Թայվանի շուրջ ռազմական սրացման դեպքում համաշխարհային համախառն ներքին արդյունքը կարող է կրճատվել 10 տոկոսով, կարծում են Bloomberg գործակալության վերլուծաբանները։
Նրանց գնահատականներով՝ իրադարձությունների նման զարգացումից սպասվող ընդհանուր վնասը համաշխարհային տնտեսության վրա մոտ 10 տրլն դոլար կնստի։ Այս գումարի համեմատ Ուկրաինայի հակամարտության, COVID-19-ի համավարակի եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի տնտեսական հետեւանքները «գաճաճ կթվան»։ Այդքան մասշտաբային հետեւանքների պատճառն այն է, որ Թայվանը առաջատար դիրքեր է զբաղեցնում կիսահաղորդիչների արտադրությունում. Թայվանի TSMC չիպերն արտադրող ընկերության միայն 20 խոշոր հաճախորդների ընդհանուր շուկայական կապիտալացումը կազմում է 7,4 տրլն դոլար։ Բացի այդ, Թայվանի նեղուցը «աշխարհում կարեւորագույն առեւտրային ուղիներից մեկն է»։
Ինչպես հավաստիացնում են Bloomberg-ի փորձագետները, ռազմական սցենարի դեպքում (ԱՄՆ-ի մասնակցությամբ) կղզու ՀՆԱ-ն կկրճատվի 40 տոկոսով, մայրցամաքային Չինաստանինը՝ 16,7 տոկոսով։ ԱՄՆ տնտեսությունը կկորցնի 6,7 տոկոս, իսկ համաշխարհային ՀՆԱ-ն կփոքրանա 10,2 տոկոսով։ Ամենամեծ վնասը կկրեն Կորեայի Հանրապետությունը, Ճապոնիան եւ Հարավարեւելյան Ասիայի այլ երկրներ։ Իսկ ռազմական գործողություններ չլինելու, բայց Չինաստանի կողմից Թայվանի շրջափակման դեպքում կղզու ՀՆԱ-ն կկրճատվի 12,2 տոկոսով, մայրցամաքային Չինաստանինը՝ 8,9, ԱՄՆ-ինը՝ 3,3 տոկոսով, իսկ համաշխարհային տնտեսությունը կկորցնի 5 տոկոս։