաչին՝ Արցախ գնալու և որդուն տեսակցելու խնդրով, բայց նրան մերժել են․ թշնամու սև ցուցակում էր հայտնվել նրա անունը՝ որպես բարձրաստիճան զինվորականի կին։

‹‹Իմ կյանքում դժվար պահեր շատ են եղել, բայց ինձ երբեք չեմ կորցրել, միշտ սթափ եմ եղել։ Այս անգամ չեմ կարողանում բացատրել՝ ինչ ապրումներ ունեմ››,-ասում է տիկին Ադելինան։

ՊՆ-ից արգելել են Տիգրանի հուղարկավորությանն Արցախի դրոշը նրա մոտ դնել։ Դրա փոխարեն Հայաստանի դրոշն են դրել։ Ասել են՝ հայկական դրոշ պետք է լինի։ Ծնողները հետո են իմացել դրա մասին։ Մինչև այսօր ՊՆ-ն ոչ մի հիմնավորում չի տվել դրա հետ կապված։

‹‹Մեր տղաները հենց այդ մի կտոր հողի համար են զոհվել։ Տիգրանը շատ էր սիրում իր հողը։ Ինչու˚ են ոտնահարել մեր դրոշը, ի˚նչ է այդ դրոշն իրենց արել։ Բայց Արցախի դրոշը Տիգրանի շիրմի մոտ եմ դրել››,-ասում է մայրը։

Տիկին Ադելինան այդ հարցով դիմել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին և ասել, թե ինչո˚ւ տեր չեն կանգնել մեր տղաներին, որոնց կյանքի գնով իրենք ապրում ու իրենց կյանքը վայելում են։

‹‹Ես զարմանում եմ Արցախի կառավարության վրա։ Ես վիրավորված եմ, որ նրանք ոչինչ չեն ձեռնարկել այդ կապակցությամբ։ Որովհետև իմ որդին այդ դրոշի համար է իր կյանքը տվել և մինչև վերջին վայրկյանը մնացել  դիրքում››,-ասում է մայրը։

Տիգրանի հայրը երեսունչորս տարի իրեն նվիրել է հայրենիքի ծառայությանը։ Կադրային սպա է։ Երբ 44-օրյա պատերազմի օրերին որդիները շրջափակման մեջ են հայտնվել, ինքն է նրանց ուղղորդել՝ ինչպես դուրս գալ շրջափակումից։ Ավագ որդին յոթ անգամ շրջափակման մեջ է հայտնվել։ Տիգրանն էլ Հադրութի անտառներում շրջափակումից դուրս է եկել հոր օգնությամբ։

‹‹Ես չեմ հավատում, որ Տիգրանի նման երկրորդը կարող է լինի, մինչև այսօր իր նմանին եմ փորձում գտնել, բայց չեմ գտնում։ Եթե անգամ բոլորն իրենց երեխաներին Տիգրան կոչեն, ոչ ոք Տիգրանի տեղը չի կարող լրացնել››,-ասում է մայրը։ 

Տիգրանը տաղանդավոր ակորդեոնիստ էր։ Նաև ասմունքում էր։ Մեծ սիրտ ուներ, անչափ բարի էր։ 44-օրյա պատերազմից հետո Մայրության կոմիտեի կողմից պարգևատրվել է ‹‹Մայրական երախտագիտություն›› մեդալով։

‹‹Ամենակարևորը լավ որդի էր։ Արժանապատիվ ընկեր էր, սպաներից մեկն ասել է՝ հինգերի մեռած է››,-ասում է մայրը։

Տիկին Ադելինան մետաքսե տպագրության վրա ասեղնագործում է։ Պատերազմից հետո առաջին աշխատանքը որդու լուսանկարն է, որ պետք է ասեղնագործի և ցուցադրի ալբոմի շնորհանդեսին։ Աշխատում է բնական քարերի հետ։ Հայ կանանց համար տեղծել է անվանական կրծքազարդեր, որ ամբողջ աշխարհում տարածում ունեն։ Հիմա Շուշին կարելու պատվեր ունի, բայց դեռ ուժ չի գտնում աշխատելու։ Համագործակցում է արտերկրի գործընկերների հետ։

Հասմիկ Հակոբյան

Տիգրան Ավետիսյան 44-օրյա պատերազմ Արցախի Հանրապետություն խմբագրի ընտրանի Հասմիկ Հակոբյան Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին