f

Անկախ

‹‹Ես իմ ամուսնուն հրաժեշտ չեմ տվել, մտածել եմ՝ հետ կգամ››․ Սուսաննա Հովհաննիսյան


Կյանքը՝ Արցախում

Վարուժան Պողոսյանը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ՝ սիրելի Հադրութը պաշտպանելիս։ Ծննդով հրազդանցի էր, բայց ընտանիքով Երևանում էին բնակվում։ Դեռ Արցախյան առաջին ազատամարտի օրերին նա կամավորական ջոկատ է կազմել, անվանել ‹‹Վան›› և միացել Արցախի պաշտպանությանը։ Մարտեր է մղել Կովսականի և Հորադիզի հատվածներում։ Այդ ժամանակ նա ծանոթացել է հադրութցի Վանոյի հետ և հենց նրա խորհրդով որոշել Արցախ տեղափոխվել և այնտեղ ապրել ու արարել։  Ասել է՝ ինչ տարբերություն՝ Հայաստանում, թե՝ Արցախում, երկուսն էլ մեր հայրենիքն են։ Որդին՝ Էդգար Պողոսյանը, այդ տարիներին Ռյազանի բարձրագույն զինվորական օդադեսանտային հրամանատարական համալսարանում էր սովորում, դուստրերից մեկն ուսանող էր, մյուսն էլ՝ դպրոցական։ Ընտանիքն արձակուրդի օրերին միշտ Արցախ էր մեկնում՝ իրենց հանգիստն Արցախի բնության գրկում վայելելու։ Հետո ընտանիքն էլ տեղափոխվեց Արցախ։

‹‹Հետաքրքիր և հիանալի երկիր է Արցախը։ Ես այնտեղ ինձ հարազատ միջավայրում էի զգում։ Բնությունն ընտիր էր, հողամաս էինք մշակում, անասնապահությամբ զբաղվում։ Ամեն անգամ ծառ տնկելիս Վարուժանն ասում էր՝ տեսնես՝ տարիների ընթացքում այս ծառն ինչքան բերք է տալու, թոռներս կուտե˚ն, թե˚ ոչ››,-‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է կինը՝ Սուսաննա Հովհաննիսյանը։

Հողամասի համար ջուրը հեռվից էին բերում։ Տիկին Սուսաննան օգնում էր ամուսնուն։ Ժպիտով է հիշում ամեն ինչ․ դժվար էր, բայց սիրով էր անում։ Հադրութում հաճախ էին լսվում թշնամու կրակոցները, բայց իրենց համար այն սովորական մի բան էր դարձել։

‹‹Անգիր գիտեի տեղանքը։ Բնությունն իր հետաքրքրությունն ուներ, բայց ես սիրում էի ամեն ինչ խորությամբ ուսումնասիրել››,-ասում է տիկին Սուսաննան։

Ընկերասեր ու բոլորին նվիրված էր Վարուժան Պողոսյանը։ Կնոջ խոսքով՝ կենդանասեր էր շատ, մեղվաբուծության հարցում հաճախ էր օգնում հարևաններին։ Տանը կիտրոնի ծառ էր աճեցրել, որը մնաց Հադրութում։ Սիրում էր բնությունը, կնոջն էլ հորդորում էր բնության ամեն մի մանրուք ուսումնասիրել։

Պատերազմի բոթը

Այդ տարի Հադրութի տունը վերանորոգել են, նոր կահույք գնել, գեղեցիկ հարդարել։ Տիկին Սուսաննան ասում է, որ սեպտեմբերի 24-ին Էդգարի հերթափոխի օրն էր։ Եկավ և ասաց՝ համար մեկ են տվել և դիրքեր են բարձրանում։ Հեռախոս ու հագուստ էր վերցրել իր հետ։ Մայրը պատերազմից հետո է միայն իմացել, որ որդին շղթան ու խաչը հանել էր ու տվել կնոջը՝ Վիկտորյային։ Հորն էլ ասել է՝ կարող է՝ պատերազմ լինի։ Սեպտեմբերի 27-ին՝ կիրակի օրը, ընտանիքով որոշել էին Սպիտակ խաչ եկեղեցում մոմ վառել, հետո բնության գրկում հանգստանալ։ Հենց այդ օրը՝ ժամը 07։25-ին, թշնամին Հադրութի վրա հարձակում է գործել։ Տիկին Սուսաննան խոհանոցում սուրճ էր եփում, երբ լսվեցին ռմբակոծության ձայները։ Սկզբում չեն հասկացել, որ պատերազմ է։ Թշնամին խաղաղ բնակչության դեմ կասետային ռումբ է կիրառել։ Տիկին Սուսաննան հարսի ու թոռան հետ նկուղ է իջել։ Հետո վազել է հարևանների հետևից, որ նրանք էլ գան իրենց մոտ պատսպարվելու։ Էդգարը զանգել է հորն ու ասել․ ‹‹Կարկուտ է թափվում վերևից, եթե կարող ես՝ ջուր հասցրու մեզ››։ Հայրը խանութներից ջուր է գնել և տարել Ջրական։ Հետո տիկին Սուսաննան ամուսնու հետ նորից ջրեր են հավաքել՝ դիրքեր տանելու համար։ Հադրութում արդեն թշնամու անօդաչու թռչող սարքերն էին պտտվում։

‹‹Նկուղ ենք իջել, դուռը պինդ փակել, կարծես՝ անօդաչու թռչող սարքը գար՝ չէր կարող ջարդել այն։ Միամիտ էինք։ Մեկ էլ ԱԹՍ-ն ընկավ ռազմական բաժանմունքի վրա, հողը լցվեց մեր գլխին։  Հետո նայեցինք իրար, տեսանք ՝ ողջ ենք բոլորս։ Քաղաքը ծածկվել էր փոշու մեջ։ Այդ բաժանմունքը հողին էր հավասարվել։ Եվ միայն դրանից հետո է առաջին անգամ օդային տագնապ հնչել››,-ասում է տիկին Սուսաննան։

Վարուժան Պողոսյանը խնդրել է կնոջն ու հարսին դուրս գալ Հադրութից։ Հետո Էդգարն է համոզել նրանց՝ տեղափոխվել Հայաստան։ Ասել է․ ‹‹Եթե ուզում եք ողջ մնամ, դուրս եկեք››։

‹‹Ասացի՝ Վարուժ, ես գնում եմ, բայց հետ եմ գալու։ Հագուստ ենք վերցրել մեզ հետ ու դուրս եկել։ Ես իմ ամուսնուն հրաժեշտ չեմ տվել, մտածել եմ՝ Վիկտորյային ու երեխային կտանեմ ու հետ կգամ։ Այդ պահին Վիկտորյան փաթաթվեց ամուսնուս ու ասաց՝ պապ ջան, Էդգարիս անպայման ողջ կհասցնես մեզ։ Ճանապարհվելիս հետ նայեցի ու տեսա Վարուժի տխուր հայացքը, երբեք չեմ մոռանա նրա հայացքը››,- հուզված ասում է տիկին Սուսաննան։

Ամբողջ ճանապարհին տիկին Սուսաննան մտածել է Բերձորից հետ դառնալու մասին, երբեք չի ցանկացել ամուսնուն մենակ թողնել։ Պատերազմի օրերին զանգում էր երբեմն, քանի որ կապ հաստատել հաճախ չէր ստացվում։

‹‹Հարցնում էր՝ ի˚նչ է ասում աշխարհը։ Ասում էի՝ լուռ ու համր է աշխարհը, միայն հորդորում են դադարեցնել պատերազմը։ Բարկանում էր››,-ասում է տիկին Սուսաննան։

Հայր և որդի՝ պատերազմի դաշտում

Էդգար Պողոսյանը ծառայում էր Էջմիածնի N զորամասում։  2020 թվականի փետրվարի 3-ին Արցախ տեղափոխվեց և զինվորական ծառայության անցավ Ջրականի N զորամասում՝ որպես ավտոծառայության պետ։ Սպա էր։ Կինն ու երեխան Հադրութում էին՝ ծնողների հետ։ Վաղ առավոտյան հայրն էր որդուն ճանապարհում ծառայության։ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայր և որդի միասին էին։

‹‹Ասում էր՝ գնամ տղայիս թև ու թիկունք լինեմ, մենակ չեմ թողնելու։ Ինքը վախ չուներ, պատերազմ տեսած էր արդեն››,-ասում է տիկին Սուսաննան։

Թշնամին մոտեցել էր Հադրութին։ Հադրութն արդեն անցել էր թշնամու վերահսկողության տակ։

‹‹Այդ օրը չեմ մոռանա երբեք մի կերպ կապ հաստատեցի ամուսնուս հետ։ Լացելով ասաց․ ‹‹Հադրութն էլ ընկավ, Հադրութն էլ չկա։ Դու չես պատկերացնում, որ ասում եմ՝ չկա›› ››,-ասում է տիկին Սուսաննան։

 Ամուսնու վերջին զանգը եղել է հոկտեմբերի 10-ին՝ ժամը 08։10-ին։ Այդ օրն էլ զոհվել է Վարուժան Պողոսյանը։ Հենց այդ օրը զինադադար են հայտարարել՝ վիրավորներին և զոհերին հանելու համար։

‹‹Ասացի՝ լավ լուր ունեմ՝ այսօր զինադադար են հայտարարել։ Հետո անջատել է հեռախոսն ու Էդգարին ասել, որ լավ է, լոգանք կընդունեն, կբարձրանան եկեղեցի՝ մոմ վառելու››,-ասում է տիկին Սուսաննան։

Վարուժան Պողոսյանը զոհվել է որդու աչքի առաջ, որդին՝ վիրավորում ստացել։ Երկուսն էլ՝ թշնամու դիպուկահարի հարվածից։ Հայրը որդուն ասել է՝ մի բան արա, դուրս արի։ Էդգարը չի կարողացել այդ օրը հոր մարմինը դուրս բերել այնտեղից, մի կերպ մինչև տուն է հասցրել, հետո ճանապարհին նրան օգնության են հասել։ Հաջորդ օրը՝ առավոտյան, հանել են հոր մարմինը։

‹‹Ջրականում դաժան էր։ Ամեն ինչ այնտեղից սկսվեց՝ հարավային թևից։ Պատերազմի դաշտում ես ու պապան ոչ թե հայր ու որդի էինք, այլ՝ ընկերներ››,-ասում է Էդգար Պողոսյանը։

Էդգարը պատմում է, որ պատերազմից մի քանի օր առաջ դիրքերում էին՝ կարևոր առաջադրանք էին կատարում։ Թշնամու զորքի կուտակումների մասին գիտեին։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 06։00-ին, Կուբաթլուի ճանապարհով Բերձոր պետք է գնային։ Կես ժամ անցնելուց հետո տեսան, որ սարը հրետակոծվում է։ Հետո իմացան, որ Ջրականն էլ է հրետակոծվում։ Հրամանատարության հետ կապ են հաստատել, և իրենց ասել են հետ գան, պատերազմ է։ Բոլորն իջել են առաջնագիծ։ Զորամասին ու պահեստին են հարվածել։ Մոտ մեկ ժամ ժողովրդին տարհանել են։ Ճիշտ է՝ ամենուր հարվածում էին, բայց իրենք ամեն կերպ պաշտպանել են Ջրականը։  Քանի որ աշխատում էին անօդաչու թռչող սարքերը, կամիկաձեները, ցերեկը վտանգավոր էր լինում, և հիմնական ապահովումը գիշերն են արել։ Վիրավորներին ու զոհերին են հանել մարտադաշտից։ Վերջին շրջանում զոհերին ու վիրավորներին հանելիս Էդգարը թշնամու ենթակայության տակ անցած տեղանքով է անցել, սակայն հետո է դրա մասին իմացել։

‹‹Մեր նպատակը կռվելն էր, զոհվածներին ու վիրավորներին հանելը։ Թե հետո մեզ հետ ինչ կլիներ, ինչպես կլիներ, չենք մտածել դրա մասին։ Ճիշտ է՝ չես ուզում զոհվել, բայց պատերազմ էր, մենք էլ զինվորականներ էինք››,-ասում է Էդգարը։

Վարուժան Պողոսյանին հուղարկավորել են հոկտեմբերի 13-ին՝ Հրազդանում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով ‹‹Հայրենիքին մատուցած ծառայությունների համար›› 2-րդ աստիճանի մեդալով։ Հարազատները հերոսի հիշատակը հավերժացնող հուշաքար են տեղադրել Հրազդանի Կաքավաձոր թաղամասում թիվ 7 դպրոցում։ Հերոսի անունով նաև խաչքար են կանգնեցրել։

Հասմիկ Հակոբյան

 

Վարուժան Պողոսյան Հասմիկ Հակոբյան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին