Գյումրիի քաղաքապետարանում թափուր մնացած հաստիքները դեռ չեն համալրվել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։
Նշենք, որ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը միակողմանի խզեց «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցության հուշագիրը՝ քաղաքապետարանի ՔՊ-ի նշանակած կադրերը մեկը մյուսի հետևից աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրեցին։ Արդյունքում, համայնքապետարանի 7 վարչության պետ և մի քանի տասնյակ աշխատակիցներ աշխատանքից ազատվեցին։
«Եթե ասեմ, որ այս պահին Գյումրիում կառավարման ճգնաժամ չկա՝ սուտ կլինի, բայց այդ ճգնաժամը կառավարելի է։ Դեկտեմբերի 29-ին համալրվեցին փոխքաղաքապետերի պաշտոնները, եւ, կարծում եմ, հաջորդաբար համալրվելու են նաև մյուս աշխատատեղերը։
Կառավարման ճգնաժամը հաղթահարելու համար աշխատակիցների միջև աշխատանքի այնպիսի բաշխում է արվել, որ քաղաքացիներին անհրաժեշտ ծառայությունները ժամանակին մատուցվեն։ Հույս ունեմ, որ առաջիկայում այս խնդիրը կհաղթահարվի»,- նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 29-ի Գյումրիի ավագանու նիստում «Բալասանյան դաշինք»-ը համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվեց խմբակցության անդամ Լուսինե Սանոյանը, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում՝ Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը: